Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է վերականգնել 1994-ի զինադադարով հաստատված սահմանային դիրքերը. Զարուհի Փոստանջյան

Փետրվար 26,2017 14:47

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել: Ներկայացնում ենք ստորև.

«Դուք հաշտվեցաք թուրքերու հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու, ես թուրքի հետ չեմ կրնալ հաշտվիլ մինչև իմ մահը: Բայց ես ձեզ գուշակություն մը կուզեմ ընել և կուզեմ, որ լսեք: Եթե այս հեղափոխական կարծված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ չեմ: Օր պիտի գա, որ այս հեղափոխականներն ալ պիտի դառնան Սուլթան Համիտի պես գազան մը և բոլորիդ ալ պիտի հոշոտեն»:

Զորավար Անդրանիկ

Հայկական պետականության վերականգնման հարցը, լինելով Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս, այսօր` 21-րդ դարում, մարած հրաբուխի վիճակից անցում է կատարել ժայթքումի: Մենք` հայերս, բախվում ենք նույն խնդիրներին,  մեր առջև առկա են նույն մարտահրավերները, որպիսիք էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին:

Ցավալի է, որ 21-րդ դարի հայ քաղաքական միտքը և իրենց քաղաքական գործիչներ համարող այն անձինք, ովքեր ներկայացրել են կամ ներկայացնում են Հայկական պետականությունը, դեռ պատրաստ են 21-րդ դարի թուրքի հետ, ով մնացել և գործում է  նույն ցեղասպան մակարդակի վրա, գնալ հաշտության և զիջումների: Թուրքերի հետ խնդիրը կարգավորելու հարցում մտածել, թե` «կարգավորման արդյունքում չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, կամ միակողմանի զիջումներ, նման լուծման արդյունքում երկարատև խաղաղություն մենք չենք կարող հաստատել ժողովուրդների միջև… վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը» և այս եզրույթների հրապարակային քարոզչությունը նույն պարտվողական, դավաճանական քաղաքականության շարունակումն է:

Եթե «վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը», ապա այդ ինչպե՞ս պատահեց, որ երբ թուրքը զավթեց երկու բարձունք, շուրջ 800 հեկտար, և Ստեփանակերտն արդեն անցել էր ազատագրման գործողության` Երևանը խոչընդոտեց: Այդ ինչպե՞ս պետք է իր վերջնական խոսքն ասի Ստեփանակերտը, երբ Երևանը հանդես է գալիս դավաճանությամբ` Մոսկվայում պայմանավորվում դադարեցնել ազատագրումը: Հերի՛ք ու բա՛վ է` հանդես գալ խարդախ, մանիպուլյատիվ հայտարարություններով: Այսօր անժխտելի իրողություն է, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները մեկ ռազմաքաղաքական միավոր են, և չի կարելի Հայրենիքը պաշտպանելու պարտականությունը թողնել խոցելի Արցախի իշխանությունների վրա` դրանով իսկ խուսափելով պատասխանատվությունից:

Բոլոր այն անձինք, ովքեր հանդես են գալիս որպես քաղաքական գործիչներ և հայտարարում են կամ կհայտարարեն, թե իրենք կարող են կարգավորել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը կազմող թուրք-ադրբեջանական ագրեսիան` տալ լուծում, որտեղ չեն լինի հաղթողներ ու պարտվողներ, և չեն լինի միակողմանի զիջումներ, ուղղակի կրկնում են 1994 թվականի դավաճանությունը, երբ Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու փաստաթղթի կնքման փոխարեն ստորագրվեց զինադադարի մասին փաստաթուղթը:

Երկարատև խաղաղություն ունենալու համար` ոչ թե պետք է գնալ զիջումների, փոխզիջումների, այլ պետք է, նախևառաջ, վերականգնել 1994 թվականի զինադադարով հաստատված սահմանային դիրքերը,  և ապա առաջ գնալ` ազատագրելով Դաշտային Արցախը և Ուտիքը, վերականգնելով պատմական հայկական Արցախի (շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր) և Ուտիքի (շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր) նահանգների տարածքային ամբողջականությունը:

Հայկական այդ նահանգների ազատագրումը ամուր երաշխիք կդառնա երկարատև խաղաղության և Արևելյան հարցի ապագա ամբողջական ու հայանպաստ լուծման համար:

Զարուհի Փոստանջյան

26.02.2017թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728