«Ծառուկյան» դաշինքն արդեն մշակել է 15 առաջնահերթ քայլեր, որոնք իրականացվելու են անհապաղ, եթե դաշինքն առաջիկա ԱԺ ընտրություններում ստանա ձայների մեծամասնություն եւ ինքնուրույն կազմի կառավարությունը: Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց դաշինքի թեկնածու, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Մենք դա միայնակ չենք անելու, ապագա կոալիցիայում լինելու են դաշնակիցներ, բայց եթե դաշինքն ունենա ինքնուրույն կառավարություն կազմելու հնարավորություն, մի քանի ամսում մենք իրականացնելու ենք այդ քայլերը»,-նշեց նա:
Մելքումյանը տեղեկացրեց, որ դաշինքի ծրագիրը կներկայացվի քարոզարշավի մեկնարկին. «Պետք է վերադարձնել երկրից հեռացածներին, տալ արժանապատիվ թոշակ, աղքատությունը մեղմացնել, իսկ դրա լուծումը կա»:
«Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չկազմի՞» հարցին Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Այդ ծրագրերի հիմքում գիտական վերլուծությունն է եւ Գագիկ Ծառուկյանի կենսափորձը. «Այն, որ վերջին քսան տարում նա զրոյից հասել է այս երկրում հաջողության: Հիմքում դրված է նաեւ քաղաքական կամքը…Իշխանատենչ չենք, բայց եթե կարողանանք մնալ ոչ իշխանություն՝ երկրորդ ուժ, եւ կետերի մի մասը ստիպենք իրականացնել կառավարությանը, դա կբխի ժողովրդի շահերից»:
Կարդացեք նաև
Պատգամավորը կանխատեսումներ չարեց, թե խորհրդարանում քանի տոկոս կստանա «Ծառուկյան» դաշինքը. «Գնում ենք հաղթելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ