Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Աթեշյանը հաջողացրեց թուրքերին քծնելը և անպատիժ մնաց». Սարգիս Հացպանյան

Փետրվար 25,2017 20:43

«Եթե Արամ Աթեշյանը ընտրվի տեղապահ, Պոլսում արյուն կթափվի»,- «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ Կ.Պոլսի Պատրիարքության առկա հարցերի շուրջ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռք  բերված ընդհանուր համաձայնության մասին թեմայով հանդիպման ժամանակ ասաց Սարգիս Հացպանյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարածած մամլո հաղորդագրության համաձայն  Կ. Պոլսում պետք է ընտրվի տեղապահ, նրա ընտրությամբ փոխանորդի պարտականությունները դադարում են, և տեղապահը մարտի 15-ից սկսած վեց ամսվա ընթացքում պետք է կազմակերպի Կ. Պոլսի պատրիարքի ընտրությունները:

«Սա բնական է, բայց եկեղեցին ունի՞ այն հարցի պատասխանը` եթե Արամ Աթեշյանը ընտրվի տեղապահ, ինչ կկատարվի. ո′չ, չունի»: Պարոն Հացպանյանի համոզմամբ` Արամ Աթեշյանի հանդեպ անվստահություն կա թե′ կրոնական դաշտում, թե′ քաղաքացիական հատվածում: Կոստանդնուպոլսի համայնքում այդ մարդը դարձել է խնդիր, խնդրահարույց անձնավորություն, նա երբևէ հաշվետու չի եղել համայնքին, կրոնական ժողովին:

Ըստ նրա` Կ. Պոլսի հայ համայնքը սպասում էր, որ Արամ Աթեշյանը պետք է Հայաստանում հրաժարական տար և հայտներ, որ ինքը տեղապահի թեկնածություն չի դնում. «Արամը Անկարայի դրածոն է, և ես երբևէ չէի պատկերացնի, որ Մայր Աթոռն ու Անկարան կարող են նույն  դիրքորոշումը ունենալ:  Թուրքական իշխանություններին այս ամենն ավելի ձեռնտու է, իսկ Մայր Աթոռը դրան ընդառաջ գնաց»:

Մինչև մարտի 15-ը Կոնստանդնուպոլսում պետք է ընտրվի տեղապահ: Տեղապահին ընտրում են միայն հոգևորականները, և այդ պատճառով նրան ընտրելու է
հոգևոր համագումարը, որը բաղկացած է 25 հոգուց: «Արամ Աթեշյանը այդ 25-ի հետ ինչ-որ առնչություն և նրանցից յուրաքանչյուրի վրա  լուրջ ազդելու լծակներ ունի: Շատ հավանական է, որ նա կդառանա այն տեղապահը, որը պիտի կատարի պատրիարքի ընտրություն, և հետո ինքն էլ կընտրվի պատրիարք: Եվ էլի մի ամբողջ համայնք կանգնում է կոտրած տաշտակի առաջ», -ասաց Ս. Հացպանյանը:

Ըստ բանախոսի` կա մի թեկնածու, որը համայնքի սրտով է: Նա Գերմանիայի հայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն է, որն իր ամբողջ կենսագրությամբ  իսկական հավատացյալ առաջնորդ է հանդիսանում: Նրան շատ սիրում են  համայնքում, բայց քանի որ 60-ականներին արքեպիսկոպոսը հեռացել է Կ. Պոլսից, հիմա պիտի վերադառնա և սկսի կատարել աշխատանքները:

Պարոն Հացպանյանի խոսքով` Մայր Աթոռը մինչև այսօր Աթեշյանի կատարած հանցանքներին համարժեք վերաբերմունք ցույց չի տվել. «Ամենայն Հայոց Կաթողիկոս պաշտոնը զբաղեցնող մարդը, կարծում եմ, պիտի իրոք որ հոգևոր բարոյական ոլորտում ունենա իր կեցվածքը, և ոչ թե Արամ Աթեշյանին թողնի անպատիժ: Միայն Հայաստանի առաքելական եկեղեցու կողմից  2015թ-ին սրբադասված 1.500.000 մլն հայերի հիշատակը պղծելը հերիք էր եպիսկոպոսաց դասին պատկանող մեկին եկեղեցուց հեռացնելու համար, բայց մարդը հաջողացրեց թուրքերին քծնելը և անպատիժ մնաց: Իրեն երևի թե կպատժի ու կապտակի պոլսահայ համայնքը»:

Հարցին, թե ի՞նչ է արվում հիմա նա պատասխանեց, որ պոլսահայ երիտասարդությունը մի էջ է բացել համացանցում և սկսել է ստորագրահավաք նրա դեմ, միացել են նաև մտավորականները:  «Հստակ երևում է, որ հակաարամյան մի ճակատ է ստեղծվելու, և  գնալով կմեծանա Արամ Աթեշյանին դեմ կանգնողների թիվը: Աստված չանի, բայց եթե տեղապահ ընտրվի Արամ Աթեշյանը, Պոլսում արյուն կթափվի: Եվ թող Էջմիածինն այդ ժամանակ նստի, աղոթի նրա համար, որ ինքը հիմք ստեղծեց  թափվելիք արյան համար, փոխարենը կարող էր այնպես արվել, որ սա լուծվեր խաղաղ ճանապարհով»,-այսպես եզրափակեց իր խոսքը բանախոսը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728