Հայրենական պատերազմը վերջացել էր, հայրս էլ անհետ կորած էր համարվում, մենք էլ դեռ դժվար օրեր էինք ապրում: Ամռանը կոլտնտեսության անասնապահական ֆերմաները (կովերի, ձիերի, ոչխարների) հունիս ամսվա կեսերից սար էին բարձրանում, որտեղ աշխատողները ապրում էին կիսախարխուլ ցեխով շարված ժամանակավոր կացարաններում, իսկ անասուններին պահում էին բաց երկնքի տակ, քարերով ցանկապատված տարածքներում: Սեպտեմբեր ամսվա կեսերից արդեն վերադառնում էին գյուղի իրենց հիմնական կացարանները:
Քանի որ մայրս կոլտնտեսության ֆերմայի հաշվառիչ էր աշխատում, ստիպված, նա էլ էր անասնապահական ֆերմաների հետ մեկնում սարերը ու մեզ էլ հետը տանում:
Սարերի այդ զովասուն միջավայրում գյուղի բնակիչները կոլտնտեսության աշխատանքին զուգընթաց, խնամում էին նաև իրենց սեփական անասունները, յուղ ու պանիր պատրաստում ձմռան կարիքների համար, իսկ հրատապ դեպքերում, նրանք երբեմն կաթնամթերքը վաճառքի էին հանում քաղաքում: Այդ ժամանակներում հատկապես շատ էր տարածված մածուն վաճառելը քաղաքի բնակիչներին: Մածունը հիմնականում մերում էին կավե կճուճներում, իսկ քաղաք փոխադրում ավանակներին բարձած, որի համար գործում էին հատուկ «խուրջիններ» (ուսապարկ), որը հարմար տեղավորում էին ավանակի «փալանի» (համետ) վրա և երկու կողմից կախված պարկերից յուրաքանչյուրում տեղավորում էին առավելագույնը երկու կճուճ, որոնք էլ իրարից պետք է անջատվեին փափուկ շորերով, որպեսզի իրար չհարվածեին և կոտրվեին՝ ավանակների արագ շարժվելու դեպքում: Դրանք, նախապես նաև ամրացվում էին հատուկ պարանով, փալանը և ավանակը դարձնելով համաձույլ մի կառույց, ապահովելով լիակատար անվտանգություն՝ թանկարժեք բեռի համար:
Թարմ մերած մածունը սարերից գյուղ էին հասցնում երեկոյան ժամերին, որպեսզի այն շատ չթթվեր՝ տաք եղանակի պատճառով: Գյուղում հանգստանում էին մի քանի ժամ, իսկ առավոտյան ժամը երկուսին ճանապարհ էին ընկնում դեպի մայրաքաղաք:
Հիմնականում քաղաք էին մեկնում խմբերով, որ ժամանակը շուտ անցներ և հարկ եղած դեպքում իրար սատար կանգնեին: Քաղաքում հատուկ կացարաններ կային,որոնցից հիշում եմ Հռիպսիկի անունով կացարանը, որտեղ թողնում էին ավանակներին և մնացած կճուճները, իսկ մեկ կճուճը ձեռքներն առած շրջում էին փողոցներում ու մածու՜ն, մածու՜՜՜ն գոռալով, ազդարարում իրենց մուտքը տվյալ փողոց:
Այդ բացականչություններից հետո բացվում էին դռներ կամ պատուհաններ, որտեղից տանտիկինները կամ դուրս էին գալիս մածունը համտեսելու և հավանելու դեպքում դրանից որոշակի քանակ գնելու համար կամ ուղղակի իրենց բակ էին հրավիրում վաճառողին՝ այնտեղ կազմակերպելու առևտուրը: Մայրս հազվադեպ էր մածուն մերում այդ նպատակի համար, քանի որ մենք փոքր էինք և այդ գործի համար ոչ պիտանի, իսկ ինքն էլ զբաղված էր հանրային աշխատանքով:
Կարդացեք նաև
Բայց մի անգամ նա ստիպված էր որոշակի կարիքներ հոգալու համար մածուն մերել և քրոջս ու ինձ հարևանների օգնությամբ քաղաք ուղարկել այդ առաքելությունը իրականացնելու համար: Իսկ քանի որ մենք ավանակ չունեինք, որն այն ժամանակ գյուղացու հիմնական փոխադրամիջոցն էր համարվում, ուստի մայրս կոլտնտեսության «Սարո» անունով ավանակի միջոցով երկու «կճուճ» մածունը բարձած` ինձ ու քրոջս, որը չորս տարով ինձնից մեծ էր, սարից գյուղ ճամփեց:
Մենք բավականին ճանապարհ էինք կտրել անցել, երբ հանդիպեցինք սինձ ու թթվաշով հարուստ հանդամասին, առանց տարակուսելու, մենք ավանակին թողեցինք ճանապարհի մեջտեղում բախտի քմահաճույքին ու տարվեցինք սինձ ու թթվաշ հավաքելով: Երբ արդեն բավականին քանակությամբ դաշտային բանձարեղեն էինք հավաքել և դուրս եկանք այն վայրը, որտեղ թողել էինք «Սարոյին», տեսանք, որ նա, օգտվելով մեր անփութությունից, նստել է հենց ճանապարհի մեջտեղի փոշու մեջ և փորձում է թավալ տալ:
Մենք մոռացել էինք մորս հորդորը, որ ավանակին անուշադրության չմատնենք, քանի որ նրա մեջքամասում վերք կար և նա կփորձեր, հարմար առիթի դեպքում, թավալ տալ, որպեսզի հյանգստացներ վերքի քորը և կկոտրեր մածունի կճուճները: Բայց թե երեխա էինք: Իսկ խեղճ «Սարոն» հո չէր հասկանում, թե ինչ կլինի, նա ցանկանում էր իր մեջքի վերքի քորը հանգստացնել և նա էլ, միամտաբար փորձել էր թավալ տալով այդ խնդիրը լուծել: Իհարկե, դրանում իրենց մեղքի բաժինն ունեին նաև անասնապահական ֆերմայի հանրային պաշտոնյաները, որոնք անխղճորեն էին շահագործում այդ ավանակի ուժային հնարավորությունները, առանց մեջքի վերքերը բուժելու: Հիմա դուք պատկերացրեք մեր վիճակը, երբ սինձ ու թթվաշով բեռնված մոտեցանք ու նկատեցինք գետնին նստած և թավալ տալ ցանկացող ավանակին:
Մեր ջանքերը` համոզել ավանակին տեղից վեր կենալու, ապարդյուն անցան: Ո՛չ հորդորն էր օգնում և ո՛չ էլ ճիպոտի հարվածները: Գուցե նա էլ էր շատ ցանկանում վեր կենալ, բայց բեռը բավականին ծանր էր (չնայած նրան, որ երկու կճուճ էր և ոչ չորսը, ինչպես ընդունված էր) և դժվարանում էր հաղթահարել այն առանց կողմնակի օգնության: Իսկ մենք, դեռահաս երեխաներս, ի վիճակի չէինք նրա վրայից վերցնել բեռը, ավանակին բարձրացնել ու նորից բարձել: Ախր, շա՜տ փոքր էինք: Երեկոն դանդաղորեն մոտենում էր, և մութը շուտով վրա էր հասնելու: Ես քրոջս հորդորում էի, որ միասին սար գնանք, մայրիկին հաղորդենք այդ մասին: Ավանակի մոտ մենակ մնալ չէի ուզում, որ քույրս սար գնա, մայրիկին տեղյակ պահի, իսկ մենակ սար գնալ` նույնպես չէի ցանկանում:
Վերջապես որոշեցինք «Սարոյին» թողնել բախտի քմահաճույքին, ինչ ուզում է, թող լինի և երկուսով, բարձրաձայն լաց լինելով, բռնեցինք սար տանող ճամփան ու սկսեցինք բարձրանալ դեպի Գեղամա լեռները: Շատ էինք գնացել, թե քիչ և, ո՜վ զարմանք, ինչպես հեքիաթներում է լինում, մեր դիմաց հայտնվեցին երկու ձիավոր, որոնք կարծես երկնքից էին իջել: Նրանք տեսնելով մեզ, կանգնեցրին իրենց ձիերը, հարց ու փորձ արեցին, թե ինչու ենք լաց լինում: Մենք իրար հերթ չտալով պատմեցինք եղելությունը:
Պարզվեց, որ մեզ անծանոթ տղամարդիկ, հարևան գյուղի սարվորներից են, որտեղ պատերազմի նախօրյակին նախագահ էր աշխատել հայրս և այնտեղից էլ մեկնել էր ռազմաճակատ ու չէր վերադարձել: Իմանալով, թե մենք ում երեխաներն ենք, նրանք գովեստի խոսքեր շռայլեցին հորս հասցեին, իսկ ձիավորներից մեկը իսկույն ցած իջավ ձիուց, ինձ գրկեց, բարձրացրեց ու հանձնեց ընկերոջը, որը հարմարավետ տեղավորեց թամբի ետևի մասում և հրամայեց, որ իրենից պինդ բռնեմ, իսկ հետո քրոջս բարձրացրեց, նստեցրեց ձիու թամբին, ինքն էլ ճարպկորեն թռավ ու նստեց իր բաժին մասում ու մենք արագ թափով ետ վերադարձանք դեպի այն տեղը, որտեղ ավանակը հուսահատ փորձ էր անում ոտքի կանգնելու, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում իրականացնել իր ցանկությունը:
Նրանք արագորեն ցած իջան ձիերից` իջեցնելով նաև մեզ, մոտեցան ավանակին, մեկը բռնեց նրա վզից, մյուսը` պոչից ու վեր թռցրին փետուրի նման ու ինձ թվաց, թե նրանք երկու Տորք Անգեղներ են և բարի նախանձով լցվեցի նրանց ուժի ու խելքի նկատմամբ, ափսոսալով, որ մենք այդքան թույլ և անօգնական էինք: Ձիավորները մեզ խիստ զգուշացրեցին, որ այսուհետ ավանակին աչքաթող չանենք, հետևենք և չթողնենք բախտի քմահաճույքին ու բացատրեցին, որ ավանակի մեջքի փոքրիկ վերքերը քոր են գալիս և նա ամեն կերպ կփորձի նորից նստել ու թավալ տալ՝ այդպիսով մեղմացնելով նրանց ցավն ու քորը: Հետո աշխուժորեն մտրակեցին ձիերին, ցտեսություն ասացին ու ձիերի քառատրոփ վարգով հեռացան:
Որոշ ժամանակ անց, նրանցից մեկը նորից ետ վերադարձավ, հեռվից ձեռքով արեց և համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, շարունակեց ճանապարհը:
Ես հիացած էի այդ մարդկանց բարի վերաբերմունքից:
Մենք բարեհաջող գյուղ հասանք և երկու կճուճ մածունը տեղ հասցրինք, որը հաջորդ առավոտյան վաղ լուսաբացին պետք է քաղաք հասցնեինք` վաճառելու համար:
Մեծ քույրս, որը աշխատում էր կոլտնտեսությունում և գյուղում էր մնում, ավանակի վրայից իջեցրեց կավե կճուճները, տեղափոխեց տուն, վայր բերեց նաև ավանակի վրայի փալանը, նրան պարանով կապեց բակի անկյունում գետնին խրված ցցից, դեմը խոտ լցրեց ու գնաց հարևանի տուն, նրան զգուշացնելու, որ գիշերը ժամը երկուսին մեզ արթնացնի:
Մենք՝ հոգնած երկար ճանապարհից, շուտով քուն մտանք, գիշերվա ժամը երկուսին վեր կենալու ակնկալիքով: Երբ աղմուկից աչքերս բացեցի, տեսա ավագ քրջս այլայլված դեմքը:
-Շու՛տ վեր կացեք, ժամը վեցն է, քնով ենք ընկել: Պետք է արագ քաղաք հասնեք:
-Բա, ինչու՞ հարևանը մեզ չի արթնացրել,-քնաթաթախ հարցրեցի ես:
-Չգիտեմ, երևի մոռացել է կամ էլ ձայնը չենք լսել, գուցե խորն ենք քնել:
Մենք արագությամբ կճուճները դուրս բերեցինք, ավանակի փալանը վրան դրինք, ամրացրինք, խուրջինը վրան գցեցինք, մածունի երկու ամանները տեղավորեցինք ամեն մեկը մի կողմում, պարանով պինդ-պինդ կապոտեցինք ու միջնակ քրոջս հետ ճամփա ընկանք դեպի քաղաք: Խեղճ ավանակին ճիպոտելով` արագընթաց քայլերով դուրս եկանք գյուղից: Երեք ժամ հետո մենք արդեն գտնվում էինք Նորքի բարձունքում ու մեր դեմ բացվեց այն ժամանակվա Երևանի ընդարձակ պատկերը:
-Որ մտնենք քաղաք, դու կգոռաս՝ մածու՜ն, մածու՜ն, լավ մածու՜՜՜ն,-հանկարծ ասաց քույրիկս:
-Ոչ մի դեպքում,-համառեցի ես,-դու ինքդ, կգոռաս, ես միայն ավանակին կհետևեմ, որ նա չնստի:
-Ավանակին պիտի տանենք դրանց համար համապատասխան կացարան, իսկ այնտեղից ամանները արդեն ձեռքով պիտի հետներս քարշ տանք փողոցներով ու վաճառենք, երբ մեկ ամանը վաճառենք, ետ կվերադառանք, մյուսը կտանենք,-բացատրեց քույրս, որը երկրորդ անգամ էր գալիս քաղաք՝ մածուն վաճառելու:
Մինչ ավանակների կացարան հասնելը, ճանապարհին մի քանի տեղ մեզ կանգնեցրին, փորձեցին մեր մածունը, հավանեցին և որոշ քանակությամբ արդեն մածուն էինք վաճառել, երբ տեղ հասանք:
Ասեմ նաև, որ այն ժամանակ գյուղերում կաթը «զտում» էին հատուկ սերզտիչ մեքենայով, որը կաթից առանձնացնում էր սերուցքը, որից կարագ էին պատրաստում, իսկ արդեն անյուղ կաթից մերում էին վաճառքի համար նախատեսված քիչ յուղալի մածունը: Բայց մայրս կաթը «զտման» չէր տանում, այլ մինչ կաթի եռացնելը, գդալով նրա երեսից քաշում էր գիշերվա ընթացքում առաջացած սերը միայն ու այդ պատճառով էլ նրա մերած մածունը շատ համեղ էր ստացվում:
Երբ փողոցում հնչում էր քրոջս հուժկու «մածու՜ն, մածու՜՜՜՜նը», տներից դուրս էին գալիս տանտիկինները, փոքրիկ ամանները ձեռքներին ու մոտենալով մեզ, նախ խնդրումէին մի փոքր մածուն լցնել իրենց բռի մեջ, իսկ ես հատուկ շերեփով կատարում էի նրանց ցանկությունը, լցնում սարի պինդ ու համեղ մածունը, ապա սպասում, թե համտես անելուց հետո, տվյալ անձը ինչպես կարձագանքի՝ հավանելով ու ժպտալով, թե՞ դեմքը թթվացնելով կառաջարկի գինը իջեցնել:
Բայց, գրեթե բոլոր համտեսողները միահամուռ կարծիքի էին, որ մածունը շատ համեղ է և նման չէ ուրիշների վաճառած մածունին, որից հետո ես նրանց առաջարկած ամանի մեջ լցնում էի անհրաժեշտ պահանջած քանակի մածունը, իսկ քույրս կատարում էր դրամային գործարքները:
Մի քանի ժամից հետո մեր մածունը արդեն իրացրել էինք և քույրս ինձ թողնելով իջևանատանը, որ ես ավանակին արդեն հեծած տուն վերադառնամ, իսկ ինքը գնաց կրկեսի մոտից գտնվող հատուկ ավտոկայան, որտեղից բեռնատար-մարդատար ավտոմեքենայով պետք է գյուղ վերադառնար:
Երեկոյան ուշ ժամին ես վերադարձա գյուղ, մեր մի քանի գյուղացիների հետ, որոնք դժվարությամբ էին իրացրել իրենց մածունը, որը իր որակով և համային հատկանիշներով շա՜՜տ էր զիջում մորս մերած մածունին:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ