Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող լինի մեր ֆիլիալը»

Փետրվար 27,2017 13:00

Մաեստրո Օրբելյանի եւ Էջմիածնի քաղաքապետի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել՝ անկախ մարզային ծրագրից, ներկայանալ այլ նախագծերով եւս
Հայաստանի մշակույթի նախարարության հիմնական խնդիրներից մեկը եղել եւ մնում է մարզերում մշակութային կյանքի ապահովումը, ինչը մշտապես իրականացվում է պետական կոլեկտիվների մասնակցությամբ: Վերջին շրջանում էլ զրուցելով մշակութային օջախների ղեկավարների հետ, լսում ենք «արտագնա» ելույթների մեկնելու նրանց պատրաստակամության մասին: Բայց մյուս կողմից հասկանալի է, որ հնարավոր չէ նույնիսկ տարվա կտրվածքով «սպասարկել» 10 մարզերի 926 համանքները (48 քաղաք եւ 949 գյուղ), ինչը, բնականաբար, «մխիթարանք» չէ հեռավոր գյուղի բնակչի համար:
Հիշեցնենք, որ ժամանակին (16.06.2015թ.) Արարատի շրջանի Տափերական գյուղում Ազգային օպերային թատրոնի Ալիս Հեքիմբաշյանի ռեժիսուրայով Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի բացօթյա «մինի» (կրճատումներով) բեմադրությունից հետո գյուղապետ Միհրան Մանասերյանը ասել էր. «Մեր գյուղում ժամանակին ելույթ են ունեցել անվանի շատ արվեստագետներ, այդ թվում՝ Վահրամ Փափազյանը: Օրերս կայացած «Անուշով» տպավորված են գյուղացիները: Վերջապես շփվեցինք բարձր մշակույթի հետ: Ասեմ, որ օպերայի արտիստները բարեգործությամբ հանդես եկան, իսկ ցածր մշակույթ ներկայացնողները չեն էլ ուզում լսել գյուղի ու գյուղացու անունը, էլ ուր մնաց՝ բարեգործություն անեն…»:

Օրերս Ազգային օպերային թատրոնը իր «մասով» մարզային ծրագրի սկիզբն ազդարարեց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում՝ ներկայացնելով դարձյալ «Անուշը»:

Մեզ հետ զրույցում Ազգային օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի տեղակալ Կարեն Շահինյանը (լուսանկարում) նախ ներկայացրեց մինչեւ տարեվերջ իրենց «արտագնա» ելույթների գրաֆիկը՝ Վայոց ձորի մարզ՝ Ջերմուկ, Սյունիքի մարզ՝ Կապան, Մեղրի, ԼՂՀ՝ Ստեփանակերտ, Կոտայքի մարզ՝ Աբովյան:

Տեսարաններ Էջմիածնում ներկայացված «Անուշից»:

Դիտարկմանը, թե խորհրդային տարիներից օպերային թատրոնը մարզեր է մեկնել հիմնականում «Անուշով» եւ ինչպես Գոհար Գասպարյանի կենսագիրը՝ արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանն է հավաստիացնում՝ աշխարհի հեղինակավոր թատրոնների ցանկալի հյուր մեծանուն երգչուհին երբեւէ չի խուսափել մարզեր մեկնելուց, ավելին՝ ղեկավարներին առաջարկել է ընդլայնել ծրագիրը, Կարեն Շահինյանը պատասխանեց. «Համամիտ եմ, որ միայն «Անուշով» չպետք է սահմանափակվենք: Կոնկրետ իմ առաջարկով Ալիս Հեքիմբաշյանի հետ մենք պետք է վերանայենք այս ներկայացումը (նկատի ունի Հեքիմբաշյանի «Անուշի» կրճատումներով բեմադրությունը): Այս համոզմանը եկա՝ տեսնելով ու շփվելով Էջմիածնի փայլուն հանդիսատեսի հետ: Իսկապես, թող հնարավորինս քիչ լինեն կրճատումները, որպեսզի հանդիսականը երկար վայելի ներկայացումը: Ավելին, մաեստրո Օրբելյանի եւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի միջեւ համաձայնություն ձեռք բերվեց, որ անկախ մարզային ծրագրից, մեր թատրոնը Էջմիածնում ներկայանա այլ նախագծերով եւս, ինչպես մաեստրոն ասաց՝ թող լինի մեր ֆիլիալը: Ի դեպ, նորանշանակ տնօրենի մշակութային ռազմավարական ծրագրի դրույթներից է «մարզային» քաղաքականությունը: Գաղտնիք չէ Էջմիածնի քաղաքապետի հայտնած այն միտքը, որ իրենք շուրջ 30 տարի կարոտ էին նման հանդիպման: Մի խոսուն փաստի մասին նշեմ նաեւ. լեփ-լեցուն հանդիսասրահի մեծ մասը երաժշտական դպրոցների սաներն էին ու դասատուները, ինչը վկան է հին ու բարի ժամանակների: Այսինքն՝ հաճախակի լինեն ոչ միայն մեր թատրոնի, այլեւ մշակութային մյուս օջախների դասական արվեստ քարոզող արտիստների հանդիպումները մարզաբնակների հետ»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ խորհրդային տարիներին ձայնասկավառակներ թողարկող ռուսական հայտնի «Մելոդիա» ֆիրման հայաստանյան կոլեկտիվների կամ անհատ կատարողների ձայնագրությունների զգալի մասը իրականացնում էր հենց Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում՝ հաշվի առնելով տեղի հիանալի ակուստիկան: «Տարիներ անց Էջմիածնի քաղաքապետի ջանքերով այդ մշակույթի պալատի վերանորոգումից եւ բարձրակարգ տեխնիկայով վերազինումից հետո ակուստիկան չի վնասվել»,- հավաստիացրեց պարոն Շահինյանը, հավելելով, թե օպերային թատրոնը ձայնագրություններ կկատարի հենց Կոմիտասի անվան մշակույթի պալատում:
Էջմիածնում կայացած «Անուշին» մասնակցել են թատրոնի նվագախումբը, երգչախումբը, մեներգիչներ Սյուզաննա Մելքոնյանը (Անուշ), Արմեն Բադալյանը (Սարո), Գեւորգ Մաղաքյանը (Մոսի), ներկայացումը վարել է դիրիժոր Աթանես Առաքելյանը:


ՍԱՄՎԵԼ
ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

25,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728