ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն անհանգստացած է արցախյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ է անում հետևել կրակի դադարեցման ռեժիմին, ինչպես նաև առանց հապաղելու վերսկսել առարկայական բանակցությունները: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով ընդհարումների մասին վերջին հաղորդագրություններից»,-ասել է նա՝ հավելելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լիովին աջակցում է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված լարվածության վտանգավոր մակարդակի նվազեցմանն ու իրավիճակի հետագա էսկալացիայի կանխմանը։
Դյուժարիկի խոսքով՝ համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը կոչ է անում բոլոր կողերին զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել կրակի դադարեցման մասին համաձայնագրին, և առանց հապաղելու վերսկսել առարկայական բանակցությունները՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ