Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ էր խանգարում ԲՀԿ-ին զբաղվել շինարարությամբ ու փոփոխություններով». Ալեն Սիմոնյանը՝ «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցչին

Փետրվար 27,2017 15:43

«2008 թվականից ի վեր արտագաղթ, տնտեսական անկում, երկրորդ կարծիք չկա, որ պետք է գնանք լուրջ փոփոխությունների: Կառուցենք ազատ ու նորմալ հասարակություն՝ ճիշտ իրավական հարաբերություններով»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը՝ հիշեցնելով իրենց դաշինքի կարգախոսը՝ «Փոփոխությունների ու կառուցելու ժամանակն է»:

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը հակադարձեց, թե 2008թ -ից հետո «Բարգավաճ Հայաստանը» իշխանության մաս է կազմել. «Եվ որեւիցե մեկը ԲՀԿ-ին չի խանգարել փոփոխություններով ու շինարարությամբ զբաղվել Հայաստանում, կարծում եմ՝ քաղաքացին իր գնահատականը կտա»:

Մանուկ Սուքիասյանն էլ շեշտեց՝ ԲՀԿ-ն, լինելով իշխանության մաս, կամովին հրաժարվել է դրանից. «Ծրագրային 15 կետը իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ ռեալ իշխանություն, իշխանության մաս կազմելը բավարար չէ »: Միաժամանակ նա հստակ պատասխան չտվեց Ալեն Սիմոնյանի հարցին, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմե՞ն, թե՞ ոչ: Ասաց՝ այդ հարցի վերաբերյալ քննարկում չեն ունեցել:

Ալեն Սիմոնյանն ասաց՝ ծանոթ չէ ԲՀԿ-ի 15 քայլերին, հետեւաբար, դրա վերաբերյալ մեկնաբանություն չունի:

Նա հիշեցրեց, որ իրենց դաշինքը ընտրությունների է գնում «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով, դա իրենց ճանապարհային քարտեզն է. «Երբեւէ չենք քննարկել՝ քանի տոկոս ենք հավաքելու ընտրություններին, առավելագույն հնարավորություններով ենք գնում»:

Ինչու ընտրել հենց «Ելքին», ըստ Ալեն Սիմոնյանի, որովհետեւ իրենք երբեւէ իշխանության հետ չեն համագործակցել, ու միակ ուժն են, որ այս փուլում հայտարարել են՝ ՀՀԿ-ի հետ ԱԺ-ում կոալիցիա չեն կազմելու որեւիցե պարագայում. «Որեւէ ուժ նման հայտարարություն այս փուլում չի արել, բացի այդ, շատ կարեւոր է՝ մեր պատգամավորների գործունեությունը, նրանց անցած ճանապարհը, երիտասարդ թիմ ենք»:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Էդգար Առաքելյանն էլ ասաց, որ մարտի 6-ին կհրապարակեն 30 կետից բաղկացած ծրագիրը. «30 կետեր, որոնք կփոխեն Հայաստանը, որի մեջ մտնում թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտների փոփոխությունները, բոլորն էլ փաստարկված են»:

Անդրադառնալով ՀՎԿ-ի մշտական խոստմանը, թե ավանդները վերադարձնելու են, Ալեն Սիմոնյանը հեգնեց. «Ավանդների մասին խոսում ենք, որովհետեւ այն անհնար է վերադարձնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728