Երեւանի Շենգավիթի համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց ծածկած տարածքում նետաձգության Հայաստանի առաջնությունը:
Ընդհանուր առմամբ` մասնակցեց 77 մարզիկ: Նրանք մրեցին 18 մետր մրցատարածությունում: Հայաստանի չեմպիոն ու մրցանակակիր դարձան:
Տղամարդիկ. Վիգեն Սմբատյան, Հրաչիկ Վարդանյան, Վասիլ Շահնազարյան:
Կանայք. Հայկուհի Վարդանյան, Իրինա Գրիգորյան, 3. Մերի Խաչատրյան:
Հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ հանրապետությունում նետաձգությամբ զբաղվողների թիվը տարեցտարի ավելանում է: «Եթե նախորդ առաջնությանը մասնակցում էր 55 նետաձիգ, այս տարի կրակագիծ է ելել 77-ը, ինչը մարզաձեւի տարածման ուղղությամբ ֆեդերացիայի կատարած աշխատանքի արդյունք է: Անցած տարի Շենգավիթ համայնքում բացվեց ֆեդերացիայի ակումբը, խմբակներ են բացվել թիվ 104 եւ 194 հանրակրթական դպրոցում, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մարզվողների թիվն արդեն հատել է 80-ի սահմանը: Ուրախալի է, որ նշածս դպրոցների սաները նույնպես մասնակցեցին այս առաջնությանը: Մտադիր ենք նետաձգությունը զարգացնել նաեւ Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Էջմիածնում, մյուս մարզերում, որտեղ հնարավոր է: Տարիների երազանքն աստիճանաբար իրականանում է, բայց դրան զուգահեռ արդեն գույքի պակասություն է զգացվում: Ֆեդերացիան ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությունը տեղեկացված են այդ մասին եւ մտածում են հարցը կարգավորելու ճանապարհների մասին», – տեղեկացրեց Բորիս Վասիլյանը:
Մարզիչը դեռ չի խոսում նորեկների որակի մասին՝ դեռ ժամանակ է հարկավոր: Բայց նշում է, որ անցած տարի տղաների հավաքականը Եվրոպայի գավաթում զբաղեցրել է թիմային 3-րդ տեղը: Նա կարեւորում է նաեւ, որ շատացել են նետաձգությամբ զբաղվող աղջիկները:
Մրցաշրջան 2017-ը նետաձիգների համար հագեցած է միջազգային մրցումներով: ՀՆՖ-ի՝ հետաձգված, մարտ ամսին՝ Հայաստանի եւ ֆեդերացիայի բացօթյա առաջնություններից հետո կորոշվի հավաքականի կազմը, որը ապրիլին Հունաստանում կմասնակցի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնությանը: Դրան հաջորդելու են մեծահասակների Եվրոպայի գավաթը՝ Լեհաստանում, Աշխարհի գավաթը՝ Թուրքիայում: Ֆեդերացիան այսօրվանից մտածում է Արգենտինայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանն անպայման մասնակցելու մասին, որը 2018 թվականի պատանեկան ամառային օլիմպիադայի վարկանիշային մրցաշար է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ