Անվճար բնակարաններ, անվճար բուժում ու անվճար կրթություն՝ այս երանելի «խոստումներով» կոմունիստական կուսակցությունը փորձելու է ժողովրդին հանել թմբիրից: Այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը:
«Կոմունիստական կուսակցությունն այս ընտրություններում ունենալու է մեծ հաջողություն, որովհետեւ մեր ժողովուրդն այսպես ապրել չի կարող, այս ճանապարհը, որը նրան ցույց են տվել ու, որում հայտնվել է, փակուղի է: Կոմունիստներն այսօր առաջարկելու են այն ճանապարհը, որը մարդուն արժանապատիվ կյանք կապահովի: Վստահ ենք, որ մեր ժողովուրդը, ի վերջո, տեր է կանգնելու անվճար կրթվելու, անվճար բնակարաններ ստանալու, անվճար բուժվելու, աշխատանք ունենալու իրավունքին»,- ասաց պարոն Սաֆարյանը:
Ըստ նրա, ելնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակից, կոմկուսը մշակել է այս իրավիճակից դուրս գալու ելքեր: ԱԺ ընտրություններին մասնակցելով՝ նպատակ ունեն ցույց տալ ժողովրդին այս իրավիճակից դուրս գալու ելքերը.
«Հայաստանի տնտեսության զարգացման խնդիրները տեսնում ենք արդյունաբերության զարգացման խնդիրների մեջ, մեր կարծիքով, այն բյուջետային համակարգը, որը գործում է, ի զորու չէ ապահովել ռեալ հենքեր, որով կլուծվեն սոցիալական խնդիրները»:
Կարդացեք նաև
Եթե կոմկուսին հաջողվի խորհրդարան մտնել, ըստ պարոն Սաֆարյանի, առաջին օրենսդրական նախաձեռնությունը արդյունաբերության քաղաքականության մասին է լինելու, նրանք արդեն նախագծի վրա աշխատում են, որոշ մշակումներն արել են:
Կոմկուսը առաջիկա ընտրություններին կմասնակցի «Հայրենիք սոցիալիզմ, աշխատանք» կարգախոսով: «Սրան ավելացնում ենք նաեւ Չարենցի արտահայտությունը՝ մեր արդար գործին պարտություն չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ