Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամու զոհերը 5-6-ը չեն»․ ԵԿՄ կառույցի ղեկավար

Փետրվար 27,2017 18:35

Aravot.am-ի հետ զրույցում ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը, որը երկու օր առաջ է վերադարձել առաջնագծից, խոսելով հակառակորդի կողմից շփման գծում հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակողական գործողությունների անցնելու ու կատարյալ ձախողում գրանցելու. չեզոք գոտում զոհեր թողնելու մասին, ասաց․ «Ներկա պահին 5-6 դիակ կա չեզոք գոտում (նշենք, որ արդեն ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը), դրանց մեջ կա մեկ ականազերծող, մյուսները հետախուզա-դիվերսիոն հրամանատարներ են։

Բայց իրենց զոհերն այս 5-6 հոգին չեն, սա տեսանելի զոհերի թիվն է։ Իրենք մեծ թվով զոհեր ու վիրավորներ ունեն, լսվել են ձայները, թե ինչպես են օգնություն կանչում, բայց մերոնց կողմից պատժիչ գործողությունների ժամանակ թիրախավորվել են նաև նրանց օգնության հասնողները, երկրորդ խումբը։ Քանի որ գիշերային դիտարկում կա, թշնամու նոր ուժերն, այս ամենը տեսնելով, այլևս ռիսկ չեն արել օգնության հասնել․ տեսել են, որ օգնության հասնող նոր ուժերին բոլորին մերոնք սատկացրել են։ Բացի այդ, դա իրենց ձեռագիրն է, երբ զգում են վտանգը, խառնաշփոթից չեն շարունակում իրենց գործողությունները։ Իրենց սպանված 5-6 հոգին չեզոք գոտու դիտարկվող, երևացող տեղում են, իսկ թե քանի հոգու էլ հասցրել են իրենց մոտ գտնվող գոտուց քարշ տալ, տանել, դա էլ Աստված գիտի։

Նույն ապրիլյան դեպքերի նման փորձել են առաջխաղացում նախաձեռնել, չի ստացվել ու ընդհանրապես այլևս չի ստացվելու, հաջողության չեն հասնելու։ Ապրիլյան դեպքերից հետո իրենց դիվերսիոն ներթափանցման ցանկացած փորձ ձախողվել է, փորձ են անում տարբեր ուղղություններով ու տարբեր մարտավարություններով, որպեսզի տեսնեն՝ որ կողմն է թույլ, թույլ տեղից ներխուժեն, բայց թույլ տեղ չկա, մեր զինվորներն էնքան զգոն են, էնքան հզոր»։

Մեր հարցին, թե այս օրերի լարված իրավիճակն առիթ տալի՞ս է կանխատեսելու լայնամասշտաբ գործողություններ, Յուրա Ալեքսանյանն ասաց․«Չի բացառվում ոչ մի բան, քանի որ թշնամու մտքերը մենք չենք կարողանում կարդալ, բայց կուտակումներ, շարժեր, դրանք նկատվում են։ Իրենց ակտիվացումից առաջինը փախուստի են դիմում հենց իրենց բնակիչները, Թալիշի, Մարտունու ուղղությամբ գտնվող գյուղերից իրենց բնակիչները փախել են։ Մերոնք պատասխան են տալիս, իսկ թշնամին, ի տարբերություն մերոնց, ժողովրդի հետևից է կրակում, դրա համար են իրենց խաղաղ կյանքով ապրող բնակիչները վախենում են, գիտեն, որ պատասխանի ժամանակ կարող է նաև իրենց հասնի հակահարվածը։ Իրենց գյուղերում համարյա մարդ չի մնացել, իրենց հրետանին տեղակայված է իրենց գյուղերի հետևը, բնական է պատասխանի ժամանակ էդ մարդկանց գլխի վրայով են թռչում էդ արկերը։ Իրենց համար ժողովուրդը, սպան ոչ մի կոպեկի արժեք չունեն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Թշնամու սպանվածին զոհ չեն անվանում…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728