«Որոշ պսեւդո-գործիչներ, որոշ անձինք որոշակի տգեղ գնահատականներ են տալիս ԲՀԿ-ի որոշ քվեարկությունների ՝ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի հետ: Այդ տգետների համար ուզում եմ, որ ականջներով լսեն եւ հասկանան ինչի մասին է խոսքը»,- Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա ասաց. «Մենք կողմ ենք քվեարկել՝ բացառությամբ պարտադիր կուտակային վճարներին, մենք կողմ ենք քվեարկել կամավոր ինստիտուտին, կամավոր բաղադրիչին»:
Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ 2013-ին ԲՀԿ-ն ակտիվորեն մասնակցել է Սահմանադրական դատարան դիմելու գործընթացին. «Հենց Սահմանադրական դատարանում ներկայացվել են մեր բոլոր մտահոգությունները եւ հարցադրումները, որոնք միտված են եղել նրան, որ այս համակարգի կիրառությունը մենք համարել ենք ժամանակավրեպ»:
Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ իրենք դեմ են եղել, որ այս փուլում սա իրականացվի. «Եթե ինչ-որ մարդիկ ուզում են դիվիդենդներ շահեն, որ նսեմացնեն այն սկզբունքային դիրքորոշումը, որ մեր խմբակցությունն ունեցել է այդ տարիներին, մենք միանշանակ մերժում ենք»:
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն ընթերցեց 2010-ի դեկտեմբերի 30-ին հաստատված օրենքի եզրափակիչ դրույթների երկրորդ կետը, որտեղ ասվում է՝ սույն օրենքով պարտադիր կուտակային վճարներ կատարելու դրույթներն ուժի մեջ են մտնում 2014-ի հունվարի 1-ից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ