«Ինչ կնիկ, որ չթակվի ամուսնու կողմից: Մեր գյուղում բոլոր կանայք էլ ծեծվել են ու կծեծվեն: Ճիշտը էտա, տենց էս սովորում լավ կնիկ լինել»,-այսպես է արձագանքել Գեղարքունիքի մարզում 65-ամյա մի կին, որին ծանոթացրել են իր իրավունքներին:
Այսօր «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի պատասխանատուները ներկայացրին «Կանանց անտեսանելի կյանքը» Գեղարքունիքում» հետազոտության արդյունքները:
Կազմակերպության անդամները անցյալ տարվա սեպտեմբերի 19-23-ը Գեղարքունիքի քաղաքներում ու գյուղերում քայլարշավ են իրականացրել` մարզի կանանց ծանոթացնելու, թե ինչպիսի իրավունքներ ունեն:
Ըստ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի շահերի պաշտպանության եւ քաղաքականության մշակման պատասխանատու Աննա Հովհաննիսյանի, Գեղարքունքի մարզի այն գյուղերը որտեղ այցելել են, շատ բարձր է եղել կանանց հարմարվողականության մակարդակը. «Կանանց համար ընդունելի եւ հանդուրժելի է բռնությունը ընտանիքում, կրթության եւ զբաղվածության իրավունքի սահմանափակումը, սեփական մարմնի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում շատ հաճախ իրենք, որպես այդ մարմնի սեփականատեր չեն մասնակցում առհասարակ: Կանայք չեն կարեւորում սեփական իրավունքների կարեւորությունը»:
Կարդացեք նաև
Ըստ Աննա Հովհաննիսյանի Գեղարքունիքի մարզում կանանց իրավունքներն ամենաշատն են ոտնահարվում:
Հ/կ-ի համանախագահ Գոհար Շահնազարյանի խոսքով, գյուղական վայրերում ապրող կանայք գնալով աղքատանում են, ինչը եւս նպաստում է, որպեսզի նրանց իրավունքները ոտնահարվեն: Կանանց իրավունքների բռնության վերաբերյալ ահազանգերի 63 % տոկոսը տիկին Շահնազարյանի տվյալներով, մարզերից են` հիմնականում գյուղական վայրերից. «Գյուղերում կանանց մեծ մասը չունեն սեփականություն, չնայած նրան, որ ամենածանր աշխատանքը հենց կանայք են անում»:
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Գեղարքունիքի մարզում այդքան բարձր է կանանց բռնության ենթարկելու դեպքերի ցուցանիշը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների բաժնի ղեկավար Մամիկոն Գալոյանը, որը նույնպես մասնակցում էր քննարկմանը, պատասխանեց, որ պատճառներից մեկն արտագաղթն է. «Պատահում է, երբ ամուսինը խոպանում է եւ հարսի նկատմամբ բռնությունը լինում է սկեսուրի, սկեսրայրի կողմից: Եվ քանի որ մեզ մոտ ավանդապահ ժողովուրդ են, հարսը պետք է ենթարկվի»:
Մանրամասները` տեսանյութում
Ըստ Մամիկոն Գալոյանի, իրազեկվածությունն էլ իրենց մարզում «շատ ցածր» մակարդակի է: Սակայն «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի քայլարշավից հետո որոշ առումով վիճակը փոխվել է եւ կանայք ցանկություն են հայտնել, որպեսզի նման միջոցառումներ հաճախ լինեն:
Մեր այն հարցին, թե ինչպիսի՞ պետական ծրագրեր կան, որոնք կփոխեն իրավիճակը, պարոն Գալոյանը պատասխանեց. «Բոլոր համայնքներում գործում են խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովներ: Ընտանեկան փոքր վեճերը, բռնության հետ կապված դեպքերը, հիմնականում տեղյակ ենք լինում եւ առաջին արձագանքողը համայնքապետարանն է լինում:
Դեպքերի մեծ մասի հետ կապված գնում ենք տեղում տեսնելու եւ կանխվում է` մի թեթեւ խորհուրդը, հոգեբանի հետ աշխատանքն, իսկապես դրական են ազդում: Բաժնում բազմամասնագիտական թիմ է աշխատում` իրավաբան, սոցիալական աշխատող, հոգեբան: Սկեսուր-սկեսրայրի, հարսի հետ հոգեբանական, բացատրական աշխատանքներ են տարվում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ