Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Ինձանից ոչինչ կախված չէ»-ն ճորտի հոգեբանություն է» (Տեսանյութ)

Փետրվար 27,2017 14:08

Փետրվարի 27-ին «Հայելի ակումբում» հյուրընկալվել էին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը եւ հոգեբան  Սամվել Խուդոյանը: Նրանք խոսեցին ներքաղաքական իրավիճակի, առաջիկա ընտրությունների, քարոզարշավի ու կուսակցությունների կարգախոսների մասին: Հոգեբանը նշեց, որ կուսակցական կարգախոսներում էգոցենտրիզմի երեւույթն է տիրում. «Իրենք իրենց տեսակետից են նայում, թե ինչ է պետք ժողովրդին, նրանց կարծիքով՝ փոփոխությունը ընդամենը պաշտոնների փոփոխությունն է, նրանց կարգախոսներում արտահայտություններ են՝ մենք կարող ենք, անվտանգություն եւ այլն, սա ինքնավստահության խնդրի մասին է խոսում: Չեն կարողանում հասկանալ, թե իրականում ինչ է պետք ժողովրդին: Եվ որ ամենակարեւորն այն  է, որ կարգախոսներից պակասում է արդարություն բառը, որի կարիքը ժողովուրդը շատ ունի»:

Սամվել Խուդոյանի ձեւակերպմամբ, իշխանությունը շատ լավ գիտի, որ իրեն չեն վստահում եւ չեն սիրում, դրա համար էլ թշնամանք կա հակառակ կողմի հանդեպ: «Խաբելու դիրքորոշումն էլ է առկա, ժողովրդի կողմից էլ դրա պրոյեկցիան է՝ անվստահությունը:  Այս ամենի հիմքում կուզենայի բարոյական հիմքերի վրա ուշադրություն դարձնել»,-նշեց նա:

Ռուբեն Բաբայանը կատակեց, որ կարգախոսների մեծ մասնագետ չէ եւ դրանց լուրջ էլ չի վերաբերվում: «Մեծ տարբերություն կա կարգախոսների եւ ռեալ կյանքի միջեւ: Ինձ ավելի շատ անհանգստացնում է տիրող վիճակը: Մենք շատ ենք քննադատել իշխանությանը եւ ընդդիմությանը եւ անտեսել ենք հասարակության  բարոյական վիճակը: Հերթեր են գոյանում փող ստանալու համար, եւ սարսափելին այն է, որ դա արդարացնում են, արդարացումը դարձել է մեր կյանքի գլխավոր թեզը, իսկ եթե կա փոքր չափով արդարացման տեղ, որ մարդը ուտելու փող չունի, դրա համար է կաշառք վերցնում, երեխայի ուսման վարձ չունի եւ այլն, բարոյականությունը սկսում է բաժանվել տարբեր ճամբարների մեջ գտնվելու, սոցիալական վիճակի: Մենք միշտ մեր մեղքերի պատճառը փնտրում ենք մեզանից դուրս, դրա համար էլ մեզ զրկում ենք լավ ապրելու հնարավորությունից: Մենք ներսից դադարել ենք փոխվել դեպի լավը:

Օրինակ, Ֆրանսիական հեղափոխությունը հոյակապ կարգախոս բերեց՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն, ամերիկյան սահմանադրությունն էլ ասում է՝ ազատություն յուրաքանչյուրին, կրթություն՝ բոլորին: Մեր կուսակցություններից որեւէ մեկի կարգախոսի  մեջ չկա կրթություն բառը: Մենք չենք ունենա լավ երկիր, միայն բարձր կրթական ցենզ ունեցող հասարակությունը կարող է պայքարել եւ ստեղծել նորմալ պետություն»,- ասաց ռեժիսորը:

Ռուբեն Բաբայանը հավելում է. «Շատ է տարածվում հասարակության մեջ հերթական թեզը, որ մեզանից որեւէ բան կախված չէ: Նման գաղափարով շարժվողներին հակադարձեմ՝ եթե ձեզանից ոչինչ կախված չլիներ, ձեզ փող չէին տա: Բոլոր խոսքերը, որ ինձանից ոչինչ կախված չէ, ճորտի հոգեբանության արդյունք է»:

Սամվել Խուդոյանը կեսկատակ-կեսլուրջ առաջակում է բոլորից էլ  ընտրակաշառք վերցնել, ասում է՝ աճուրդ է սկսվել՝ ով ավելի շատ: «Թող ժողովուրդն էլ իրենց ձեռ առնի»,-ասում է հոգեբանը: Բայց նաեւ փաստում է՝ բարոյականության հետընթաց է գրանցել:  «Մի նայեք, տեսեք,  թե իշխանությունների ելույթների տակ ինչեր են գրած, կանայք են անգամ հայհոյում, հզոր ագրեսիա, միտում կա, ժողովուրդը վրդովված է, անելանելիության զգացողություն ունի, հուսահատություն է: Օրինակ, Քոչարյանի ընտրություններին՝ 98-ին հոգեբաններ էին կանչել, ժողովրդին իրենցով անելու համար, հիմա այդ հարցը շպրտված է մի կողմ, նույնը փողով, լցոնումներով են անում»:

Ռուբեն Բաբայանը ռեպլիկ արեց. «Իշխանությունը մտածում է՝ ինչո՞ւ հոգեբան կանչել, երբ կարելի է մի հոգեբանի փողով 100 հոգու առնել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728