Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց Ադրբեջանի դեսպանատան դիմաց. Նիդերլանդների ԱԳ նախարարությանը նամակ է հանձնվել

Փետրվար 28,2017 14:40

ՀԱԱԳԱ: Փետրվարի 27-ին ‘ հերթական անգամ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները, հզոր ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության առջև՝ հիշատակելով 1988 թվականի Սումգայիթի և այլ քաղաքների զոհերին։ Արդեն ավանդույթ դարձած այս ցույցը այսօր էլ տեղի ունեցավ և չնայած եղանակի սաստիկ անբարենպաստությանը, նորից բազում հայորդիներ Հաագա եկան բողոքի հզոր ձայն բարձրացնելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հանդեպ։

Նախ Նիդերլանդների արտգործնախարարությունում Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունների պատվիրակությանը ընդունեց նախարարության Եվրոպայի երկրների բաժնի փոխտնօրեն՝ Ադրիան Պալմը։ Պատվիրակությունը նրան հանձնեց Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունների նամակը ուղղված Նիդերլանդների արտգործնախարար Կունդերսին։

Այնուհետև բովանդակալից զրույց տեղի ունեցավ, որի ընթացքում բազմաթիվ կարևոր հարցեր քննարկվեցին և հոլանդահայության մտահոգությունները փոխանցվեցին նրան Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին, որտեղ հակամարտությունը նորից բռնկվել է։ Նամակում նշված է, որ Նիդերլանդների կառավարությունը պետք է իր ներդրումն ունենա պատերազմը կանխելու և պետք է ջանք չխնայի, սեփական կամ ԵՄ մակարդակով հասնելու հակամարտության քաղաքական և խաղաղ լուծման համար: Մասնավորապես շեշտվեց այն հանգամանքը, որ Նիդերլանդների կառավարությունը ամեն ջանք պետք է ներդնի արդի իրավիճակի արդարացի գնահատման համար, որովհետև խաղաղ հանգուցալուծման ամեն մի փորձ կապված է հրադադարի պահպանմամբ, որն այսօր խախտվում է Ադրբեջանի կողմից, բայց որի գնահատականը չի տրվում միջազգային հասարակայնության կողմից։ Նամակում շեշտված է, որ պետք է հրապարակայնորեն դատապարտել (շարունակել դատապարտել) ադրբեջանական ագրեսիան և բացահայտ ռասիզմի դրսևորումները Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Նիդերլանդացի դիվանագետը խոսեց իր երկրի, այս հարցում քաղաքականություն վարելու սահմանափակումների մասին, միաժամանակ հույս հայտնեց, որ հնարավորը կարվի ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու համար։ Պատվիրակությունը նաև հարց բարձրացրեց բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Նիդերլանդների դիրքորոշման մասին։ Նշվեց նաև որ վերջերս Ադրբեջանը պահանջել է եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորի արտահանձումը։ Ինչպիսին է լինելու Նիդերլանդների դիրքորոշումը եթե Ադրբեջանը պահանջի արտահանձնել հոլանդացիներին։

Հոլանդահայության ցույցն սկսեց «Խաղաղության պալատի» մոտակայքից։ Հզոր վանկարկումներով ցուցարարները անցնելով Հաագայի փողոցներով հասան Ադրբեջանի դեսպանություն, որտեղ կոչերն ավելի հզորացան։ Ուժեղ անձրևը և քամին ոչ մի պահ չխանգարեց, որ մոտավորապես մեկ ժամ հանրահավաքը շարունակվի։ Եղան տարբեր լեզուներով ելույթներ և կատարումներ նույնիսկ տարիքով ամենակրտսեր մասնակցի կողմից։

Այսպիսով մեկ անգամ ևս հոլանդահայությունը ապացուցեց, որ հազարավոր կիլոմետրեր հայրենիքից հեռու նա այդուհանդերձ կանգնած է հայրենիքը պաշտպանող իր զինվորի կողքին։

 

Նիդերլանդական Օրագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728