Միացյալ Նահանգների SpaceX տիեզերական ընկերությունը հայտարարել է 2018 թվականին երկու զբոսաշրջիկների Լուսնի շուրջը թռիչքի ուղարկելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին ասված է հայտարարության մեջ, որը փետրվարի 27-ին հրապարակվել Է ընկերության կայքում:
«Մենք ուրախ ենք, որ SpaceX-ը մոտեցել է հաջորդ տարվա վերջին երկու մասնավոր քաղաքացիների Լուսնի շուրջը ճանապարհորդության ուղարկելուն: Նրանք արդեն զգալի կանխավճար են մուծել դեպի Լուսին թռիչքի համար»,- հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը:
SpaceX-ում չեն հայտնել տիեզերական զբոսաշրջիկների անունները: Մոտ ժամանակներս նրանք պետք Է բժշկական հետազոտություն անցնեն, տարեվերջին, ինչպես սպասվում Է, նրանք կսկսեն պատրաստվել թռիչքին:
Ընկերությունում նշել են, որ դեպի Լուսին ճանապարհորդության նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է: Մասկի խոսքով՝ այս ծրագիրը հնարավորություն է ընձեռնում մարդկությանը վերադառնալ հեռավոր տիեզերք վերջին 45 տարվա ընթացքում առաջին անգամ:
Ընկերությունը նախատեսում է Լուսնի շուրջ թռիչքի համար օգտագործել Falcon Heavy հրթիռը, որի առաջին մեկնարկը պլանավորված Է 2017 թվականի ամռանը, ինչպես նաև Dragon օդաչուավոր տիեզերանավը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ