«Արցախի սահմանադրական հանրաքվեն, որին ավելի քան 100 միջազգային դիտորդներ են հետեւել եւ դրական գնահատականներ տվել, վայնասուն բարձրացրեց Ադրբեջանում: Այս ֆոնի վրա, երբ ամբողջ աշխարհն է խոսում այդ մասին, Սամվել Բաբայանն ասում է, թե Ղարաբաղի ժողովրդին սովորեցրել են «ցիրկի», եւ ժողովուրդը չիմանալով՝ գնացել է այդ գործողությանը»,-«Հայք» տեղեկատվական կենտրոնում այսօր անդրադառնալով Արցախի հերոս, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ փետրվարի 20-ի Արցախի հանրաքվեի շուրջ հնչեցրած գնահատականներին, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանն Արցախի հանրաքվեն «նկարչություն» էր որակել: «Շատ լավ իմանալով նրան եւ նրա անցած ճանապարհը՝ հարց եմ տալիս՝ արդյո՞ք դա հերոսին վայել արարք է: Չգիտեմ՝ ում ջրաղացին է ուզում ջուր լցնել իր այդ հարցազրույցներով, կամ ի՞նչն է ստիպել նրան, որ անձնական խնդիրներով պայմանավորված՝ նման հայտարարություններ անի»,-նկատեց Իսագուլյանը:
Ըստ նրա՝ Սամվել Բաբայանին ոչ մեկ եւ ոչինչ չէր խանգարում հանրաքվեից առաջ քարոզել, որ սահմանադրական բարեփոխումները ճիշտ քայլ չեն: «Ինչպե՞ս կարելի է ասել արտահայտություններ, որոնք կարող է օգտագործել Ադրբեջանը. ասել, որ հանրաքվեն կեղծ է եւ նկարչություն»,-հավելեց Գառնիկ Իսագուլյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև