Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Շեկոյան. «Չեմ կարծում, որ հիմա այն ժամանակներն են, որ Վանո Սիրադեղյանին գովելու համար վախենաս». «Հրապարակ»

Փետրվար 28,2017 11:15

Լույս է տեսել արձակագիր Արմեն Շեկոյանի «Փողոցը» պատմվածքների ժողովածուն, որը, հեղինակի բնորոշմամբ, «մաքուր արձակ է», 2-րդ պատմվածքների ժողովածուն՝ «Մետաքսի ճանապարհը» գրքից հետո:

Գրքում ընդգրկված է հեղինակի տարբեր տարիներին գրված 18 պատմվածք, իսկ ինչո՞ւ «Փողոցը»։ «Ոչ թե փողոցային իմաստով, չնայած դա էլ կա, որովհետեւ փողոցի կյանքը միշտ իսկական կյանք է, այլ նաեւ նրա համար, որ ես ծնվել ու մեծացել եմ մի վայրում, որի մի մասը կոչվում էր Շիլաչի, մի մասն էլ՝ Մետաքս, ու դրանց արանքում մի փողոց կար, որը բառացի կոչվում էր՝ Փողոց։ Որ հարցնում էին՝ որտեղից ես, ասում էի՝ Փողոցից եմ, դրա համար գրքիս մեջ մեծատառով եմ գրել, որովհետեւ այդ թաղամասը չէր ենթարկվում ոչ Շիլաչիին, ոչ Մետաքսին ու անկախ իր համար կար։ Այդ Փողոցի անկախությունն ինչ-որ տեղ մեր Հայաստանի անկախությանն էլ էր նման, որ շատերին ենթարկվում է, բայց անկախ է ու անկախության է ձգտում, ու միշտ չէ, որ անկախությունը ստացվում է։ Այդ Փողոցն իմ ծննդավայրն էր, ու ես էլ Փողոցի տղա էի»,- պատմում է Շեկոյանն ու նշում, որ Փողոցի բնակիչներն էլ հենց իր պատմվածքների հերոսներն են, բայց «18 պատմվածք կա այդ գրքի մեջ, որից միայն 7-8-ն են Փողոցի ու Փողոցի մարդկանց մասին, մնացածը մեր օրերից է, գրողների կյանքից, քաղաքականություն էլ կա, Հրանտ Մաթեւոսյանի ու Վանո Սիրադեղյանի մասին էլ»։ Ասենք, «Միջնորդը» պատմվածքը ոչ թե Հրանտ Մաթեւոսյանին է նվիրված, այլ իր եւ Հրանտ Մաթեւոսյանի մի հանդիպման մասին է։

Շնորհանդես կլինի, թե ոչ՝ կորոշի հրատարակչությունը։ «Եթե իմաստ ունենա, մարդիկ ուզենան՝ կանենք, բայց մեկ-մեկ շնորհանդեսի են կանչում, ստիպված գնում ես, հիմա մտածում եմ՝ շնորհանդես անեմ, մարդկանց կանչեմ, իրենք էլ իրենց հերթին ստիպված գան, որ ի՞նչ… իմաստ պետք է ունենա, որ իրենց էլ հետաքրքիր լինի…»,- ասում է Շեկոյանն ու նշում, որ գիրքը վաճառվում է «Արտբրիջում», բայց չի կարծում՝ հիմա գտնվի մի գիրք, որ առաջվա նման աղմուկ հանի։

«Հիմա մարդիկ չեն կարդում, օրինակ՝ Վանո Սիրադեղյանը, որը հայտնի մարդ է քաղաքական իմաստով ու նաեւ շատ լավ գրող, երբ ասում ես, որ ուժեղ է գրում, շատերը զարմանում են, մտածում են, թե հենց այնպես ես ասում։ Այնքան անտարբեր ենք, որ թեեւ նրա գործերը շատերն են հավանում ու կարդում, բայց մասսայական չեն դառնում։ Այսինքն՝ այդ մարդու գրականության տեղը հիմա շատ շատերը պիտի իմանային, հետո գիտեք՝ հետաքրքիր է, որ գրականագետներն էլ համարյա չեն անդրադառնում…, չեմ կարծում, որ հիմա այն ժամանակներն են, որ Վանո Սիրադեղյանին գովելու համար վախենաս։ Հետո՝ մեր սերունդը շատ շնորհքով սերունդ էր…»,- ասում է նա ու սկսում թվարկել գրողների անուններ:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728