Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հերթական հարձակումը կլինի Ղարաբաղից հարավ և հյուսիս ընկած ուղղություններով». Ռիչարդ Կիրակոսյան

Փետրվար 28,2017 13:12

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը մտահոգված է, որ ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնում Ադրբեջանին հերթական հարձակումը նախաձեռնելիս: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը նա փաստեց. «Ցավոք, հարցը ոչ թե այն է, թե կլինի՞ ռազմական սրացում, այլ թե այն ե՞րբ կլինի»:

Պարոն Կիրակոսյանը կարծիք հայտնեց, թե արևմտյան կողմը քիչ լծակներ ունի ազդելու Ադրբեջանի վրա ազդելու. «Այս անգործությունը և Ադրբեջանի նկատմամբ ճնշման բացակայությունն ավելի է սաստկացնում նրա գործողությունները: Պաշտոնական Մոսկվայից պետք է ավելի միակողմանի ջանքեր ակնկալել: Հերթական ռազմական սրացումը շահեկան չէ Մոսկվայի համար, բայց, ցավոք, Ռուսաստանն է, որ ստիմուլացնում է Բաքվին»:

ՌԴ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը նշեց, թե ղարաբաղյան հակամարտության լուծումն այս պահին գերտերությունների օրակարգային հարց չէ. «Մոսկվան բարդ պարագայում է, նա ունի հատուկ վերաբերմունք Երևանի և Բաքվի հետ»:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հակադարձեց. «Հայաստանին և Ադրբեջանին պետք չէ դնել նույն հարթության վրա: Հայաստանը ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամ է, բայց Ադրբեջանը չի անդամակցության այդ կառույցներին: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, Ադրբեջանը՝ ոչ»:

Ալեքսանդր Սկակովը շտապեց հստակեցնել, թե բոլոր հարաբերությունները գործընկերների և Մոսկվայի միջև տարբեր են: Նա հորդորեց տարբերել համակիր և գործընկեր հասկացությունները. «Համակիրներին պարտավոր ենք պաշտպանել, ինչը պարտադիր չէ գործընկերների պարագայում»: Նա շեշտեց այն փաստը, որ Հայաստանն ունի Իսկանդեր, ուստի հավասարակշռությունը վերականգնել է:

Aravot.am-ի հիշեցրեց, թե «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը նշել է, թե կան տեղեկություններ այն մասին, որ ապրիլին ադրբեջանական կողմը կարող է նոր հարձակում սկսել ԼՂ դեմ, և միևնույն ժամանակ՝ զգուշացրել, որ եթե ինչ-որ մեկն ապրիլին պատերազմ սկսի, կարող է դառնալ «Իսկանդերի» թիրախ: Հարցին՝ ապրիլյան սրացումներ կանխատեսո՞ւմ են, Ռիչարդ Կիրակոսյանը, հղում կատարելով ապրիլյան իրադարձություններին, նշեց, թե այն ժամանակ Հայաստանը համարժեք արձագանք չտվեց. «Կարելի է ասել, որ ապրիլյան պատերազմը վերջին տասնամյակներում առաջին լուրջ հաջողությունն էր: Մինչև ապրիլ Ադրբեջանը հարձակվում էր հարձակվելու համար, իսկ ապրիլին խնդիր էր դրված հարձակվել ու գրավել տարածքներ: Վերջին՝ փետրվարյան հարձակումը, թեստ էր. դա նախապատրաստություն էր հերթական հարձակմանը: Ռազմական տեսանկյունից մեծ հարձակման համար ապրիլն ամենահամապատասխան ժամանակահատվածն է, քանի որ նախ՝ եղանակային պայմանները լավ կլինեն և Ւսրայելից և Ռուսաստանից սպասվում են նոր զինատեսակներ: Հարձակումը չի լինի ՀՀ ընտրություններից առաջ, քանի որ այդ դեպքում դա կլինի մեծ նվեր ՀՀԿ-ի համար: Իսկ ընտրությունից հետո կատարված հարձակումը կլինի առաջին թեստը նոր ընտրված խորհրդարանի համար: Հաջորդ հարձակումը Ադրբեջանի կողմից կլինի ոչ Ղարաբաղի դեմ, այլ կլինի Ղարաբաղից հարավ և հյուսիս ընկած ուղղություններով»:

Նույն հարցի կապակցությամբ պարոն Սկակովը ասաց, թե փաստ է այն, որ հարձակումն անպայման կլինի, իսկ ժամկետները երկրորդական են. «Առաջիկայում նման սրացման հիմնավոր պատճառներ չկան: Պահպանված է նաև ռազմական հավասարակշռվածությունը»:

Ստեփան Գրիգորյանը հորդորեց. «Մենք ցանկացած պահի պետք է սպասենք ռազմական գործողությունների: Ադրբեջանը պատերազմում է բոլոր ուղղություններով՝ Լապշինի, Եվրախորհրդարանի պատգամավորների հետ կապված հարցերը շատ լուրջ խնդիրներ են: Սա իզոլյացիա է ԼՂ նկատմամբ, շանտաժ այն մարդկանց նկատմամբ, որոնք կայցելեն Արցախ»:

Ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Ադրբեջանն իրականում այնքան էլ չի մտածում իր կողմից ունեցած մարդկային կորուստների մասին, այլ իրականում ադրբեջանական կողմն իր գործողություններով փորձում է պարզել, թե որքանով է լավ զինված հայկական կողմը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728