Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը թարմացնում է Օսկանյանի հիշողությունը. «Դեմ լինելը լինում է մեկ ձեւով՝ հրաժարական տալով»

Փետրվար 28,2017 14:07

Օրերս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը լրագրողների հարցին՝ ձեր ժամանակ, երբ նախարար էիք, քաղբանտարկյալներ չկայի՞ն՝ պատասխանել էր. «Իմ ժամանակ, եթե կային, դատապարտելի է: Ինձ հիշեցրեք, ես չեմ հիշում, եթե անուններ տաք, կարող է ասեմ: Եթե եղել են, վստահ եղեք, որ ես դեմ եմ եղել էդ բոլորին»:

Aravot.am-ի հետ զրույցում Օսկանյանի պաշտոնավարման ժամանակ քաղբանտարկյալ դարձած Ալեքսանդր Արզումանյանը թարմացրեց պարոն Օսկանյանի հիշողությունը. «Ինքն ասաց, թե չեմ հիշում՝ իմ ժամանակ եղե՞լ է քաղբանտարկյալ, թե՞ չէ: Ես խորհուրդ կտայի, որ նա ընթերցեր Պետքարտուղարության Մարդու իրավունքների տարեկան զեկույցները: 2003-ին, երբ նախագահական ընտրություններ էին, երկու փուլերի արանքում, ըստ Պետքարտուղարության, եղել է 200-ից ավելի բերման ենթարկված, որոնցից 35-ը ստացել է վարչական կալանք: 2004-ի ապրիլյան դեպքերը թող հիշի, որոնցից հետո նույնպիսի զեկույցներ եղան: Արման Բաբաջանյանին թող հիշի՝ որպես քաղբանտարկյալ, Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին, ինձ: Դա դեռեւս 2007-ին էր, էլ չեմ ասում Մարտի 1-ի դեպքերից հետո, ինքը պաշտոնավարել է մինչեւ նոր կառավարության նշանակումը, որը ապրիլի 9-ին նոր ստանձնել է նախագահը:

Այդ բոլոր հազարավոր բերման ենթարկվածները, հազարավոր կշտամբանքները, հազարավոր ապօրինի խուզարկումները, մի քանի հարյուր ձերբակալությունները եղել են իր օրոք: Դրա մասին չհիշելը կասկած է առաջացնում, որ ինքը կարող է ադեկվատ ներկայացնել իր ընտրողին Ազգային ժողովում»:

Մեր հարցին՝ Վարդան Օսկանյանն ասում է, որ եթե եղել են քաղբանտարկյալներ, ինքը դեմ է եղել, Դուք իր այդ դեմ լինելը զգացե՞լ եք որեւէ կերպ՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Դեմ լինելը լինում է մեկ ձեւով՝ հրաժարական տալու տեսքով, ուրիշ դեմ լինել չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728