Ներկայացնում ենք Հայկական ազգային բանակի 25-րդ տարեդարձի առթիվ «Առավոտի» և Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի կազմակերպած «Դիմում եմ իմ զինվորին» վերնագրով շարադրության մրցույթի արդյունքները՝
Ստացված շարադրությունները երեքն են:
Առաջինը. Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի աշակերտ 13-ամյա Ռեգինա Մարգարյան՝ կարդացվել է 1002 անգամ, ստացել է՝ 496 «Հավանել» միավոր:
Երկրորդը. 14- ամյա Մարինե Պապինյան՝ կարդացվել է 68 անգամ, ստացել 2 «Հավանել» միավոր:
Երրորդը. Ազգանուշ Արշակյան՝ կարդացվել է 80 անգամ, միավոր չի ստացել:
Ելնելով Ռեգինա Մարգարյանի (լուսանկարում) «Սիրելի եղբայր, այնքան հպարտ եմ, որ հայուհի եմ և քեզ եղբայր կարող եմ անվանել» շարադրության բովանդակությունից, Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նպատակահարմար գտավ, նախկինում հայտարարված «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման փոխարեն նրան, նրա ծնողներին, լեզվի և գրականության ուսուցչին հրավիրել դիտելու հետեւյալ ներկայացումները՝
Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» 28.02.2017, ժ. 13. 00
Նիկոլայ Գոգոլի «Վհուկը» 15.03.2017, ժ. 18. 00
Շարադրությունը հրատարակվեց «Առավոտ» օրաթերթի փետրվարի 24-ի տպագիր համարում:
Մեր զինվորների հանդեպ ժողովրդի ունեցած խանդաղատանքը կասկածից վեր է, սակայն անսպասելի էր նման արձագանքը՝ ընդամենը երեք շարադրություն:
Հավանաբար մեր ներսից եկող սիրո համար ճանապարհ հարթելու խնդիր ունենք:
Ուստի անհրաժեշտ ենք գտնում շարունակել և շուտով կհայտարարենք «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» վերնագրով շարադրությունների նոր մրցույթ՝ զինվորների և սպաների համար:
Բավական է աղավաղեք մատղաշ սերնդի հոգեբանությունը, թողեք երեխաներին իրենց մանկությամբ ապրեն, իսկ շարադրությունն էլ հանձնարարեք ազգային ժողովի ուռու գլուխներին: