Փետրվարի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարար Վարդան Արամյանը ընդունել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովիկ Մազեջյանին և ֆոնդերի կառավարիչ տ.գ.թ. Հրայր Ասլանյանին: Հանդիպմանը քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումներով պայմանավորված հետագա քայլերը:
Հաշվի առնելով կենսաթոշակային բարեփոխումների բաղադրիչի կարևորությունը՝ նախարար Վարդան Արամյանը նշել է, որ առաջին փուլով արդեն իսկ ներդրվել է կենսաթոշակային համակարգը՝ հիմնված միջազգային փորձի ուսումնասիրման վրա և այժմ հերթը հասել է բարեփոխումների երկրորդ փուլին, որն ուղղված է կապիտալ շուկաների զարգացմանը, ինչի արդյունքում կենսաթոշակառուների գումարները կծառայեն երկրի տնտեսական կյանքի զարգացմանը:
Երկրորդ փուլի բարեփոխումների տրամաբանությունն այն է, որ համակարգը ներդնելուց հետո հանրությունը կարճ ժամկետում պետք է տեսնի դրա օգտակարությունը, այսինքն՝ պետք է ստեղծվի հարթակ, որը կապահովի նվազ ռիսկայնություն, կերաշխավորի թոշակառուների գումարների վերադարձելիություն, խթանելով երկրի տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերի իրականացումը:
«Մեր գործընկերների հետ քննարկեցինք կապիտալի շուկային ուղղված մեր քայլերը: Կենսաթոշակային բարեփոխումները իրականացված փաստ է, որ մենք կատարեցինք 2014 թվականին: Այսօր ունենք բարեփոխումների երկրորդ փուլը իրականացնելու խնդիր. դա կապիտալի շուկայի զարգացումն է, և այն գումարները, որ ֆինանսական տերմինով ասում են՝ «երկար փողեր», ստեղծվել են մեր երկրում: Մենք պետք է պլատֆորմներ ստեղծենք, որպեսզի դրանք վերաուղղվեն մեր ներքին տնտեսությանը և մասնակցեն մեր տնտեսական զարգացման ընդհանուր օրակարգին: Կենսաթոշակային բարեփոխումները նախագահի նախընտրական ծրագիրն էր, որ մենք հաջողությամբ իրականացրինք: Ի դեպ, միջազգային բոլոր կառույցները, այդ թվում նաև վարկանշող կազմակերպությունները, միշտ դրական են գնահատել մեր կենսաթոշակային բարեփոխումները, բայց այն պրոցես է, որը կանգ չի առնում, շարունակական է: Մենք այսօր կուտակումների ճիշտ կառավարման խնդիր ունենք», – նշել է նախարար Վարդան Արամյանը:
Կարդացեք նաև
Նախարարն ընդգծել է, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայությունը Հայաստանում վստահության գրավական է, քանի որ ամբողջ աշխարհում այդ ընկերությունը հայտնի է կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեության ոլորտում իր թափանցիկությամբ ու կարգապահությամբ:
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին նշեցին, որ ուրախ են համագործակցության համար, պատրաստ են օգնել չափորոշիչներով, աջակցել փորձով և մշակել համատեղ ծրագրեր, որպեսզի կուտակվող գումարները ներդրվեն տնտեսական զարգացման մեջ՝ ապահովելով վերադարձելիության անվտանգությունը:
«Մեր առաջին միտքն այն է, որ պետք է 20-30 տարի հետո թոշակները վճարենք: Սա առաջին կետն է: Մենք պետք է վստահություն ունենանք և իմանանք, թե ինչպես կարող է այդ դրամը օգտակար լինել Հայաստանի համար, որովհետև միշտ մտածում ենք, որ այդ դրամը հայ ժողովրդինն է և պետք է հայ ժողովրդին օգտակար լինի», – նշել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովիկ Մազեջյանը:
Իրականացվելիք բարեփոխումների ուղղությամբ պետք է տարվի համատեղ կոորդինացված աշխատանք ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի և ակտիվների կառավարիչների միջև:
Հիշեցնենք, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենաջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ «Ամունդի» բաժնետիրական ընկերության և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլբանկ» ՓԲԸ-ի կողմից 2013 թվականի նոյեմբերի 19-ին: ՀՀ Կենտրոնական բանկը «Ամունդի-Ակբային» շնորհել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, որի շրջանակում ընկերությունը կարող է իրականացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեություն:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին