«Այժմ տեղի է ունենում ընդհատակյա իշխանափոխություն»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը: Նա փաստեց, որ այժմ ՀՀ քաղաքական դաշտում չունենք երկու տարբեր ճամբարներ, այլ ունենք ուժեր, որոնք անընդհատ փոխում են իրենց տեղը, և շփոթված ընտրողը չի հասցնում հասկանալ՝ որ ուժը դարձավ իշխանություն, որն ընդդիմություն: Ըստ քաղաքագետի՝ ստեղծված իրավիճակում իշխանափոխության մի շերտը փոխարինվում է մյուսով:
Այս մթնոլորտում տիկին Սեդրակյանն ամենամեծ խնդիրը համարում է անտեղյակ ընտրողը:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս առիթով հիշեցրեց երկրում տիրող աղքատության ծավալները. «Եթե քո բնակչության մոտ 60 տոկոսը աղքատության շեմին է՝ 34 տոկոսը՝ պաշտոնապես, բայց բավականին արհեստական, ապա աստիճանաբար տարիների ընթացքում իրենց մոտ ուրիշ արժեհամակարգ է սկսում ձևավորվել, սկսում է հասարակությունն այլ պահանջներ ունենալ: Հիմա տեսնում ենք, որ քաղաքական ուժերը փորձում են այդ պահանջարկը բավարարել: Պահանջարկ-առաջարկ համակարգը սկսել է այստեղ էլ աշխատել: Գրեթե ապագաղափարական ընտրություններ են որոշակի բացառությամբ: Չեմ տեսնում, որ հասարակությունն էլ լուրջ պահանջներ ունի, որ հստակ տարանջատի աջեր, ձախեր և այլ»:
Անուշ Սեդրակյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Հասարակությունն անտեղյակ է այդ հարցերից, նայում է՝ 20.000-50.000, հիմա իրենց հետաքրքրում է ընտրակաշառքի շեմը»:
Կարդացեք նաև
Քաղաքագետ Սարո Սարոյանը հավաստիացրեց, որ նոր վարչախմբի ձևավորման ամենամեծ կողմնակիցն ինքն է և իր նման մտածող մարդիկ. «Եթե ՀՀ-ում չկան ազատ ընտրություններ և դրանք չեն արտահայտում ընտրողների մեծամասնության կամարտահայտությունը, ապա ի՞նչ է սա: Տարբեր անվանումներ տրվել են, բայց ամենատիպիկ բացատրությունն այն է, որ ընտրություններն ընդամենը քաղաքական միջոցառում են: Ի՞նչ իշխանափոխության մասին է խոսքը, եթե մեր երկրում չկան ազատ ընտրություններ: Ողջ հանրությունը պետք է լծվի ազատ ընտրությունների հաստատման գործին: Բոլորն էլ գիտեն, որ այսպես կոչված ընդդիմադիր կուսակցությունները փորձում են մի քանի մանդատների խնդիր լուծել»:
Ըստ տիկին Սեդրակյանի՝ ընդդիմության հիմնական խնդիրներից է նաև այն, որ նա իշխանությունից տարբերվելու շանսեր չունի. «Հայաստանի ընդդիմությունը չունի ընդդիմադիր մեխանիզմ: Ընդդիմադիր պայքարում նա կիրառում է իշխանության մեխանիզմը: Ընտրակաշառքի մասին չէ խոսքը, քանի որ եթե նման լծակներ ունենար ընդդիմությունը, գուցե ընդդիմադիր չէր էլ լինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի