Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այլեւս չեմ ուզում բողոքի երթ, ցույց անել ու ինքնախաբեությամբ զբաղվել». Շահեն Հարությունյան

Փետրվար 27,2017 19:33

Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկեց ի պաշտպանություն «Սասնա ծռերին» «հաց տարած» Արթուր Սարգսյանի բողոքի երթը: Ցուցարարները գնում են գլխավոր դատախազություն՝ վերադարձնելու իրենց դիմումի պատասխանը:

«Էլեկտրիկ Երեւան» ցույցերից հայտնի քաղաքացիական ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը նախքան երթի սկսվելը հավաքվածներին հիշեցրեց, որ նախորդ երթին դատախազությանը նամակ էին հանձնել՝ նշելով իրավական հիմքերը, թե ինչքանով է հակասական Արթուր Սարգսյանի կալանավորումը:

«Հիմա ստացել ենք պատասխան, թե Արթուրը խուսափել է ներկայանալ  նախաքննական մարմին: Տարօրինակն այն է, որ դատախազությանն ուղղված մեր նամակին պատասխանել է ազգային անվտանգության մարմիններում քննվող թմրամիջոցների ապօրինի շրջանառման եւ կիբեռհանցագործությունների գծով վարչության դատախազը: Թե ինչ կապ ունի նշված անձը, այս պատասխանով ցույց են տալիս, թե Արթուրի կալանավորման հրահանգը որտեղից է գալիս»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:

Ելույթ ունեցավ նաեւ անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի տղան՝ Շահեն Հարությունյանը: Ըստ նրա. «Չնայած մեր երկիրը թաղված է խնդիրների մեջ՝ մեզ համար այսօր առաջնայինը Արթուրի կյանքի ու ազատության հարցն է: Արթուրի կյանքը վտանգված է, նա տասնութ օր է՝ հացադուլի մեջ է, ունի առողջական խնդիրներ ու հրաժարվում է  դեղորայքից, ինչն անհամատեղելի է  դարձնում իր բանտարկությունը»:

Շահեն Հարությունյանը ապարդյուն է համարում ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի  ցույցերը, դրանցով, ըստ նրա, Արթուր Սարգսյանը միայն ոգենշնչվեց. «Միգուցե ոգեշնչված է, բայց նրա կյանքին վտանգ է սպառնում: Արթուրին կոչ են անում՝ դադարեցնել հացադուլը, բայց կոչից առաջ ինչ-որ բան արե՞լ են նրա  կյանքի ու ազատության համար, ի՞նչ հիմքով եք պահանջում՝ դադարեցնի հացադուլը:

Տանը նստելով ու ստատուսով բարոյական իրավունք չունենք նրան նման կոչ անել, պետք է դուրս գանք փողոց, մեր քայլերով համոզենք, որ դուրս գա հացադուլից»:

Ըստ նրա, պայքարի երկու տարբերակ կա՝ բողոքի երթեր, ցույցեր եւ նստացույց. «Ես առաջարկում եմ երկրորդ տարբերակը, սկսել նստացույց Ազատության հրապարակում, որովհետեւ ինձ համար կարեւոր է Արթուր Սարգսյանի կյանքը, ոչ թե նրան ոգեշնչելը, այլեւս չեմ ուզում բողոքի երթ, ցույց անել ու ինքնախաբեությամբ զբաղվել, չեմ ուզում: Ի՞նչ է՝ չե՞նք ուզում անձնազոհության դիմել, թող մի քիչ մրսենք, վատ քնենք, վատ սնվենք, բա այն մարդիկ ի՞նչ են անում բանտերում»:

«Արդյո՞ւնքը»,- հարց հնչեցրեց հավաքվածներից մեկը. «,Պետք է խելքով վարվել»,- հավելեց հարցի հեղինակը:

Շահեն Հարությունյանը շարունակեց. «Ազատության հրապարակը պետք է դարձնել պայքարի օջախ, կապ չունի, որ ցուրտ է, 1988-ին էլ էր ցուրտ, 2008-ի հետընտրական պայքարների ժամանակ էլ էր ցուրտ, բայց ամբողջ Հայաստանն էր դուրս եկել, ցուրտը էական չէ»:

Շահեն Հարությունյանն իր ելույթը ավարտելուց հետո ցուցարարներից հարցրեց՝ «բոլորդ համաձա՞յն եք նստացույցի գաղափարին»:

Հավաքվածների կողմից հնչեց՝ բացասական պատասխան, ամեն դեպքում Շահենի տարեկիցներից ոմանք համաձայնվեցին: Շահեն Հարությունյանն էլ առաջարկեց նստացույցի մնալ հերթափոխով, ասաց. «Ես իմ վեց ընկերներով այստեղ եմ մնալու»:

Այս պահին էլ «միացեք», «թասիբի համար», «Ազատություն հաց բերողին» եւ «անՍերժ Հայաստան» վանկարկումներով է շարունակվում բողոքի երթը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728