Կանխատեսվում էր, որ Խոջալուի իրադարձությունների նախօրեին Ադրբեջանը «ինչ-որ բան է» ձեռնարկելու ռազմաճակատի շփման գծում. այս անգամ նման նպատակադրումը չար կատակի դեր խաղաց պաշտոնական Բաքվի համար։
Խոջալուի դեպքերից մեկ օր առաջ՝ փետրվարի 24-25-ի գիշերը, միանգամից երկու՝ Ակնայի ու Մարտունու ուղղություններում ձեռնարկած լայնածավալ դիվերսիաները ծանր հարված հասցրին ոչ թե Արցախին, այլ հենց Ադրբեջանին։
Մարտունու ուղղությամբ ադրբեջանցիների կորուստներն այնքան մեծ էին, որ հակառակորդի շարքերում խուճապ առաջացավ, որը նման էր ապրիլին մեր զորքերի հակահարձակման անցնելուց հետո առաջ եկած անկումային տրամադրություններին։ Նորից Ադրբեջանում սկսեցին տարածվել հակադիր լուրեր, նորից սկսվեց նախ եւ առաջ իրենց հոտերով մտահոգ խաշնարածների փախուստը դեպի Բաքու։
Իրարանցումն այնքան մեծ էր, որ Ադրբեջանում չգիտեին անգամ թե ինչպես հանրությանը ներկայացնեն տեղի ունեցածը։ Ու մինչ ընտրվում էր կորուստների քանակը շփման գծում ընկած 5 զինծառայողներով սահմանափակելու տարբերակը, իրար հետեւից հայտարարություններով ու մեկնաբանություններով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրները ներկայացնող փորձագետները, ապաեւ ինքը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Այս առումով կարեւոր էր մանավանդ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահ, Քի Ուեսթի բանակցությունների կազմակերպիչ Ք.Կավանոյի փորձագիտական գնահատականն ու առաջարկները, որոնց էությունը հանգում է ՄԱԿ-ի լծակներն օգտագործելով՝ հարձակվող կողմին ֆիքսելու, նրա հանդեպ սանկցիաներ կիրառելու գաղափարին։
Կարդացեք նաև
Նման իրողությունը, գումարվելով Է.Մամեդյարովի անարդյունք մոսկովյան այցի կրկնության հավանականությանը, ակնհայտ դարձրեց, որ Բաքուն նոր ապրիլյան պատերազմ սկսելու սանկցիա չունի, բայց միաժամանակ չունի նաեւ այդ պատերազմի հետեւանքով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումները կատարելու կամք ու ցանկություն։ Ադրբեջանը չի կարողանում անգամ սեփական հանրությանը ներկայացնել փետրվարի 24-25-ի գիշերը ձեռնարկված սադրանքի իր գնահատականը։
Թուրքիայի ԱԳՆ-ն, ստանձնելով «վախից բերանը ջուր առած» իր ադրբեջանական գործընկերների պարտականությունները, հանդես է եկել տեղի ունեցածի ադրբեջանական վարկածը հիմնավորող հայտարարությամբ, Հայաստանին կոչ արել «հետեւել կրակի դադարեցմանն ու վերջ դնել ագրեսիային»։
Վարդան Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում