«Միանգամայն ոգևորված եմ լսել հայ դաշնակահարներին. գիտեմ, որ հայերը շատ տաղանդավոր երաժիշտներ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Ռոմանովսկին:
Փետրվարի 26-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկեց Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի ընտրական, տարածաշրջանային 2-րդ փուլը, որի երևանյան փուլի հանձնաժողովի կազմում էին Ալեքսանդր Ռոմանովսկին, անվանի դաշնակահար, ՌԴ Ժողովրդական արտիստ, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի աստղերի ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Օվչիննիկովը և ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ-ի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը:
Ալեքսանդր Ռոմանովսկին Aravot.am-ի հետ խոսեց մրցույթի հիմնադրման մասին. «Սկսել ենք Ռուսաստանում հենց զրոյից: Միշտ ցանկացել ենք այնպիսի մակարդակի հասցնել մրցույթը, որ ինքներս էինք ցանկանում տեսնել: Փորձել ենք անել մի բան, որ դաշնակահարների համար օգտակար կլինի: Սկզբում մասնակիցներին ընտրել ենք ուղարկված վիդեոների շնորհիվ, բայց հետո մտածեցինք, որ պիտի ընտրվածների կենդանի կատարումներն էլ լսենք ու ահա հիմա Երևանում ենք»: Մասնակիցների մասին խոսելով` գեղարվեստական ղեկավարն ասաց, որ պետք է անկեղծությամբ ու բաց սրտով նվագեն, ինչպես նաև շատ աշխատեն արդյունքի հասնելու համար:
Կարդացեք նաև
Պարոն Բաբախանյանն էլ իր հերթին ասաց, որ մրցույթն այն լավագույններից է, որ բացառիկ հնարավորություններ կտա մասնակիցներին նույն բեմում նվագել բազմաթիվ անվանի ու տաղանդավոր դաշնակահարների հետ: «200-ից ավել դաշնակահար է մասնակցել մրցույթին, որոնցից վերջին տվյալներով ընտրվել են 96-ը, իսկ հետո պիտի ընտրվեն տասը: Այդ տասից մարտի 27-ին ընտրվելու է հինգ հաղթող մասնակից և մեկ գրանպրիի արժանի դաշնակահար: Երևանը լսումների փուլի վերջին կանգառն է, ու Հայաստանից ունենք վեց մասնակից»,- ասաց Արմեն Բաբախանյանը, ապա շարունակեց,- «Հայ դաշնակահարների համար սա պատմական օր է, քանի որ վաղուց այսպիսի մրցույթ չենք ունեցել Երևանում: Բոլորին մաղթում եմ հաջողություն»:
Վլադիմիր Օվչիննիկովն ասաց, որ իր համար այս մրցույթը ապագա տաղանդավոր երաժիշտներ բացահայտելու ևս մեկ հնարավորություն է: Ասաց, որ շատ երկրներում են եղել ու ամեն տեղ էլ յուրահատուկ հմտություններով երեխաներ կան: «Հայաստանում էլ, քանի որ երաժշտասեր ազգ եք, կարծում եմ լավ ընտրություն կանենք »,- խոսքն այսպես ավարտեց Չայկովսկու անվան միջազգային մրցույթի աստղերի ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Օվչիննիկովը:
Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ