Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցները սպասում են Բաքվի պատասխանին բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպելու համար: Այս մասին RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը՝ նշելով, որ ավելի վաղ Ադրբեջանում իսրայելական և ռուսական դեսպանատները բլոգերին տեսակցելու վերաբերյալ դիմում էին ներկայացրել:
Փաստաբանը հայտնել է, որ նախօրեին տեսակցել է Լապշինին և հավելել, որ դատական գործընթացի սկսվելու ժամկետների մասին առայժմ տեղեկատվություն չկա:
Չերնինը նաև մեկնաբանել է Բաքվում կնոջ հետ Լապշինի հնարավոր հանդիպման մասին հաղորդագրությունները: «Դա դեռ հարցականի տակ է»,- ասել է զրուցակիցը:
Ավելի վաղ Բաքվում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Դենիս Ապաշկինը գործակալությանը հայտնել էր, որ հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից Լապշինի հերթական այցելությունը կկայանա համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, որի մասին ռուսական կողմն արդեն դիմել է Ադրբեջանի իշխանություններին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ