Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Այն, որ հակառակորդը պատրաստվում է պատերազմի՝ երկու կարծիք չի կարող լինել». «Հայոց աշխարհ»

Փետրվար 28,2017 12:58

Խորհրդարանական հերթական քառօրյայի մեկնարկին հայրենի քաղաքական ուժերի արծարծած հիմնական հարցադրումներից մեկը փետրվարի 24-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական դիվերսիոն գործողությունն էր։«Հայոց աշխարհի» հարցերին պատասխանում է ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ։

-Իրավիճակն իսկապես մտահոգիչ է. օր չկա, որ շփման գծում հրադադարի խախտումներ չլինեն, զոհեր չլինեն։ Վերջին դիվերսիոն հարձակումները ձեռնարկվել են միանգամից երկու ուղղությամբ՝ փորձել են մտնել պաշտպանական դիրքեր, խորանալ եւ այլն։ Անպայման չէ՝ լայնածավալ պատերազմ լինի, հրթիռներ կիրառվեն, որ ասենք՝ իրավիճակն արտասովոր լարված է։ Այն, որ հակառակորդը պատրաստվում է պատերազմի՝ երկու կարծիք չի կարող լինել։

-Ձեր կուսակից Արթուր Աղաբեկյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ պետք չէ ժողովրդին վախեցնել պատերազմով։ Անընդհատ խուճապային տրամադրություններ տարածելով՝ արջի ծառայություն չե՞նք մատուցում պաշտպանության բանակին։

-Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը վախենում է պատերազմից։ Ապրիլին մեր ժողովուրդը ցույց տվեց, չէ՞, որ չի վախենում։ Կարծում եմ, այդ հին կարծրատիպերը՝ վախեցնել եւ այլն, այսօր չեն աշխատում, որովհետեւ վախեցողը վաղուց արդեն վախեցել է, վախն էլ բռնվել է։

Մենք գիտենք՝ ինչ հակառակորդի հետ գործ ունենք, եւ շատ լավ հասկանում ենք՝ եթե խուսափում են բանակցություններից, ուրեմն պատերազմ են ուզում եւ պատերազմի են պատրաստվում։ Սա մարտահրավեր է, որ պետք է ազգովի հաղթահարենք՝ մեր ռեսուրսները համապատասխանեցնելով այդ սպառնալիքներին։

-Ի՞նչ եք կարծում՝ բանակցությունները որեւէ հեռանկար այս փուլում ունե՞ն։

-Իրենց գլխավոր խնդիրը միշտ եղել է՝ հնարավորինս խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացին, որովհետեւ հասկանում են՝ տրամաբանությունը, որով ընթանում են բանակցությունները, իրենց ձեռնտու չէ։ Սա միանշանակ է։ Եթե գնում են բանակցությունների՝ որեւէ բան չզիջելով, սա ամենապերճախոս ապացույցն է, որ գործ ունենք անբանակցելի կողմի հետ։

Ի՞նչ է այսօր պատրաստվում զիջել Ադրբեջանը։ Ո՛չ մի բան։ Բաքվի հայտարարությունը, թե պատրաստ են Ղարաբաղին ամենաբարձր ինքնավարություն «շնորհել», ուղղակի ծիծաղելի է։ Նրանք չեն պատրաստվում որեւէ բան զիջել, իսկ բանակցությունները զիջում են ենթադրում։ Այս իրավիճակում, բնականաբար, ամեն ինչ պետք է անեն, որ բանակցությունների խափանման պատասխանատվությունն իրենց վրա չընկնի, այլապես կհայտնվեն շատ լուրջ ճնշումների տակ։ Եթե մի օր վեր կենան ու ասեն՝ կոնֆլիկտը ոչ թե խաղաղ միջոցներով ենք ուզում լուծել, այլ պատերազմի միջոցով, կհայտնվեն մարգինալ դաշտում՝ միջազգային մեկուսացման մեջ, եւ կընկալվեն որպես ագրեսոր պետություն, որը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։

Վերջին տասնամյակների հիմնական ձեռքբերումներից մեկն այն է, որ միջազգային հանրությունը հստակ արձանագրել է՝ տարածքային վեճերը, էթնիկ հակամարտությունները պետք է լուծվեն փոխադարձ համաձայնության, խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Եթե սա խախտվում է՝ խախտվում է միջազգայնորեն ընդունված կարգուկանոնը, եւ Ադրբեջանը չի ուզում իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը։ Եվ, տեսեք՝ ինքը հարձակվել է, բայց ասում է՝ ե՛ս չեմ հարձակվել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728