Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ոչնչով չեք օգնելու Արթուրին». Բախշյանը՝ ի պաշտպանություն «հաց բերողի» նստացույց սկսելու մտադրություն ունեցողներին

Փետրվար 27,2017 19:45

Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն «հաց բերողի» նստացույց անելու հայտարարությանն այսօր Ազատության հրապարակում ընդդիմացավ «Ազատ դեմոկրատների» ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը:

Նա հիշեցրեց, որ այսօր ԱԺ-ում 26 պատգամավորի ստորագրությամբ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու առաջարկ է եղել. «Բոլորվին պարտադիր չէ, որ Արթուրը հացադուլի մեջ այնտեղ պառկի, դուք էլ այստեղ՝ գիշերով, ցրտին հիվանդանաք: Ոչնչով չեք օգնելու Արթուրին, ձեր առողջությունը կարեւոր է, հետեւաբար, խելամի՛տ եղեք, կարծում եմ՝ այս բոլոր մարդիկ, որոնք մտահոգ են, խոսում են, նրանց ձայնը տեղ հասցնելու ձեւ կգտնեն, այստեղ նստացույց անելուն համամիտ չեմ, չեմ ուզում անեք»:

Անդրադառնալով «հաց բերողի» կալանավորման վերաբերյալ այսօր տարածված հաղորդագրությանը՝ տիկին Բախշյանն ասաց՝ կարդացել է, զարմացել. «Մեր ժողովրդին այսպիսի բացատրություն են տալիս, թե ինչու են Արթուրին կալանավորել, ինչո՞ւ են վախենում Արթուրից, նրանց անմարդկային ու մարդատյաց վերաբերմունքը ցույց է տալիս մեր երկրի տկարամիտ արդարադատությունը: Արթուրի ձերբակալման փաստը բավական է, որ ո՛չ ասենք ՀՀԿ-ին, ոչ ոք չգնա ու չքվեարկի նրանց օգտին»:

Տիկին Բախշյանից հետո Շահեն Հարությունյանը փորձեց հակադրվել՝ ասելով, որ նստացույցը կարեւոր է, ու ինքը կմնա նստացույցի, բայց հավաքվածներից բացասական ռեպլիկներ եղան: Ի վերջո, չհստակեցվեց, նստացույց կլինի՞, թե՞՝ոչ, որովհետեւ Շահեն Հարությունյանը նաեւ ասաց, որ վաղը ժամը վեցին կրկին Ազատության հրապարակում հանրահավաքի է հրավիրում բոլորին: Այս պահին ցուցարարները շարունակում են բողոքի երթը դեպի գլխավոր դատախազություն:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր 2016 թվականի օգոստոսին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով. նա սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք: Նա մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728