ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը («Լֆիկ») չի լսել Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրակաշառքների բաժանման դեպքերի մասին: Այդ մասին, այսօր, ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց նա:
Aravot.am-ի տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանին պատկանող VEGA խանութների ցանցում վճարում են համայնքի բնակիչների մինչեւ 150 հազար դրամ վարկերը:
Լրագրողներից մեկը հարցրեց`իսկ բարեգործություն չե՞ք անում: «Այո, անում եմ, բայց դա ի՞նչ կապ ունի ընտրակաշառքի հետ»,- ասաց Սամվել Ալեքսանյանը։
Նույն ընտրատարածքում առաջադրված, Սամվել Ալեքսանյանի «եկեղեցով քրոջ»`Հեղինե Բիշարյանի հետ ձայները բաշխելու հարցին էլ նա այսպես պատասխանեց. «Բիշարյանի հետ մենք միշտ էլ հաշտ ենք։ Ինքը միշտ էլ Շենգավիթ համայնքից դրել է, հիմա մենք մեղավո՞ր ենք, որ այդ երկու համայնքը իրար միացրին»: Սամվել Ալեքսանյանը նաեւ հավելեց, որ հարազատներով նույն ընտրատարածքից առաջադրվելու մեջ վատ բան չի տեսնում։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին`իր կարծիքով այս ընտրություններում ՀՀԿ-ն որքա՞ն ձայն կհավաքի, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց, որ միայն ընտրությունը ցույց կտա, թե հանրապետականը քանի տոկոս ձայն կհավաքի։ Իսկ եթե ինքը հանկարծ չանցնի, ապա կշարունակի բարեգործություն անել։
Իսկ ինչպե՞ս է պահքի շրջանում առանց սուտ խոսելու քարոզարշավ անելու եւ ի՞նչ է ասելու իր քարոզարշավի ժամանակ հարցերին էլ այսպես պատասխանեց. «Բայց ո՞վ ասաց, որ մենք սուտ ենք խոսում, ես սուտ չեմ խոսելու։ Իսկ եթե ձեզ հետաքրքրում է, եկեք քարոզարշավի ու կիմանաք, թե ինչ եմ ասելու։ Հիմա խի՞ ասեմ ձեզ, մեկ էլ գնաք ուրիշներին ասեք»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Զրույցին միջամտեց Առաքել Մովսիսյանը («Շմայս»): «Էս ու՞մ ախպորն եք վրա տվել»,- լրագրողներին դիմեց նա: Առաքել Մովսիսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց`ինչպե՞ս են գեներալների հետ ձայները կիսելու Արմավիրում: Հիշեցնենք, այդ ընտրատարածքում առաջադրվել է նաեւ Սեյրան Սարոյանը, իսկ ընդհանուր իրավիճակը վերահսկելու է Մանվել Գրիգորյանը: Առաքել Մովսիսյանն ասաց. «Չենք կիսելու, ինչ ցանել ես, էն էլ հնձելու ես»: Իսկ Սամվել Ալեքսանյանը միջամտեց. «Ընենց եք ասում, ոնց որ կարագա, պետք ա տռոսով կտրեն»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ