ԱԺ-ում ՀՀԿ-ականները մեկը մյուսի հետեւից գովք են անում ու այնպես են ոտքից գլուխ ներկայացնում Վերահսկիչ պալատի, ավելի ուշ Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածուին՝ Լեւոն Յոլյանին, որ մարդուն արդեն ամաչեցնում են:
Մկրտիչ Մինասյանը ներկայացնելով Յոլյանին՝ ասաց. «Մարդ, որը ծնվել է մտավորականի ընտանիքում, շփվել մեր ազգի մեծերի հետ, դաստիարակվել է այդ ընտանիքում: Նրա աշխատանքային գործունեությունը տեղի է ունեցել մեր աչքի առաջ»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ պատիվ է ունեցել աշխատել նրա հետ, վստահեցրեց, որ նա ունի պետական մտածողություն, չափի զգացողություն, բարեկիրթ է, մեծ սեր ունի գիր ու գրականության նկատմամբ, սիրում է իր երկիրը, իր հայրենիքը եւ իր թիմակիցներից, իր գործընկերներից շատ սիրում է Հայաստանը: Նա կոչ արեց ձայն տալ պարոն Յոլյանին՝ իմանալով նրա սկզբունքայնությունը:
Գովեստի խոսքերը շարունակեցին Գագիկ Մինասյանն ու Վարդան Այվազյանը: Վերջինիս խոսքերով՝ «Մենք ընտրում ենք մի մարդու, որը ոչ միայն պատրաստ է աշխատել, այլ նաեւ ունակ է: Ես պարոն Յոլյանին ճանաչում եմ 25 տարուց ավելի եւ կարող եմ ասել, որ մարդ, որն ունի լսելու մեծ ունակություն, տրամաբանելու եւ վերլուծելու: Իսկ այն մարդը, որը կարողանում է լսել ու տրամաբանորեն ներկայացնել, ինքը արդարամիտ է»:
Կարդացեք նաև
Իսկ Արտաշես Գեղամյանն իր ձոնը սկսեց այսպես. «Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են անհատականություններ, ում առիթը ման ես գալիս, որ անպայման ամենաբարձր ամբիոնից ամենաջերմ խոսքերով հիշես: Այդպիսի մարդ էր Սուրեն Լեւոնի Յոլյանը՝ մեր հարգարժան Լեւոն Սուրենիչի հայրը: Բարձրագույն մասնագիտական եւ մարդկային որակներ ունեցող պրոֆեսոր, ով իր կյանքի ընթացքում հազարավոր երեխաների կյանք է փրկել: Ահա այդ ընտանիքում է ծնվել եւ մեծացել Լեւոն Սուրենիչը»:
Գեղամյանը սկսեց պատմել, որ Յոլյանը կարմիր դիպլոմով է ավարտել Ժողինստիտուտը, որտեղ աշխատել է, իրեն դրսեւորել է գերգերազանց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ