«Այս օրերին Ադրբեջանը 2 ուղղությունով նորից հարձակվեց մեզ վրա՝օգտագործելով ծանր տեխնիկա ու հրետանի: Սակայն խայտառակ կերպով հետ նահանջեց, անգամ դիակները թողեց չեզոք գոտում, ինչը սակայն զարմանալի չէ, քանի որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը երբեք իր դիակներով չի հետաքրքրվել»,- ասաց «Կին ազատամարտիկների միության» նախագահ , գնդապետ Աիդա Սերոբյանը փետրվարի 27-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Գնդապետի կարծիքով օրերս տեղի ունեցած հարձակումը հիմնականում Ադրբեջանի ժողովրդին շեղելու համար էր: «Պատմության մեջ որևիցե նախագահ իր կնոջը չի նշանակել երկրի վարչապետ, ու դա Ադրբեջանին ծաղրելու առիթ է տալիս ու այդ իսկ պատճառով հարձակման միջոցով նրանց կառավարությունը փորձեց շեղել իր ժողովրդին: Ալիևը Ադրբեջանը դարձրել է թագավորություն. ինքը ժառանգեց հորից, հետո կտա կնոջը, հետո էլ՝ որդուն»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք գնդապետի կարծիքով ապրիլին էլ լարվածություն կլինի սահմանին, հյուրը պատասխանեց, որ ոչ ոք ստույգ ասել չի կարող, բայց պետք է պատրաստ լինենք. «Միշտ պատրաստ պիտի լինենք պատերազմի, որ ապրենք խաղաղ ու հանգիստ»:
Աիդա Սերոբյանի կարծիքով նախորդ տարի ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմը ստիպեց հայկական բանակին սթափվել. դրանից հետո բարելավվեց դիրքերի վիճակը, նոր տեխնիկա ու զենքեր գնվեցին, ավելի մարտունակ դարձանք:
Կարդացեք նաև
«Զենքը մեծ նշանակություն ունի, բայց մարտական ոգին ավելի կարևոր է: Հնարավոր է նույնիսկ առանց զենքի կռվել: Հիշում եմ՝ պարտիզանական ջոկատներում զենք չունեինք, Ադրբեջանից խլած զենքով էինք կռվում: Անկեղծ ասած, Ալիևին պիտի մեդալ տալ Ադրբեջանից մեր խլած զենքերի համար»,- ասաց նա:
Գնդապետ Աիդա Սերոբյանը նաև մի քանի պատմություն պատմեց, որ տեսել էր Արցախյան պատերազմի ժամանակ ու վերջում հավելեց, որ գիրք է գրում սահմանին իր տեսածի ու լսածի մասին: «Գրքում ոչ մի ավելորդ, գեղարվեստական բան չեմ գրի, միայն իրականը»,-ասաց նա:
Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ