Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ներկայացում`  սիրիահայերի մասին, սիրիահայերի մասնակցությամբ. «Մանանա»

Փետրվար 27,2017 13:41

2017թ. փետրվարի 26-ին` Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի Փոքր բեմում, «Թատրոն 8»-ը` ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ, ներկայացրեց «Մանանա» թատերական պատումը:

Գարոն և Հովակը Սիրայի աղետից մազապուրծ եղած եղբայրներ են: Նրանք անասելի դժվարությամբ են փրկվել և պատրաստվում են հեռանալ պատերազմական Սիրիայից: Ի՞նչ անել, ու՞ր գնալ կյանքը շարունակելու համար: Ներկան անորոշ է, սակայն եղբայրները հույս ունեն ստեղծել լավ ապագա: Ճանապարհը նրանց բերում է  Հայաստան: Սիրիահայ եղբայրների հոգեվիճակը հակասական է. Հովակը ձգտում է մանանայի ետևից գնալ արտասահման, Գարոն ավելի լավատես է Հայաստանում վերսկսած կյանքի հանդեպ:

Երևանում ակումբ բացելուց հետո եղբայրները ծանոթանում են տեղացի երկու աղջկա հետ: Նարեն երիտասարդ, եռանդուն, կազմակերպչական մեծ ջիղով օժտված աղջիկ է: Իսկ Էնին հուսահատ է երկրում տիրող անարդարություններից, որոնք նաև իրեն անձամբ են ցավեցրել, նա  մտածում է հեռանալու մասին:

Ժամանակի ընթացքում Հովակի և Էնիի ճանապարհները խաչվում են և զգացմունքներն ու երկրից հեռանալու ցանկությունն ի վերջո նրանց տանում է Փարիզ` մանանայի ետևից: Գարոն հուսահատության մեջ է. Եղբայրը հեռացավ Ֆրանսիա, ծնողները գնացին Կանադա` քրոջ մոտ: Թևաթափ եղած` նա որոշում է վերսկսել կիթառ նվագելը և այդպես վաստակել` թողնելով ակումբը: Նարեն օգնում է նրան նոր աշխատանք գտնել:

Մեծ եռանդով ստեղծված ակումբում թողնելով իրենց սիրտը` Գարոն և Հովակը պարբերաբար վերադառնում են այնտեղ: Գարոն` ֆիզիկապես, Հովակը` մտովի: Ի վերջո մանանայի փնտրտուք արդյունք չի տալիս:: Էնիի հորդորով Հովակը վերադառնում է: «Այնտեղ մանանա չէին բաժանում»,- ասում է նա եղբորը:

Ներկայացմանը խաղում են ինչպես երևանաբնակ, այնպես էլ հրավիրված երկու սիրիահայ դերասաններ: Ներկայացումը փորձ է նաև աջակցելու նրանց ինտեգրման գործընթացին և ստեղծելու երկխոսություն հայրենադարձ սիրիահայերի և հայաստանաբնակ հայերի միջև:  Ներկայացմանը ներկա սիրիահայերի մեծ մասը նշեց, որ այն հիանալի կերպով արտացոլել է իրենց զգացմունքները և ապրումները ու ևս մեկ անգամ համոզել, որ Հայաստանում ապագա ստեղծել ավելի ամուր հիմքերի վրա կլինի:

Բեմադրող ռեժիսոր` Կարապետ Բալյան:

Դերերում` Հովակ` Մոսես Սարգսիսեան (Սիրիա-Հայաստան), Գարո` Պերճ Ճելլատեան (Սիրիա-Հայաստան), Էնի` Մարիանա Եղիազարյան, Նարե`Ժաննա Հովակիմյան, Համակարգի աշխատող` Մակար Գալստյան:

Ներկայացման առաջիկա ամսաթվերի մասին «Թատրոն 8»-ը և ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղանը կտեղեկացնեն հավելյալ:

###

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996 թ-ին: Կլոր սեղան հիմնադրամը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն նպաստում է աղքատության վերացմանը, կայուն համայնքների զարգացմանը, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածությանը, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝ համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա, կարողությունների զարգացում, տարածաշրջանային խաղաղություն և հաշտեցում, արտակարգ իրավիճակներ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728