Հայությունը ցնցվեց ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանական զինուժի կողմից հայկական բանակի զինվորների գլխատման դեպքերով, բայց իրականում այդ բարբարոսության նախատիպն ավելի քան վաղեմի է: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսելով 1988թ. փետրվարի 27-29-ը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի սպանդի եւ տեղահանության մասին՝ ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա փաստմամբ՝ միջազգային հանրությանը չեն ներկայացվել այն մեթոդները, որոնցով խոշտանգել ու սպանել են հայերին: «Երբ ապրիլի երկուսին տեսանք մեր զինվորի գլուխը կտրած խրախճանք անողներին, ՀՀ-ում շատերը ցնցվեցին: Ստիպված եմ ասել, որ դա աննախադեպ դեպք չէր: Դա արդեն եղել է Սումգայիթում, նկարագրված է ականատեսների ցուցմունքներում: Դա հետընթաց է՝ քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն, եւ որը բնորոշ է ցեղասպան քաղաքականությունը որդեգրած գործիչներին»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ փաստագրական նյութերը բազմաթիվ են այն մասին, որ դեռեւս Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի հանդեպ կիրառվել են նույն՝ բարբարոս մեթոդները: Տիկին Ալավերդյանն արդեն 29 տարի՝ ՀՀ կառավարության ուշադրությունն է հրավիրում հետեւյալ հարցի վրա. «Հասկանալի չէ՞, որ Սումգայիթում սպանվածների ընտանիքները պետք է ունենան հատուկ կարգավիճակ: Նրանք ազգային-ազատագրական շարժման առաջին զոհերն են, բայց նրանց ընտանիքները չունեն հատուկ կարգավիճակ, որպեսզի ապահովվեն նրանց սոցիալական հարցերը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ