Մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքը, ըստ Արման Թաթոյանի, նախատեսում է թափանցիկության եւ հրապարակայնության մեծացում, հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի ակտիվացում, անկախ փորձագետների ներգրավում:
Նորամուծություններից մեկը երեխաների իրավունքների պաշտպանությանն է վերաբերում: Այսօր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պարոն Թաթոյանն ասաց, որ նոր օրենքով մանկական հաստատություններ այցելությունները կլինեն առանց խոչընդոտների: Արդեն սկսվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ համատեղ երկու զեկույցների նախապատրաստումը:
Հաջորդ նորությունը՝ հասարակական կազմակերպությունների իրավունքների պաշտպանությանն է վերաբերում: Կազմակերպությունները կարող են դիմել պաշտպանության համար նաեւ այն դեպքերում, երբ հարցը հասարակական նշանակություն ունի կամ անձինք չեն կարող իրենց իրավունքներն ինքնուրույն պաշտպանել:
Պաշտպանը նկատեց, որ նոր օրենքը չի շրջանցել նաեւ զինծառայողների իրավունքների պաշտպանությունը: Արդեն ստեղծվել է զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհուրդ:
Կարդացեք նաև
Նոր օրենքով կընդլայնվի նաեւ միջազգային համագործակցությունը, իսկ երկրում մարդու իրավունքների պաշտպանության մեջ միջազգային չափանիշների ներդրումը կարագացվի: Պարոն Թաթոյանի տեղեկացմամբ, ներդրվում է նաեւ ՄԻԵԴ-ի որոշումներին համապատասխան որոշումների ընդունման պրակտիկան: Օրենքի վերաբերյալ իրենց կարծիքն են ներկայացրել Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ-ն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ