Լրահոս
Օրվա լրահոսը

Կսենյա Կիրիլովա. Ազգայնամոլությունից մինչեւ պետական դավաճանություն՝ ինչպե՞ս են Ռուսաստանում պայքարում այլախոհության դեմ

Փետրվար 27,2017 11:34

Արման Մանուսաջյանի եւ նրա ընտանիքի պատմությունը բացառիկ է նրանով, որ այնտեղ, թվում է, միաձուլվել են ժամանակակից Ռուսաստանում ռեպրեսիայի հիմնական ձեւերը՝ սոցցանցերում հրապարակված նյութերի համար հետապնդումները, Ուկրաինայի նկատմամբ դիրքորոշման համար հաշվեհարդարի կամ քրեական գործ հարուցելու սպառնալիքները, պետական դավաճանությանը մասնակից լինելու մեջ կասկածը, միայնակ ցույցերի համար ռեպրեսիաները եւ այլն: Եվ այս դեպքն առանձնապես հետաքրքիր է նրանով, որ ոչ Արմանը, ոչ նրա մտերիմները երբեք քաղաքացիական ակտիվիստ չեն եղել, անգամ քաղաքականությամբ երբեք չեն հետաքրքրվել: Հիմա Արման Մանուսաջյանը ԱՄՆ-ում է, որտեղ էլ իր պատմությունը պատմել է հատուկ «7 дней»-ին:

Արմանն ապրել է Ռուսաստանում եւ բավականին հաջողված բիզնես է վարել՝ զբոսաշրջային ընկերությունների ցանցով: Ղրիմի բռնակցման եւ Արեւմուտքի պատժամիջոցների հետ կապված, զբոսաշրջային ընկերություններն առաջինը եղան, որ սկսեցին վնասներ կրել: Դրան չհամակերպվելով՝ գործարարը սկսել է վերլուծել, թե ինչն է դարձել սահմանափակումների պատճառ եւ շուտով իր համար բացահայտել թերակղզու բռնազավթման անօրինականությունը եւ Մոսկվայի գործողությունների հաջորդականությունը:

«Ես սկսեցի այդ թեմայով նյութեր գրել, որոնք տպագրում էին ուկրաինական կայքերը: Բաց տեքստով գրեցի, որ Կրեմլի ամբողջ քաղաքականությունը հակասում է ժողովրդի շահերին՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ հարեւան երկրների, այդ թվում՝ Ղրիմի: Նշում էի, որ երկիրը զարգացնելու փոխարեն, Կրեմլն ամբողջ փողը ծախսում է պատերազմի վրա, ինչի հետեւանքով վիճել է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հետ: Հասկանալի է, աջակցում էի իր ազատության համար պայքարող Ուկրաինայի ժողովրդին: Իմ հոդվածներում բռնության եւ նման բաների ոչ մի կոչ չի եղել», – պարզաբանում է գործարարը:

Արմանի ազատամտությունը հենց այնպես չի անցել. Ինչ որ մեկը նրա «ոչ արժանավստահ» հրապարակումների մասին մատնություն է գրել ուղիղ Մոսկվայի Քննչական կոմիտե (հաշվի է առնվել, որ ինքը՝ գործարարը ապրել է Տվերում): Մանուսաջյաններին այցելել են «Э» Կենտրոնի աշխատակիցները եւ տանտիրոջը չհանդիպելով՝ հարցաքննել դստերը: Հետո Արմանին են հրավիրել Քննչական կոմիտե:

«Մի քանի հրապարակումներում ես պատճենահանել էի Պուտինի պատկերով ծաղրանկարներ, եւ ինչպես այն ժամանակ անում էին շատերը, նրա գործողությունները համեմատել Երկրորդ Համաշխարհայինի սկզբում Հիտլերի վարքի հետ: Նաեւ ցույց էի տալիս, որ Կիրիլ Գունդյաեեւի ղեկավարությամբ РПЦ-ն օգտագործվում է որպես Ռուսաստանի քարոզչամեքենայի մաս: Արդյունքում, քննիչը հայտարարեց, թե ես վիրավորում եմ հավատացյալների զգացումները եւ այն ռուսների, որոնք դրական են վերաբերվում նախագահին: Նա ինձ խոստացավ իմ բոլոր հոդվածների լեզվաբանական փորձաքննություն նշանակել՝ նախապես հասկանալ տալով, որ արդյունքը կլինի ՔրՕր-ի 202-րդ հոդվածը», – պատմում է այլախոհը:

Արմանը դրան զուգահեռ, ինչպես սոցցանցում, այնպես էլ ուղղակի՝ հեռախոսով, սպառնալիքներ էր ստանում անհայտ անձանցից, եւ իրեն սպառնացողների նկատմամբ քրեական գործ հարուցելու նրա բոլոր փորձերը հաջողություն չեն ունեցել: «Իմանալով սպառնալիքների մասին՝ ոստիկաններն ուղիղ երեսիս ասում էին, թե ինձ ոչ թե պաշտպանել է հարկավոր, այլ հակառակը՝ քրեական գործով նստեցնել», – հիշում է նա:

«Իրավապահների» հաջորդ թիրախը դարձել էր Արմանի ընտանիքը

Մի գեղեցիկ օր հարցաքննվելու է հրավիրվել Արմանի կինը, որը ոչ մի կապ չի ունեցել նրա հրապարակումների հետ:

«Մենք միասին գնացինք քննիչի մոտ, բայց ինձ աշխատասենյակ մտնել չթողեցին: Հարցաքննությունից հետո կինս դուրս եկավ բացարձակ շոկային վիճակում եւ ասաց, որ ինձ քրեական հոդված է սպառնում: Նրան հարցրել էին նաեւ, թե արդյոք աջակցո՞ւմ է ինձ: Նա էլ պատասխանել էր, թե միշտ աջակցում է իր ամուսնուն: Ասել էին, թե այդ դեպքում ինքն էլ ավտոմատ կերպով ընկնում է հոդվածի տակ: Եվ երբ տուն հասանք, փոստարկղում արդեն աղջկաս անունով էր ծանուցում եկել: Եվ ես հասկացա, որ պարզապես պետք է ընտանիքս փրկեմ», հիշում է Մանուսաջյանը:

Այդ ժամանակ Արմանի որդին սովորում էր Մոսկվայում եւ 2015-ի մայիսին պետդավաճանության մեջ մեղադրանքով ձերբակալված եւ 7 օրով դատապարտված պրոֆեսոր Վլադիմիր Լապիգինի ուսանողն էր: Իսկ թե ինչի համար էին դատապարտել, ոչ ոք չգիտեր, քանի որ գործը գաղտնիացված էր:

Արմանի որդին պաշտպանելու է ելել իր դասախոսին՝ միայնակ ցույց անելով, ինչի համար երիտասարդին հրավիրել են դեկանատ եւ պահանջել հրաժարվել իր գաղափարներից:

«Որդիս պատրաստ էր հրաժարվել քաղաքացիական ակտիվությունից, սակայն ազնվորեն ասել է, թե չի կարող ընդունել ծեր պրոֆեսորի ձերբակալությունը: Այդ ժամանակ նրան հեռացրին համալսարանից: Հետապնդումները շարունակվեցին նաեւ նրա նկատմամբ: Օպերատիվ աշխատողները այցելեցին նաեւ նրա տուն: Տպավորություն ստեղծվեց, որ նրանք որոշել են նրան պատժել ոչ թե Լապիգինին աջակցելու համար, այլ նրան նույնպես կասկածում են դավաճանության մեջ: Բանն այն է, որ որդիս աշխատում է ամերիկյան IBM ընկերությունում: Ոստիկանության աշխատակիցները որդուցս հետաքրքրվել են նաեւ հարեւաններից՝ հարցնելով, թե նրանք տեղյակ են, որ աշխատում է IBM ընկերությունում: Երբ նրանք գալիս էին նրա տուն, հարազատներս դուռն արդեն չէին բացում: Ես այդ ժամանակ հասկացա, որ մենք պետք է հեռանանք երկրից», – ամփոփում է Արմանը:

Հասնելով ԱՄՆ՝ Մանուսաջյաննների ընտանիքը քաղաքական ապաստան է խնդրել: Արմանի խոսքերով, հարցաքննություններից հետո նրա կինն ու դուստրը երկար ժամանակ հիվանդացել էին եւ անգամ Ամերիկայում արագ ուշքի չեն եկել: Իրենց մտածածն արտահայտելու իրավունքի համար նրանք հարկադրված էին բարձր գին վճարել՝ կորցնելով եւ բիզնեսը եւ հայրենիքը: Սակայն նրանք իրենց որոշման համար չեն ափսոսում՝ վերջին տարիներին առաջին անգամ իրենց անվտանգության մեջ զգալով:

Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728