Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենօրյա հոգեւոր «վարժություններ»

Փետրվար 28,2017 10:13

Երեկ սկսվել է Մեծ պահքը: Որքան շատ եմ ապրում, այնքան շատ եմ կարեւորում նման իրադարձությունները: Ոչ թե ծեսերը, ոչ թե արտաքին դրսեւորումները, ոչ թե բոլոր ժամանակների փարիսեցիների դերասանությունները, այլ բովանդակությունը, իմաստը: Իսկ իմաստն, իմ կարծիքով, այն է, որ փոքր-ինչ զսպելով քո մարմինը՝ փորձես ավելի շիտակ նայել քո հոգուն: Որոշ ժամանակ առաջ մեզ բացատրում էին, որ մարդը հոգի չունի, նա ունի «պսիխիկա». զավեշտն այն է, որ դա նույն հոգեկանի անվանումն է, պարզապես՝ հունարեն: Բայց պարզ է, թե ինչու էին այդպես ասում. ժամանակ եւ ուժ մի՛ կորցրեք ձեր հոգին կարգի բերելու համար, բավարարվեք ձեր նյութական պահանջներով: Այդպես էլ անում էին՝ ծաղրելով եւ նսեմացնելով հոգեւորը: «Սաղ սուտ ա, փող ա պետք շինել»՝ ես դա ամեն քայլափոխի լսել եմ ոչ միայն հիմա, այլեւ 1970-80 թվականներին, երբ հեռուստատեսությամբ եւ ամբիոններից լրիվ ուրիշ բան էին ասում:

Նման մոտեցման հակառակ, բայց նույնքան սխալ դրսեւորումն այն համոզմունքն է, որ կան ինչ-որ «գաղտնի գիտելիքներ», որոնք ձեզ զորեղ են դարձնում, կան ինչ-որ հատուկ «աֆիրմացիաներ» (պնդումներ)՝ բավական է դրանք իմանալ ինչ-որ «գուռուներից», եւ ձեր կյանքում ամեն ինչ լավ է դասավորվելու, կան ինչ-որ միստիկ «հոգեւոր վարժություններ», որոնք ամեն օր կատարելիս դուք երջանիկ եք դառնում: Այդ, մեղմ ասած, շառլատանությունը նույնպես տարածված էր իմ պատանեկության եւ երիտասարդության տարիներին՝ իհարկե, ավելի քիչ, քան «փող շինելու» փիլիսոփայությունը:

Ըստ էության, դրանք իրար շատ մոտ են, որովհետեւ հիմնված են «երջանկության» եւ «հզորության» մասին խեղված պատկերացումների վրա: Մի դեպքում դրանք հնարավոր է գնել փողով, մյուս դեպքում՝ «գաղտնի գիտելիքներով»:

Իրականում երջանկությունը կյանքում նպատակներ ունենալն է, հզորությունը՝ սիրելն է եւ ուրիշների կողմից սիրված լինելն է: Իսկ վարժությունները… Կյանքն ամեն քայլափոխի մեզ նման «վարժություններ» է դեմ տալիս: Տեսնում եք ողորմություն ուզող տատիկին, մի՛ ափսոսացեք կես րոպեն եւ 100 դրամը, տեսնում եք ձեզնից թույլ մարդու, մի՛ փորձեք ձեր ուժն ի ցույց դնել եւ հրճվել դրանով, ձեզ մեկը հայհոյել է ֆեյսբուքով, մի՛ պատասխանեք, ավելի լավ է սրտանց մի «սմայլիկ» ուղարկեք, ձեր դեմ ուտելիք է դրված, ագահորեն մի՛ հարձակվեք, սկզբում, գոնե մտքում, Աստծուն շնորհակալ եղեք, որ այդ ուտելիքը դրված է: Եվ ընդհանրապես՝ մեզ համար հերթական լույսը բացվելուց շնորհակալ լինենք:
Որ ես այդ ամենը թվարկում եմ, դա ամենեւին չի նշանակում, թե ես այդ «վարժությունները» միշտ «5»-ի եմ կատարում: Հենց դրա համար էլ պետք են օրեր կամ, ինչպես տվյալ դեպքում է՝ շաբաթներ, երբ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այդ «վարժություններին»: Դրանք չեն խանգարի հատկապես նրանց, ովքեր այսօր մտել են նախընտրական պայքարի մեջ: Պետք չէ հրապարակավ որեւէ տեղ աղոթել՝ Աստվածաշնչում ասված է, որ այդպես են վարվում փարիսեցիները: Հավատն ավելի սովորական եւ առօրյա դրսեւորումներ ունի:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Թույլ տվեք շարունակել`աղոթք ասեմ, քարոզ ասեմ…մի խոսքով, վերը նշվածը.
    տեսնում եք ԱԺ են տվել – շնորհակալ եղեք ՀՀԿ-ին, կամ
    տեսնում եք ձեր տեղը քվեարկել են – շնորհակալ եղեք թաղի գողականներին, կամ
    տեսնում եք երբեմնի քաղաք Երևանը նմանվել է ղարաբաղահպատակ գյուղի – շնորհակալ եղեք`ու՞մ-ինքներդ մտածեք:

  2. Արթուր Լազարյան says:

    Պահքը հաճելի փորձութիւն է մարդկանց համար: Ոմանց համար նիհարելու միջոց է, միւսների համար սուրբգրային պատգամները հաւատարմօրէն կատարել է նշանակում, այլոց համար էլ՝ ժուժկալութեան ստուգատես:

    Ինձ համար վերը թուարկուած տարբերակներից առաւել հոգեհարազատը երրորդն է, այսինքն մարզել կամային որակները եւ զարգացնել զսպուածութիւն: Այլ կերպ ասած՝ չկորցնել չափի զգացողութիւնը:

    Զսպուածութեան եւ ժուժկալութեան կարիք մենք ամէն քայլափոխի ունենք՝ ագահաբար չուտել, ագահաբար առեւտուր չանել, ագահաբար չծախսել, բաւարարուել քչով, գեղեցիկը տեսնել պարզութեան եւ ոչ շքեղութեան մէջ:

    Պահքը միայն քրիստոնէական գաղափար չէ:
    Նայէք բուսակերներին, հրեաներին, մուսուլմաններին: Այս մարդկանց կեանքում կան որոշակի սահմաններ (կամ սահմանափակումներ)՝ այս դէպքում սննդի տեսքով եւ կարծում եմ՝ դա լաւ է:

    Պահքը նաեւ անցածը վերագնահատելու եւ ինչու ոչ, նաեւ ապաշխարելու առիթ է:

    Շաբաթներ առաջ ֆեյսբուքում մի առիթով գրել էի, թէ «Արամ Աբրահամեանը շատ է անտեղի փիլիսոփայում»: Այս տգեղ ձեւակերպումն ինձ հանգիստ չէր տալիս, եւ այժմ, այս յօդուածի ներքոյ, ուզում եմ հրապարակաւ ներողութիւն խնդրել:

  3. Մարգար Մախսուդյան says:

    = Որոշ ժամանակ առաջ մեզ բացատրում էին, որ մարդը հոգի չունի… =
    Հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. մարդիկ, որոնք իրենց ՛՛իսկակական՛՛ հավատացյալ են համարում, արարիչ Աստծո և Հոգու գոյության մեկ-երկու հակափաստարկից հետո ասում են. թող ամեն մեկը մհա իր կարծիքին:
    Երբ մարդ էակին առանձնացնում են մյուս, ասենք՝ կաթնասուն էակներից, ասելով, թե միայն մարդը հոգի ունի, քանի որ ծնվելիս Աստված միայն մարդկանց մեջ է հոգի փչում, դե իսկ մյուսները, բնականաբար, բավարարվում են հասարակ մթնոլորտային օդով՝ ինձ մոտ շատ բարի ժպիտ է առաջանում…
    Անդրադառնանք փսիխիկային. Վիկիպեդիան հուշում է.
    Пси́хика (от др.-греч. ψῡχικός — «душевный, духовный, жизненный») — сложное понятие в философии, психологии и медицине., այսինքն՝ հոգեկան, հոգևոր, կենսական:
    Ժամանակին, երբ մարդիկ անտեղյակ էին ուղեղի գործունեությունից, սակայն կրոնական դպրոցներից սովորել էին, թե մարդու վարքը կախված է նրա՝ հոգու բարի կամ չար լինելուց, վարքի տարօրինակ շեղումները սկսեցին անվանել հոգեկան հիվանդություն, մինչդեռ այսօր պարզից էլ պարզ է, որ դա ընդամենը ուղեղի որոշակի տիրույթների բնածին թերության կամ ձեռքբերովի ախտահարումների արդյունք է, այսինք ունի բացառապես նյութական բնույթ:
    Անցնենք ՛՛հոգևոր՛՛ գործառույթներ իրականացնող մարդկանց՝ ՛՛հոգևորականների՛՛ թեթևակի ուսումնասիրությանը.
    Երբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը եկավ Հայաստան, շատերը, այդ թվում և հոդվածագիրը, համեմատություն տանելով մեր տեղական քահանաների և հատկապես քահանայապետի հետ պնդեցին, թե մերոնք նրանց համեմատությամբ, մեղմ ասած՝ ՛՛ֆեյք՛՛ են, ինչ հետ գրեթե համամիտ եմ…
    Վերջերս աշխարհով մեկ պարզ դարձավ, որ Ավստրալիայի կաթոլիկ հոգևորականների առնվազն 7%-ը տարիներ շարունակ զբաղվել են մանկապղծությամբ / աստծո գաղափարակրի հետ անհամատեղելի այլ պղծությունների վերաբերյալ տեղեկությունների մասին չի խոսվում/: Որպեսզի պատկերացնենք իրավիճակի ողջ տրագիկոմիզմը, հարցնեմ. իսկ որքա՞ն է մանկապիղծների տոկոսը հասարակ մահկանացու տղամարդկանց մեջ…
    Կարիք կա՞ արդյոք խոսելու Աստծո անվերապահ ծառաների՝ իսկական իսլամիստների մասին, որոնք իրենց հոգու փառավորման, միակ փեյղամբար Մուհամմեդին ու ամենակարող Ալլահին ճիշտ ծառայելու համար պատրաս են ցանկացած ՛՛անհավատի՛՛՝ մանուկից ծեր՝ խողխողելու…
    Կներեք՝ բայց ես կարծում եմ, որ մարդը բանական էակ է և իր աշխարհընկալմամբ ու գործունեությամբ պետք է առաջնորդվի առողջ բանականությամբ:

  4. Հ.Շ. says:

    Աստուած մնայուն եւ գործօն ներկայութիւն է մեր կեանքում, ամէն պահի եւ ամէն առիթով: Ափսոս, եթէ չենք նկատում այդ էական ճշմարտութիւնը: Սակայն երբեք ուշ չէ Հաւատքի շնորհքը ստանալու համար:

    Բացի երբ որ Մայր Հայրենիք կը գտնուիմ, ես շատ եկեղեցի գացողը չեմ, կղերական թելադրանքների հետեւողը չեմ – մեղա Տէր -, սակայն բնական է որ ի պաշտօնէ հոգեւորականները տեւաբար թիրախ դառնան անարդադար, անողոք, բիրտ ու վայրագ հարուածների: Քրիստոսի վեհագոյն օրինակի լոյսին տակ, այդ ալ իրենց առաքելութեան մաս կը կազմէ: Հայաստանի/Արցախի պարագային, կայ նաեւ սովետական ազդակը անշուշտ:

    Խմբագրի պատգամը գնահատելի է, եւ խորապէս յուսադրիչ:

  5. Լավատես says:

    Միգուցե մի քիչ վայրենի հնչի, բայց եթե մենք մեր կրոնին հետեւում ենք ու դրանից հետո Աստվածը միեւնույն է իր հետնամասն է մեզ ցույց տալիս, ուրեմն հետեւություն՝ մեր կրոնը ստից, այսինքն՝ սուտ կրոն է, կրոնը զենքի նման մի բան է, ում զենքն ավելի հզոր գտնվեց, նա էլ հաղթում է, մարդ կարող է անգրագետ լինի, բայց հավատ ունենա, այսինքն՝ ուժեղ կրոն ունենա, նա այդ քչահավատ գիտունիկին Աստծո զորությամբ կուտի կպրծնի, կարճ ասած՝ եթե մենք էդքան խելոք ենք, էդ ինչո՞ւ սեփական կրոնը չունենք, պատասխան՝ որովհետեւ ընտրակաշառքի համար մենք եւ այն ժամանակ եւ հիմա՝ Ողբը հիշենք, պատրաստ ենք մեր կրոնը ծախենք: Երբ ընտրակաշառք տվողն ու վերցնողը համարվեն պետության ու ազգի դեմ գործող հանցագործներ, որոնց դատվելուց հետո առգրավեն նրանց գույքն ու ընտանիքի հետ քաղաքացիությունից զրկեն ու դուրս շպրտեն երկրից, այդ ժամանակ մենք կունենանք սեփական կրոն, սեփական պետություն ու սեփական ազգ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728