Հայկական նախագծերի երեք մոդել
16 տարի առաջ Երեւանում բացվեց «Արտբրիջ» գրախանութ-սրճարանը, որը յուրօրինակ առաքելություն ստանձնեց: «Արտբրիջի» հիմնադիր Շաքե Հավանն իր գործունությունը ծավալում է ոչ միայն բիզնեսի բնագավառում, այլ աջակցում է արվեստագետներին, հրատարակիչներին եւ ընդհանրապես մշակույթի ոլորտում գործող մարդկանց:
«Առավոտի» հետ զրույցում խոսելով «Արտբրիջի» բացառիկության մասին, տիկին Շաքեն նշում է. «Աշխարհում շատ կան նման գրախանութ-սրճարաններ, իսկ երբ բացվեցինք, Երեւանում այն առաջինն էր: Առաջին երեք ամիսներին շատ բարդ էր մեր նկարիչներին եւ ստեղծագործողներին համոզել, որ իրենց ցուցահանդեսներն ու շնորհանդեսները կազմակերպվեն «Արտբրիջում»: Հետո այնպես ստացվեց, որ մենք մեկ տարվա հերթագրություն ունեցանք, որովհետեւ դա սկսեց «աշխատել», քանի որ մենք ավելի դեմոկրատ ձեւով մոտեցանք ամեն ինչին, բոլորը կարող էին ցուցադրվել` եւ կայացած արվեստագետները, եւ երիտասար ստեղծագործողներն ու ուսանողները: Որոշ գործեր վաճառվում էին, որոշ գործեր` ոչ: Ժամանակին ամիսը մեկ էին ցուցահանդեսներ կազմակերպվում, հիմա արդեն` 10 օրը մեկ: Եվ թարմ է եւ հետաքրքիր: Մյուս յուրահատկությունը, որ ուներ «Արտբրիջը» այն էր, որ մշակութային միջոցառումների տոմսեր էին այստեղ վաճառվում: Հիմա տարբեր հաստատություններ դրանով զբաղվում են»:
Ինչ վերաբերում է նշաձողը բարձր պահելուն, «Արտբրիջի» հիմնադրի խոսքով կարեւորը հարգանքն է` աշխատանքի հիմքում, որը եւ հաջողության գրավականն է: «Հարգանք սրճարանի հաճախորդի, արվեստագետի, հրատարակչի, ստեղծագործողի հանդեպ: Մեզ մոտ մեկը մյուսին չի խանգարում, գրախանութի աշխատակազմը տարբեր է սրճարանի աշխատակազմից, իրենց խնդիրներն էլ են լրիվ տարբեր: Տարիներ առաջ բոլորը ասում էին, որ ավելի հեշտ կլինի դրսում սրճարան կառուցելը, բայց ես չէի ցանկանում, որ գրախանութի միջից ճաշի հոտ գա, որովհետեւ գիրքը ուրիշ աշխարհ է: Այժմ անում ենք գրքի շնորհանդեսներ մեր սրճարանում, քանի որ գրախանութը շատ փոքր է: Երբ սկսեցինք, շատ քիչ գրքեր ունեինք եւ բոլորը ծիծաղում էին, թե գրախանութը չի աշխատի, քանի որ մարդիկ գիրք չեն կարդում: Բարեբախտաբար Հայաստանում շատ են կարդում, եւ դժբախտաբար մեր գրախանութը փոքր է ու տարածքի խնդիր ունենք, դրա լուծումն այսպես է` դուք կարող եք գալ, մենք ձեր ցանկացած գիրքը ձեզ մատուցենք, քանի որ գրքերը շարված չեն պահարանում: Մենք ի սկզբանե էլ գիրքը մատուցել ենք, դա բիզնեսի ու մշակույթի նուրբ սահմանը պահելու համար է: Մենք գիրք չենք հրատարակում, բայց հեղինակներին շատ ենք հարգում, եւ ներկայացնում ենք: Բիզնեսը եւ մշակույթը պետք է նրբորեն ներդաշնակվեն: Բոլոր ստեղծագործողներն ուզում են, որ իրենց գործերը շատ մարդիկ տեսնեն, դրա համար շնորհանդեսներ են կայանում, նկարներ են վաճառվում: Մենք փորձ ունենք նուրբ կետը ապահովելու համար, որ ներկայացնենք արվեստագետին, հնարավորություն ստեղծենք նրան ճանաչելու»,-ասում է նա:
Կարդացեք նաև
Իսկ ի՞նչ է տալիս նման հաստատությունը երկրին եւ ինչը կարող է խանգարել, որ «Արտբրիջ» գրախանութ-սրճարանն ընդարձակի իր գործունեությունը: «Գուցե ռոմանտիկ եմ մտածում, բայց չեմ կարծում, թե այսօր խնդիր կա, տալն ու ստանալիքն էլ հարաբերական է, մինչեւ մի բան չտաս, չես ստանա: Ես մեզ համարում եմ հնարավորություն ստեղծող եւ նոր մշակույթի կրող: Այն, որ «Արտբրիջը» ստեղծվել է 16 տարի առաջ, եւ այժմ իրեն ընդօրինակել են, ուրեմն ինքը լուրջ դեր է խաղացել: 16 տարի է, մենք նաեւ օրաթերթեր ենք գնում: Ժամանակին 8:30-ին ծաղիկ կարող էիր գնել, բայց ոչ մի տեղ այդ ժամին թերթ չէիր կարող գնել: Մենք աշխատում ենք 8:30-ից մինչեւ գիշերվա 12-ը: Եթե թերթի կրպակը բաց չլինի վաղ առավոտյան, մարդիկ այստեղ կարող են սուրճ վայելել եւ թերթ կարդալ ու գնալ աշխատանքի: Ճիշտ է, այսօր ինտերնետով էլ կարելի է լուրերին հետեւել, բայց ես տեսնում եմ, որ շատերը գալիս թերթը վերցնում են, հեռախոսով էլ մյուս լուրերին են հետեւում: Սա էլ նոր մտածելակերպ է, մենք լրացնում ենք: Գիրքը պատրավոր չեք գնել, կարող եք գալ եւ թերթել: Մենք ունենք նաեւ գիրք փոխանակելու հնարավորություն: Հաճախորդները տանում են գիրքը, դրա փոխարեն կարող են հաջորդ օրը ուրիշ գիրք բերել: Մենք շատ չենք գովազդում, բայց նաեւ նման հնարավորություն ենք ընձեռում: Որոշ օգտագործված գրքեր էլ ենք գնում, որպեսզի երիտասարդները կարողանան դրանք գնել ավելի մատչելի: Բիզնեսն ու մշակույթը շատ նուրբ պետք է հարաբերվեն: Չեմ կարծում թե խանգարող հանգամանքներ կան: Օրենքը օրենք է, միայն «Արտբրիջի» համար չէ: Օրենք չիմանալն էլ մեր խնդիրը կլինի, ոչ թե պետական մարմնինը: Մեզ մոտ այցելում են տարբեր տարիքի մարդիկ ու տարբեր ժամերի, մենք փորձում ենք բոլորի հանգիստն ապահովել: Գուցե ոմանք բիզնեսի տեսակետից ճիշտ չհամարեն, որ մի հոգին կարող է մեկ սուրճ վերցնել ու չորս ժամ անցկացնել մեզ մոտ, «Արտբրիջը» նման խնդիր իր առաջ չի դնում; Ինչպես արդեն նշեցի, մենք հարգում ենք բոլոր հաճախորդներին»,- նշում է Շաքե Հավանը:
«Գրախանութի հիմնադրման օրից, ես գիտեի, որ համարձակ քայլ եմ անում»
«Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանն էլ իր պատմությունն ունի: Այն հիմնադրվել է 2010 թ.-ին: Այն իր առաջ խնդիր է դրել` համաշխարհային եւ հայկական գրական ժառանգության տարածումը Հայաստանում:
«Առավոտի» հետ զրույցում «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանի հիմնադիր Սամվել Հովհաննիսյանը նշում է. «Գրախանութի հիմնադրման օրից, ես գիտեի, որ համարձակ քայլ եմ անում եւ միգուցե բիզնես իմաստով այն իրեն չարդարացնի, սակայն Երեւանցիները եւ քաղաքի հյուրերն ավելի քան ջերմ ընդունեցին նոր գրախանութի հայտնվելը քաղաքում: Արդեն 7 տարի է անցել, բայց մեզ դեռ շնորհավորում են բացման առթիվ (ժպտում է-Գ.Հ): Բացառիկ լինելու խնդիր մենք երբեք չենք դրել, սակայն դրել ենք խնդիր` լինել տարբեր, նոր ու քաղաքի լարված ռիթմին անսովոր հանգիստ ռիթմով սթափեցնել: Հուսով ենք մեր օրինակը վարակիչ կլինի եւ նման վայրեր էլի կբացվեն»:
«Բյուրոկրատը» մտավորականների, արվեստագետների եւ քաղաքի հյուրերի սիրված վայրերից մեկն է, մշակութային միջոցառումների ու հանդիպումների խաչմերուկ: Վերջերս նաեւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր այցելել «Բյուրոկրատ» ու գրախանութի հիմնադիր Սամվել Հովհաննիսյանի հետ քննարկել գրահրատարակչական ոլորտի խնդիրները, ինչպես նաեւ գրախանութի զարգացման հեռանկարները. մասնավորապես գրախանութի ընդլայնման, մանկա-պատանեկան զարգացնող գրքերի ու դրանց հետ կապված խաղերի կենտրոնի ստեղծման, ընթերցանության խրախուսման եւ այլ հարցեր: «Նախարարը հաճելիորեն զարմացավ մեր տիպի գրախանութի առկայությամբ, իսկ մենք էլ հաճելիորեն զարմացանք, թե ինչպիսի բանիմաց նոր նախարար ունենք» ,-կարդում ենք «Բյուրոկրատի» ֆեյսբուքյան էջում:
Հավելենք, որ մշակույթի նախարարը կարեւորել է ժամանցը և գրականությունը համատեղելու համար Երևանի տարբեր հատվածներում նոր գրախանութների ու գրադարանների բացումը: «Դրանք կծառայեն որպես ընտանեկան հանգստի վայրեր, ժամանցի կենտրոններ, որտեղ հնարավոր կլինի գնել գրենական պիտույքներ, տարբեր հետաքրքիր խաղալիքներ և այլ առարկաներ, սակայն ուշադրության կենտրոնում կլինի գիրքը»,- կարծիք է հայտնել նախարարը, որն այդ նպատակի իրականացման համար պատրաստվում է համագործակցել մասնավոր կազմակերպությունների հետ:
Հայկական Լոֆթի դիմագիծը
Նախկին խորհրդային տարածքի որոշ երկրներում, մասնավորապես Ուկրաինայում loft նախագծերը լայն ճանաչում ունեն: Լոֆթը բազմաֆունկցիոնալ հարթակ է, որը նախատեսված է ինքնուրույն և առողջ ապրելակերպի, ինքնազարգացման և ժամանցի համար: Երևանում «Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնը բացվել է 2014-ին, անգամ երկրի նախագահն է ներկա եղել բացմանը:
«Լոֆթի»տնօրեն Արեւիկ Համբարձումյանից հետաքրքրվեցինք` «Լոֆթը», իբրեւ տեսակով բացառիկ հաստատություն, ի՞նչ է տալիս մեր երկրին:
«Գործունեության երկու տարիների ընթացքում հասկացանք, որ նախևառաջ «Լոֆթի» հիմնական՝ ինքնազարգացմանը միտված առաքելություններն ու նպատակները արդարացվում են երիտասարդների, գործարարների, հանրության նեղ և լայն մասսաների շնորհիվ և անմիջական մասնակցությամբ: Այն այսօր արդեն իսկ շատերի համար հավաքվելու, մտքեր կիսելու, գաղափարներ իրականացնելու, որպես անհատ ձևավորվելու տեղն է: «Լոֆթն» իրապես դարձավ այն հարթակը, որը մի կողմից աջակցում է մեր երկրում ծնված եւ աճող գաղափարներին, մյուս կողմից հանդես գալիս իր սեփական նախաձեռնություններով և իրադարձություններով… Այն, որ մարզային զարգացման մեր ծրագրերին առաջինն արձագանքում են մարզի երիտասարդները և ոգևորում մեզ իրենց անմիջական մասնակցությամբ, արդեն հուշում է, որ «Լոֆթը» պահանջված է Հայաստանի տարբեր անկյուններում»,-ասում է տնօրենը:
Իսկ կա՞ որեւէ խոչընդոտ կամ խնդիր, որ այն ավելի արդյունավետ գործի: «Խոչընդոտ, որպես այդպիսին, չկա, քանի որ, որպես սոցիալական տարրեր պարունակող ֆունկցիոնալ կենտրոն, «Լոֆթ»-ն ի սկզբանե դիտարկվել է ռիսկերի տեսանկյունից։ Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ էլ ավելի նպաստավոր պայմաններ կարող են առաջ գալ կենտրոնի զարգացման համար, եթե այլ ներդնողներ գնահատեն «Լոֆթի» առաջխաղացումը, և իրենց ներդրմամբ մասնակցեն վերջինիս զարգացմանը։ Քանի որ մենք Հայաստանում «Լոֆթի» ընդլայնման հստակ պլան ունենք («Լոֆթ»-ն արդեն գործում է նաև Գյումրիում, առաջիկայում նաև Վանաձորում ) եւ մեր առջև խնդիր ենք դրել մայրաքաղաքից ողջ ուժերն ուղղել դեպի մարզեր, ուրեմն անչափ կարևոր են դառնում տարբեր ձևաչափերի բիզնես ներդրումները․․․Դրանք կարող են իրականացվել անհատի, մասնավոր բիզնես սեկտորի, ֆոնդերի և այլ ձևաչափի կառույցների անմիջական ներդրողական մասնակցությամբ: Այսօր մենք մեծ կարևորություն ենք տալիս «Լոֆթ» ցանցի տարածաշրջանային զարգացմանը ՝մասնավորապես երիտասարդների ու պատանիների ՝ հավասար զարգանալու , որակյալ ժամանց և ալտերնատիվ կրթություն ստանալու հնարավորություն ստեղծելուն: Վստահ եմ, որ կգտնվեն այնպիսի անհատներ, ում համար այս բիզնես մոդելը հետաքրքիր կլինի, փոքր ներդրումներով մենք կկարողանանք անգամ հեռավոր մարզերում ստեղծել առողջ միջավայր, գտնել նոր տաղանդներ, աջակցել start- up նախաձեռնություններին»,-հավելում է մեր զրուցակիցը: Երբ նոր էին սկսում, հավատո՞ւմ էին, որ իրենց հաճախ հեղափոխական թվացող նախաձեռնությունները կյանքի կկոչվեն: Ի պատասխան այս հարցի, Արեւիկ Համբարձումյանը նշում է. «Լոֆթն» իր տեսակով բազմաշերտ նախագիծ է․ այն չէր կարող հենց այնպես՝ առանց հիմնական խթանների, նվիրվածության և հավատի այդքան արագ կերպով դառնալ այնքան հաջողված, որքան հիմա է: Եղել են դեպքեր, երբ որևէ խոշոր նախագիծ իրականացնելուց առաջ բազմաթիվ քննարկումներ, բանավեճեր են ծավալվել, իրագործելու ճանապարհները մշակվել են մի քանի ուղղությամբ, աշխատել ենք 24 ժամ, բայց մեկ րոպե անգամ չենք կասկածել, որ դրված նպատակը կարող է չհաջողվել․․․ Թե որքանով են դրանք «հեղափոխական», քննարկելի հարց է, բայց այն, որ «Լոֆթը» համարձակություն ու եռանդ է ունեցել իրագործելու նախագծեր, որոնք ի սկզբանե թվացել են բարդ և անհնարին, հաստատ է: «Լոֆթն» ինքնին պատկերացումներ ու կարծրատիպեր փոխող, մտածողություն ձևավորող նախագիծ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ