Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը Լապշինին կուլ տվեց, բայց չի մարսելու». Արա Զոհրաբյան

Փետրվար 27,2017 13:35

Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ Ադրբեջանի սկսած իրավական հետապնդման հաջողությունը հավասարեցված է զրոյի:

«Մեդիա կենտրոնում» «Ադրբեջանի որոշումը ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ. որո՞նք պետք է լինեն Հայաստանի հակաքայլերը» թեմայով հրավիրված քննարկմանը ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այս առիթով պարզաբանեց. «Ադրբեջանը Եվրախորհրդարանի երեք պատգամավորների մեղադրանքի հիմքում դնում է այն, որ իբր նրանք անցել են Ադրբեջանի սահմանը: Մինչդեռ նույն Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի կողմից պահպանվող պետական սահմանը հատելն է իրավական առումով պատժելի: Ակնհայտ է, որ Արցախի հանրապետության սահմանն իրենց կողմից չի վերահսկվում, սա նշանակում է, որ նշված հոդվածը Ադրբեջանն ընդհանրապես կիրառել չի կարող»:

Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային՝ պարոն Զոհրաբյանն ասաց. «Համաձայն Կոնվենցիայի՝ որևէ մեկին չի կարելի հետապնդել քաղաքական կամ այլ հայացքների համար: Պատգամավորներն իրենք իրենց վարքագծով ցույց են տվել իրենց դիրքորոշումը, և տվյալ դեպքում միայն այդ միջոցառմանը մասնակցելու համար պատգամավորների նկատմամբ նման վարքագծի ցուցադրումը Ադրբեջանի կողմից խտրականության արգելման սկզբունքի խախտում է, ուստի Ադրբեջանի շանսերը հավասարեցված են զրոյի»:

Արա Զոհրաբյանը շեշտեց, որ նաև Ինտերպոլի կանոնադրության համաձայն, եթե տվյալ երկրի դիմումում կա քաղաքական բաղադրիչ, դա բավարար է, որ Ինտերպոլը դիմումը մերժի:

Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք նման միջադեպերը նախադեպային չե՞ն լինի և շատ անձանց հետ կպահեն Արցախ այցելելուց, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր եւ նախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը նկատեց. «Նման հայտարարություններն այն մարդկանց վրա են ազդելու, որոնք չունեն կարգավիճակ՝ պատգամավորի կամ այլ»:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը անհրաժեշտություն է տեսնում իրավական հարցականի տակ դնել «սև ցուցակ» երևույթն ինքնին. «Ոչ միայն քրեական հետապնդումը պետք է համարենք ոչ իրավաչափ, այլ լրջորեն զբաղվենք սև ցուցակի՝ իրավական առումով առ ոչինչ լինելը ընկալելի դարձնելու առումով: Օրինակ՝ Լապշինի գործով մենք դա անում ենք, որ միջազգային շփումներում մեր փաստարկները լինեն ավելի հիմնավորված»:

Իսկ թե ի՞նչ պետք է անել քարոզչական տիրույթում՝ քաղաքագետ Մելիք-Շահնազարյանը ներկայացրեց. «Համապատասխան կառույցները, ովքեր աշխատում են Ինտերպոլի հետ, պետք է կարողանան իրավական առումով փաստերը ներկայացնել այնպես, որ նաև այնտեղ հասկանան Ադրբեջանի իրական նպատակները, որ չկա իրավական, այլ կա քաղաքական հետապնդում: Ադրբեջանը ստեղծում է ինֆորմացիոն աղմուկ և փորձում բոլորին ներքաշել այդ ամենի մեջ: Մենք էլ, ցավոք, ներքաշվել ենք, քանի որ չկա այլ տարբերակ»:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կոնկրետ քայլեր են հայկական կողմից ձեռնարկվել Եվրախորհրդարանի պատգամավորների գործով և արդյոք դրանք բավարա՞ր են, պարոն Մելիքյանը հղում կատարեց հանրային տիրույթում կատարված հայտարարություններին և ուղերձներին: Այնուհետև շեշտեց. «Մեր անելիքը գտնվում է ճիշտ իրավական փաստարկներ կենտրոնացնելու, մեր անհատական հանդիպումներում աշխատանքներ տանելու մեջ: Եթե ժամանակին Ադրբեջանը գլխատում էր Արցախը պաշտպանող զինվորին, հիմա Արցախի վերաբերյալ ազատ խոսքն է գլխատում: Լապշինի գործով կատարվելիք քայլերի առերևույթ պակասը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանն իր դիրքորոշումներն ավելի խստացրեց և Եվրոպային մարտահրավեր նետելու կարիք տեսավ»:

Ռուբեն Մելիքյանը նաև շեշտեց, թե Արցախ այցելած մարդիկ պետք է գիտակցեն, որ այցելում են պետություն, որը չունի միջազգային տարածում և հասկանան, որ եթե որևէ ոչ ժողովրդավարական երկրում հայտնվեն, խնդիրներ կունենան. «Մենք չենք կարող հայտարարել, որ երաշխիքներ կտանք, թե նրանք ուրիշ երկրների իրավազորության ներքո խնդիրներ չեն ունենա: Եթե հինգ հոգի չի գալիս Արցախ այդ պատճառով, վեց հոգի հենց այդ պատճառով է գալիս»:

Հարցին՝ ԵԽ պատգամավորների հետ կատարվածի պատճառը նաև այն չէ՞ր, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը և ընդհանրապես պետական մակարդակով Լապշինի գործով բավարար քայլեր չձեռնարկվեցին, պարոն Զոհրաբյանը նկատեց, թե գուցե թաքնված քայլեր ՀՀ ԱԳՆ-ն ձեռնարկում է, այնուհետև նշեց. «Ադրբեջանը Լապշինին կուլ տվեց, բայց չի մարսելու»:

Արա Պապյանն էլ արձագանքեց, թե կարևորի ու ջանքերի ծավալը չէ, այլ արդյունքը: Պարոն Պապյանը «շատ թերացումներ է տեսնում ԱԳՆ աշխատանքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728