Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Համահայկական կարողություն (կապիտալ)

Փետրվար 27,2017 14:04

Հայ ժողովուրդն իր մի քանի հազարամյա պատմության ընթացքի վերջին հազարամյակում, երկար ժամանակ լինելով պետականությունից զրկված, ունեցել է առևտրական և գործարար, ապա և` մշակութային համայնքներ իրենց վառ ներկայացուցիչներով, որոնք ունեցել են և ունեն լուրջ դերակատարություն` համաշխարհային տնտեսության, մշակույթի, քաղաքակրթության և կապիտալի ձևավորման մեջ: Այսօր հայ ժողովրդին պատկանող կապիտալը ողջ աշխարհով, ըստ փորձագիտական տվյալների, կազմում է յոթ հարյուր միլիարդից մինչև տրիլիոն  դոլար:

Ժամանակակից հայ հասարակությունը` 21-րդ դարի հայերը, ապրելով հետինդուստրիալ հասարակությունում, հաստատելով  համայնքներ աշխարհի բազմաթիվ երկրներում,՝ ստեղծել են հսկայական նյութական կարողություններ, սակայն անմասն են մնացել Հայրենիքի նկատմամբ ունեցած քաղաքացիական և քաղաքական իրավունքների իրացումից և պարտականությունների իրականացումից: Ֆիզիկապես երկար հեռավորությունների վրա գտնվելը Հայրենիքից այսօր արդեն խոչընդոտ չէ` համահայկական քաղաքացիական, քաղաքական, մշակութային և տնտեսական ցանց ստեղծելու համար: Արցախի և Հայաստանի Հանրապետությունները դիտարկելով որպես համասփյուռ հայության կենտրոն, որի քաղաքական համակարգը` օրենսդիր և գործադիր կառույցների ձևավորումը և նրանց մեջ ընդգրկվելը մատչելի պետք է լինի յուրաքանչյուր հայի համար, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է նա գտնվում, դարձել է անհրաժեշտություն:

Ժամանակակից աշխարհում հայ համայնքները, ունենալով արխայիկ ծագում և գլոբալիզացիոն բնույթ, համահայկական քաղաքացիական, քաղաքական, մշակութային և տնտեսական ցանցը հիմնելու համար նպաստավոր պայման են ստեղծում` 21-րդ դարի նոր Հայկական պետականության մեջ ժամանակակից հայերի ինտեգրման և կապի ամրապնդման տեսանկյունից:

Հայերը, ունենալով զգալի դիրքեր ժամանակակից աշխարհի պետություններում, ունենալով ահռելի նյութական կարողություն, ունեն հնարավորություն և պարտավոր են ստեղծել քաղաքացիական և քաղաքական համագործակցության աշխարհասփյուռ ենթակառուցվածքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել ազգային հեռանկարային նշանակալի ձեռքբերմանը` ազգային կատարյալ անկախ պետականություն ունենալուն պատմական Հայրենիքում:

Յուրաքանչյուր ազգի կայացման գործում էական է նրա գաղափարական արժեհամակարգը, որի ներքո ապրում և արարում է ժողովուրդը: Մենք` 21-րդ դարի հայերս, ազգային քաղաքական կառույցի կողմից դեռ չենք հռչակել մեր ազգային գաղափարախոսությունը, չենք ընդունել մեր համազգային զարգացման ծրագիրը:

Ներկայիս համասփյուռ հայության կապիտալն ազգային պետության վերստեղծմանը չծառայելու պատճառը ամենևին հայերի հայրենասիրության պակասը կամ ազգային ծրագրերի հաշվին խնայողություններ անելը չեն: Դարեր շարունակ ողջ հայոց մշակութային, կրթական և հոգևոր կյանքը կազմակերպվել է հենց հայրենասեր հայերի տեսակի նյութական միջոցներով, ինչը, սակայն, բավարար չէ ազգային և գաղափարական առումով պատմական Հայրենիքում ազգային կատարյալ պետականության վերածննդի համար: Հայոց հոգևոր կառույցների` եկեղեցու դերակատարությունը սահմանափակվել է միայն հայապահպանության և հայկական ավանդույթներին հետևելու քաղաքականությամբ: Հետևաբար, առանց ազգային զարգացման քաղաքական ծրագրի`  գործող  համասփյուռ հայկական համայնքները ժամանակի մեջ միաձուլվում են, և նրանց կարողությունները ծառայում են օտար պետությունների զարգացման ծրագրերին:

Չնայած նրան, որ ունենք 25-ամյա անկախ Հայկական պետականություն` Արցախի և Հայաստանի Հանրապետություններ, հայ ժողովուրդը չկարողացավ ապահովել քաղաքացիական, քաղաքական, մշակութային, տնտեսական, գիտական և ռազմական վերելք Հայկական պետականության ներքո: Ազգային քաղաքական միտքն էլ  զարգացման առումով մնաց սաղմնային վիճակում:

Համասփյուռ հայ ժողովուրդը չբարձրացրեց իր քաղաքակրթական մակարդակը և դուրս չեկավ այն նեղ կաղապարից, որի մեջ ապրում էր երկար դարեր: Մենք չհասկացանք ազգային պետության կարևորությունը` որպես ազգի գոյության երաշխիք: Հայ քաղաքական մտքի զարգացումը և գործնական քայլերի նախաձեռնությունը սփյուռքահայ համայնքներում ավանդական հայկական կուսակցությունների, կրթօջախների և հոգևորական կառույցների կողմից առավելագույնը սահմանափակվեց Հայոց ցեղասպանության ճանաչմամբ:  Սփյուռքահայությունը և Արցախի ու Հայաստանի Հանրապետություններում  ապրող հայրս ի վիճակի չեղանք զարգացնելու քաղաքական միտքը, ինչը հանգեցրեց ազգային քաղաքական ոգու ճահճացման:

Համասփյուռ հայության զգայուն, պատրաստակամ ու պարտաճանաչ մասնակցությունը հայ ժողովրդի քաղաքական կյանքում դարձել է պարտադիր և անփոխարինելի գործառույթ:

21-րդ դարում Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունների պայմաններում` աշխարհաքաղաքական կենտրոնները չեն բացառում Թուրքիայի մասնատումը, Միջին Արևելքի նոր քաղաքական քարտեզի գծումը` նոր պետությունների ձևավորմամբ:

25 տարիների ընթացքում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների իշխանությունները ազատվեցին մրցունակ հայերից, հիմնականում բոլոր ունակ և կարող հայերն արտագաղթեցին, ինչն էլ իր հերթին հարված հասցրեց  հայ ժողովրդի քաղաքական ծրագրերի իրականացմանը:

21-րդ դարի հայի քաղաքական փիլիսոփայության անկյունաքարը պետք է լինի անդրսահմանային հայ ազգի ներկայացուցիչների ուղղակի ներգրավվածությունը  Հայկական ազգային կատարյալ պետականություն կառուցելու քաղաքականությունում:

 

Զարուհի Փոստանջյան

27.02.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728