Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենազարգացած երկրներում անգամ երբեմն հնարավոր չի լինում փրկել կյանքը». գլխավոր մասնագետ

Փետրվար 27,2017 22:13

«Մայրական մահացության ցուցանիշն արդյո՞ք վերջին շրջանում ավելացել է և քանի դեպք է արձանագրվել 2016թ.-ին». Aravot.am­ի այս հարցին ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ ­գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը տվեց հետևյալ պարզաբանումը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորություններով մինչև 5 միլիոն բնակչություն ունեցող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մայրական մահացության ցուցանիշը հաշվարկվում է ոչ թե «վերջին շրջանի», մեկ տարվա կամ մի քանի ամսվա, այլ 3 տարվա կտրվածքով՝ 100 000 կենդանածնության հաշվով։

Իրականում 2000թ-ից մինչև օրս տարեցտարի մեր երկրում արձանագրվում է մայրական մահացության ցուցանիշի նվազեցում: Այսպես, եթե 1995-2004թ.մայրական մահացության ցուցանիշը եղել է 40,3; 2008-2010թթ.`25,4, ապա 2014-2016թթ.` 19,6՝ ավելի ցածր, քան ԱՊՀ երկրներում:

Եթե պայմանականորեն առանձնացնենք 2016 թվականի ցուցանիշը, ապա անցած տարի գրանցվել է մայրական մահացության 12 դեպք։ Դրանցից 3-ի մահվան պատճառն անմիջական մանկաբարձական արյունահոսություններն են։ Մեկ դեպքն էլ հետվիրահատական հեմատոմայի պատճառով ռելապարատոմիայի ժամանակ առաջացած թոքերի այտուցն է:

Մյուս 8 դեպքի պատճառները մանկաբարձական չեն (վիրուսային թոքաբորբ, մենինգոէնցեֆալիտ, տուբերկուլոզ, պանկրիասի և լյարդի նեկրոզ և այլն):

Բոլոր 12 դեպքերը ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության և հանձնվել քննչական մարմիններին:

Մայրական մահացության դեպքերը գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում։ Դրանք բոլորը քննարկվում են մասնագիտական խորհրդում, որտեղ ընդգրկված են հանրապետության  առաջատար մասնագետները: Բացահայտվում են հրատապ լուծում պահանջող հարցերը, որպեսզի առաջիկայում նման իրավիճակների դեպքում արագ և ճշգրիտ միջոցներ ձեռնարկվեն։

Մշակվել է ոլորտը կարգավորող 15-ից ավելի ուղեցույց։ Դրանցից 8-­ն արժանացել է միջազգային փորձագետի հավանությանը։ Դրանք տպագրվել են 1000-ական օրինակով և տրամադրվել մանկաբարձ­ գինեկոլոգներին:

Բացի այդ, 150 մանկաբարձ-գինեկոլոգ անցել է ուսուցում «կրիտիկական դեպքերի վարման» վերաբերյալ և ստացել Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ։

Նախարար Լևոն Ալթունյանի հանձնարարությամբ՝ մարտի 15-ից հետո էլեկտրոնային եղանակով կթեստավորվեն հանրապետության ստացիոնար բուժհաստատություններում աշխատող 471 մանկաբարձ-գինեկոլոգները։

Այս և բազմաթիվ այլ միջոցառումների նպատակը մեկն է՝ հնարավորինս կրճատել մայրական մահացության դեպքերը։

Ինչպես ցանկացած քաղաքացու, առավել ևս բուժաշխատողներիս համար մայրական մահացության յուրաքանչյուր դեպք մեծագույն ցավ է։ Իհարկե, առանձին դեպքեր արժանի են դատապարտման։ Բայց պետք է հաշվի առնել, որ կան իրավիճակներ, երբ ամենազարգացած երկրներում անգամ հնարավոր չի լինում փրկել ծննդկանի կամ նորածնի կյանքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728