Ակտիվիստ Արսեն Օհանյանի համար կյանքը բաժանվեց «մինչև և հետո»-ի Մաշտոցի պուրակի համար տարվող պայքարի ընթացքում: Արսենը պայքարին մասնակցություն չուներ, բայց ուշադիր հետևում էր դրան: Այդ ընթացքում հստակ հասկացել էր՝ ուզում է դառնալ այդ պայքարի, հաղթանակի ու ոգևորության մի մասնիկը: Խոստովանում է՝ այդ ընթացքում Արսենը ձևավորվեց որպես քաղաքացի.
«Սկսեցի շատ բան հասկանալ. ի՞նչ է պայքարը, ի՞նչ է իրավունքը, ի՞նչ է քաղաքացի լինելը: Մաշտոցի պուրակի պայքարի ժամանակ դեռ կաշկանդված էի՝ կաղապարներով, նախկին բարդույթներով, նախկին վախերով: Բայց, երբ այս պայքարը հաղթանակ գրանցեց, ես հասկացա, որ այս երկրում հնարավոր է ինչ-որ բան փոխել, ու ես ուզում եմ լինել փոխողներից մեկը»,- պատմում է Արսենը:
Պայքարից պայքար Արսենն ազատվում էր վախերից ու բարդույթներից, ավելի կոփվում: Նրա համար պայքարի գագաթնակետը տրանսպորտի թանկացման դեմ նախաձեռնված «Վճարում ենք 100 դրամ» շարժումն էր: Այս ընթացքը Արսենը համարում է որպես քաղաքացի իր կայացման հիմնական շրջանը.
«Իմ կարծիքով, այս պայքարի հաջողության հիմնական գրավականն այն էր, որ մարդիկ գործընթացների վրա ազդեցության լուրջ լծակներ ունեին ու գիտակցում էին դա: Ազդեցության հիմնական լծակը ուղղակի 100 դրամից ավելի չվճարելն էր: Դրա դեմ վարչակազմը փաստացի որևէ բան չկարողացավ անել: Մեր հիմնական խնդիրը մարդկանց բացատրելն էր, որ վախենալ կամ ամաչել չի կարելի, պետք է վճարել 100 դրամ և վերջ: Այդ առումով մենք մեր խնդիրը լուծեցինք»,- բացատրում է Արսենը:
Կարդացեք նաև
Չնայած, որ հաղթանակը, ըստ Արսենի, վերջնական չէր, քանի որ դրվել էր նաև երկու պաշտոնյաների պատժելու հարցը, սակայն գերխընդիրը Արսենը կատարված է համարում:
Պայքարից մնացած հիմնական անձնական ձեռքբերումն Արսենը համարում է ազատամտությունը, կաղապարներից ու պարտադրված նորմերից ազատվելը, չվախենալը:
Պայքարի հաջորդ մեծ փուլն Արսենի համար մեկնարկեց ElectricYerevan-ի ցույցերի ժամանակ: Ըստ նրա՝ այս ակցիան բոլորովին տարբեր էր մինչ այդ եղած շարժումներից՝ թե՛ իր մասշտաբներով, թե՛ ձևով.
«Այստեղ հիմնական երկու տարբերություն կար. նախ, որ նման բազմամարդ ակցիա երբևէ չէր եղել, երկրորդ՝ դրա իրականացման ձևը: Փողոց փակելը և այն բարիկադավորելն ու փակ պահելը չտեսնված բան էր: Այս դեպքում նախաձեռնողների թվում չէի, բայց ամեն կերպ փորձում էի աջակցել նրանց՝ իմ փորձով, խորհուրդներով և այլն»,- ասում է Արսենը:
Արսենը չի քննում ElectricYerevan-ից հետո տեղի ունեցած դեպքերը, համարում է, որ հաղթանակի և պարտության ընկալումը շատ սուբյեկտիվ է. դրված խնդիրների ու ստացված արդյունքի միջև, բնականաբար, տարբերություններ կան, սակայն այս դեպքում կարևորն այլ է.
«Անգամ, եթե համարենք, որ հոսանքի չթանկացման հետ կապված հարցը լուծվեց միայն մասնակիորեն, սա շատ լավ փորձ էր ու հիմք հետագա պայքարի համար: Սա շատ լուրջ շարժում էր: Առաջին նախաձեռնությունն էր, որի հետ ռեժիմը բանակցելու փորձ արեց: Մենք հրավեր ստացանք Սերժ Սարգսյանից՝ բանակցելու, սակայն պայման առաջ քաշեցինք, որ այդ հանդիպումը պետք է հեռարձակվի ուղիղ եթերով, ինչից, բնականաբար, նա հրաժարվեց: Այդ պատճառով էլ բանակցություններ՝ որպես այդպիսին, տեղի չունեցան»,- պատմում է Արսենը:
Արսենը քաղաքացիական ակտիվիստ է, որևէ քաղաքական, կուսակցական նախաձեռնության չի մասնակցում՝ սկզբունքորեն.
«Այսօրվա ընդդիմությանը ես համարում եմ ռեժիմի մի մասնիկը. նրանք ոչ թե ընդդիմություն են, այն ընդդիմության դերը կատարողներ: Նրանք մասնակցում են մի գործընթացի՝ ընտրություններին, որը փաստացի, բոլորս գիտենք, որ կեղծվում է: Եթե կեղծվում է, ապա ի՞նչ իմաստ ունի դրանց մասնակցելը»,- հարցնում է Արսենը:
Քաղաքական մի գործընթացի, այնուամենայնիվ, Արսենը մասնակցել է:
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ակումբի կողմից նա գրանցվել էր որպես լրագրող-դիտորդ՝ հետևելու ընտրությունների ընթացքին: Ընտրատեղամասում, որտեղ դիտորդ էին Արսենն ու ևս մեկ լրագրող, ընտրությունների ընթացքն անցել էր բավականին խաղաղ մթնոլորում. Արսենն առանձնապես մտահոգիչ որևէ բան չէր նկատել, սակայն, երբ գործը հասել էր քվեաթերթիկների հաշվարկին, պատկերը փոխվել էր.
«Ընտրատեղամասը Մալաթիայում էր, հայտնի օլիգարխի կալվածքներում: Ընտրությունը բավականին հանգիստ ընթացավ, բայց քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ, երբ պարզ էր դառնում, որ հաղթում էր «ոչ»-ը, հանկարծ հոսանքն անջատվեց, և անհասկանալի ձևով «ոչ»-ի մի տրցակ էլ անհետացավ, իսկ «այո»-ի մի պատկառելի տրցակ հայտնվեց հաշվարկվող թերթիկների սեղանին: Ընդդիմության բեյջերով մարդիկ էլ կային ներսում, բայց հարցն այն է, որ ընդդիմությունից ներկայացող անձինք ընտրակեղծիքների հիմնական կոծկողն ու նախաձեռնողն էին դառնում»,- պատմում է Արսենը:
Խախտումներն, իհարկե, Արսենն արձանագրել է, սակայն իրավական շարունակություն հարցին չի տվել, քանի որ չի հավատում իրավական համակարգի արդարությանը:
«Այդ օրը ընտրատեղամասում մի մարդ կար, հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներից մեկը, որին, բնականաբար, դուր չէր գալիս իմ գործունեությունը: Հետո պարզվեց, որ նա այն հաճախորդներից է, ում սպասարկում էր IT հիմնարկը, որտեղ ես աշխատում էի այդ ընթացքում: Ընտրություններից մի քանի օր անց հիմնարկի ղեկավարը հանձնարարում է կապվել այդ հաճախորդի հետ, ու փորձել լուծել նրա խնդիրները: Ես, բնականաբար, կապվում եմ հետը. ձայնը հեռախոսով շատ ծանոթ է թվում: Զրուցում ենք, ընթացքում ճանաչում ենք իրար, բայց որևէ բացասական երանգ չի ստանում խոսակցությունը: Հաջորդ օրը գրասենյակի ղեկավարը խնդրում է, որ ես այլևս չսպասարկեմ այդ հաճախորդին: Ես, բնականաբար, համաձայնում եմ, բայց մտքովս էլ չէր անցնի, որ դեպքերի նման զարգացում կարող է լինել»,- ասում է Արսենը:
Օրեր անց, սակայն, իրավիճակը փոխվում է: Արսենի գործատուն նրա առաջ պայման է դնում.
«Կա՛մ մնում եմ աշխատավայրում ու որևէ կերպ աչքի չեմ ընկնում քաղաքացիական գործունեությամբ՝ ակցիաներում, ֆեյսբուքում և այլն, կա՛մ՝ դուրս եմ գալիս աշխատանքից: Ես առանց հապաղելու ընտրեցի երկրորդ տարբերակը»,- պատմում է Արսենը:
Ակտիվիստը սկզբում չէր ցանկանում հնչեղություն տալ հարցին, չէր գժտվել գործատուների հետ, կոնֆլիկտ չէր եղել: Գերադասում էր պատմությունն անաղմուկ ավարտել, քանի որ հասկանում էր հիմնարկի գործարար շահը և այլն, սակայն իրադարձությունների հետագա ընթացքը խնդիրը հանրայնացնելու առիթ դարձավ.
«Աշխատանքից դուրս գալուց որոշ ժամանակ անց մի բան տեղի ունեցավ, որ իմ նախկին գործատուների կողմից դիտարկում եմ որպես փոքրոգություն: Երբ գնացի ստանալու աշխատավարձիս մնացորդը՝ 40 հազար դրամ, նրանք այդ գումարը մետաղադրամով տվեցին, մի տոպրակ մետաղադրամ, պատկերացնո՞ւմ եք: Ինձ զսպեցի, որ ֆիզիկական հաշվեհարդար չտեսնեմ այդ պահին, վերցրի գումարն ու դուրս եկա, բայց որոշեցի հանրայնացնել այս պատմությունը, որպեսզի բոլորն իմանան, թե ովքեր են այդ մարդիկ»,- ասում է Արսենը:
Պատմությունը հանրայնացավ, սակայն իրավական հարթությունում կրկին չքննվեց:
Արսենի կարծիքով՝ ՀՀ քաղաքացու համար պայքարը պետք է կենսակերպ դառնա, քանի դեռ երկրում օրենքի գերակայություն և կարգուկանոն չկա: Նա չի ընդունում «իշխանություն» և «իշխանափոխություն» հասկացությունները, ընդամենն ուզում է, որ երկրում գործի Սահմանադրությունը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը պատկանում է քաղաքացիներին: Նա երազում է ապրել մի երկրում, որտեղ կառավարման համակարգը թույլ է տալիս ունենալ այլընտրանք. «քանի դեռ Հայաստանում այլընտրանքային մտածելակերպով մարդկանց համար գործելու պայմաններ չկան, համակարգը չի փոխվելու»:
Արսենը համոզված է՝ առաջին բանը, որ պետք է փոխել, մարդկանց մտածելակերպն է: Հարմարվողական մտածելակերպով սերնդին պետք է փոխարինելու գան երիտասարդներ, ովքեր վստահ են՝ երկրի ապագան իրենց ձեռքում է:
Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:
Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:
Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը: Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,
email: [email protected],
Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,
Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm