ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կեղծ թղթադրամ իրացրած անձի ինքնությունը։
2016թ. դեկտեմբերի 7-ին հաղորդում է ստացվել առ այն, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 21:05-ի սահմաններում, Այգեստանում գործող դեղատներից մեկում հաճախորդը գնումը կատարելու ժամանակ իրեն իրացրել է 5000 ՀՀ անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Կադրերում երևում է, թե ինչպես է մի տղամարդ դեղատան աշխատակցին վճարում 5000 ՀՀ անվանական արժեքով թղթադրամ, ինչը, ըստ աշխատակցի, եղել է կեղծ։
Կարդացեք նաև
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կապույտ գլխարկով միջին տարիքի տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք տեսանյութում պատկերված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
https://www.youtube.com/watch?v=T12lxqjvftA
ՀՀ Քննչական կոմիտե