Պակիստանյան GIDS (Global Industrial & Defence Solutions) ընկերությունը հետաքրքրված է Ադրբեջանի հետ համագործակցությամբ՝ ցամաքային զորքերին, ծովային ուժերին և ներքին զորքերին անհրաժեշտ զինամթերք մատակարարելու ոլորտում: Այս մասին Report ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ընկերության ղեկավար, պաշտոնաթող գեներալ-մայոր Տարիգ Ջավաիդը:
«Մենք ներքին զորքերին մատակարարում ենք սաղավարտներ, ծխե ռումբեր: Ինչ վերաբերում է ռազմածովային ուժերին և ցամաքային զորքերին, մենք ունենք պայմանագրեր և ակնկալում ենք, որ այն կհաստատվի երկու երկրների բարձրաստիճան անձանց կողմից»,-ասել է Ջավաիդը:
Ընկերության ղեկավարը նաև հաղորդել է Ադրբեջանին ձեռքի նռնակների արտադրության տեխնոլոգիա փոխանցելու հետաքրքրվածության մասին: «Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կողմից կա որոշակի պայմանավորվածություն այս հարցի վերաբերյալ»,-հավելել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ