Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը կես մլն դոլար է տվել մի ԾԻԳ-ի պահպանման ծախսի համար ու այդ ԾԻԳ-ը վերացրել է

Փետրվար 28,2017 13:59

Այսօր ԱԺ-ում Ասիական զարգացման բանկից վերցրած հերթական վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի հետ կապված քննադատեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Նա ասաց, որ 253 մլն դրամ է հատկացվել՝ նախագծային աշխատանքների համար միայն. «Այդ ծրագրի համար Հայաստանն արդեն վերցրել է 1.5 մլն եվրո գումար, մինչդեռ նախագծային աշխատանքները առ ոչինչ են դարձել, քանի որ կառավարության որոշմամբ այդ ԾԻԳ-ը, որը նախապատրաստում էր այդ աշխատանքը, այլեւս գոյություն չունի, անհետացավ»: Նա փոխնախարար Արթուր Առաքելյանին հարցրեց՝ պատասխանատվություն լինելո՞ւ է, թե՞ ոչ:

Փոխնախարարը պատասխանեց, որ շուրջ վեց տարի առաջ այդ ծրագրի համար ստեղծվել է ՓԲԸ՝ փոքր աշխատակազմով, որի խնդիրներից է եղել նաեւ Իրան-Հայաստան երկաթուղային ծրագրի իրականացումը. «Որեւէ վատնման կամ ձախողման մասին որեւէ կարծիք չեմ կարող հայտնել, միանշանակ կարող եմ ասել, որ այդ փոքրիկ աշխատակազմը կատարել է իր վրա դրված պարտավորությունները՝ կնքվել է կոնցեսիոն ներդրումային պայմանագիր, մշակվել է տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրություն, ներկայացվել է այն եւ այն ուղղված է ինվեստիցիաների ներգրավմանը: Բոլորս գիտենք, որ բարդ տարածաշրջանում բարդ ծրագիր ենք փորձում իրականացնել, ընդ որում՝ առանց վարկի ներգրավման եւ առանց ՀՀ պետբյուջեի մասնակցության»:

Արթուր Առաքելյանն ասաց, որ ծրագիրը շարունակվում է. «Մենք երբեք չենք խոսել այն մասին, որ այդ ծրագիրը հեշտ իրականացվելի է: 253 մլն-ը, որպես պահպանման ծախս տրամադրվել է այդ ՓԲԸ-ին, ինքը իր վրա դրված խնդիրները կատարել է: Ընդամենը օպտիմիզացիայի հետեւանքով այդ գործառույթը տեղափոխվում է նոր ստեղծվող Տրանսպորտի ԾԻԳ կազմակերպության գործառույթների մեջ: Մենք չենք հրաժարվում այդ ծրագրից»:

Արամ Մանուկյանը զարմացավ՝ կես մլն դոլար այդ ընկերության պահպանման ծա՞խսն է կազմել, ի՞նչ են արել դրա դիմաց. «Ներկայացրեք, կամ դուք թաքցնում եք, կամ ձախողել են: Եթե լուրջ ուսումնասիրություններ են արել, կխնդրեմ հակիրճ տարբերակը, ես ծանոթանամ»:

Փոխնախարարը խոստացավ տրամադրել ողջ ուսումնասիրությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728