Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը իրավական հիմքեր չունի պնդելու, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան

Փետրվար 27,2017 12:43

ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային խումբ է ստեղծել ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը կազմակերպելու նպատակով: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ասուլիսի ժամանակ պարոն Թաթոյանն ասաց, որ խմբի առջեւ խնդիր է դրված մշտադիտարկումների միջոցով հետազոտել ընտրախախտումների մասին ԶԼՄ-ների ահազանգերը, օպերատիվ ուսումնասիրել եւ քննարկել դրանք: Պարոն Թաթոյանն ասաց նաեւ, որ խնդիր են դրել իրենց առջեւ դիտորների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների պաշտպանվածությունն ապահովել:

ՄԻՊ-ը ընտրությունների ժամանակ համագործակցելու է միջազգային եւ տեղական դիտորդների հետ: ՄԻՊ աշխատանքային խումբը կազմված է մոտ 20 հոգուց: Ըստ պարոն Թաթոյանի՝ գործելու են նաեւ մարզերում, աշխատելու են արտակարգ ռեժիմով՝ շուրջօրյա:

Պարոն Թաթոյանը նաեւ տեղեկացրեց, որ թեեւ ինքը դիտորդի առաքելություն իրականացնելու լիազորություն չունի, բայց ընտրախախտումների դեպքում անձամբ տեղամասեր է այցելելու: «Ընտրական ողջ գործընթացում գործելու ենք թափանցիկ ու անաչառ»,- ասաց պարոն Թաթոյանը:

Հարցին՝ չե՞ք վախենում ճնշումներից, պարոն Թաթոյանը պատասխանեց, որ այս պահին ինքը չունի որեւէ կաշկանդվածություն, չկան ճնշումներ եւ իր կարծիքով՝ չեն էլ լինի:

Արման Թաթոյանը ներկայացրեց ՄԻՊ մասին նոր օրենքի փոփոխությունները, որով ՄԻՊ-ի լիազորությունների շրջանակն է մեծացել, նաեւ ասաց, որ այսուհետ ՄԻՊ-ը հատուկ ներկայացուցիչ է ունենալու ԱԺ-ում եւ Սահմանադրական դատարանում, իսկ վերջինիս հետ նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՍԴ ուղարկված բոլոր դիմումները ՍԴ-ից իրենց էլ են ուղարկելու եւ եթե իրենք նկատեն մարդու իրավունքների խախտումներ, ապա կներգրավվեն այդ գործընթացում:

Հարցին՝ Ձեր գնահատմամբ քանի՞ քաղբանտարկյալ կա այս պահին Հայաստանում եւ ՄԻՊ-ը ի՞նչ քայլեր է ձեռնարկելու այդ ուղղությամբ, պարոն Թաթոյանն ասաց, որ իրավական հիմքեր չունի պնդելու, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան:

Մանրամասներն՝ ավելի ուշ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728