Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտվում են ընտրողների իրավունքները, բայց Մարդու իրավունքների պաշտպանը չի շտապում դիմել Սահմանադրական դատարան

Փետրվար 27,2017 13:09

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2017 թ. փետրվարի 7-ին գրությամբ դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի  սահմանադրականությունը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հարցով: Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ Ընտրական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը հակասահմանադրական է երկու իմաստով:

Նախ՝ Ընտրական օրենսգրքի՝ 2016 թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտնելը հակասում է 2015 թ. ընդունված Սահմանադրության 209-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն՝ Սահմանադրության մի շարք դրույթներ, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների անցկացման կարգն ու ժամկետները սահմանող հոդվածները, ուժի մեջ են մտնելու ՀՀ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Հետևաբար՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների անցկացման օր նշանակելիս պետք է առաջնորդվել 2005 թ. ընդունված Սահմանադրության համապատասխան դրույթներով, որով հերթական ընտրության օր կարող է նշանակվել 2017 թ. ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում միայն: Եվ երկրորդը, որը բխում է դրանից, այն է, որ ընտրությունները կազմակերպելով ավելի վաղ, քան նախատեսված է Սահմանադրությամբ՝ խախտվում են նաև այն անձանց իրավունքները, որոնց ընտրական իրավունքը ծագում է ապրիլի 2-ից 22-ն ընկած ժամանակահատվածում:

Նրանք փաստացի զրկվում են իրենց ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից: Մարդու իրավունքների պաշտպանը 2017 թ. փետրվարի 21-ի գրությամբ հայտնել է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի հնարավոր հակասահմանադրականության հարցի կապակցությամբ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ, դրանց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Ինչքան կտևեն Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները, հայտնի չէ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728