Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուգանքների վճարման համակարգում փոփոխությունները նախընտրական քարոզարշավի շոուն է». ավտովարորդներ

Փետրվար 25,2017 18:38

«Տուգանքների վճարման համակարգում փոփոխությունները նախընտրական քարոզարշավի շոուն է» ,- այսօր` փետրվարի 25-ին, «Նոյյան տապան» մամուլի սրահում տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» մի քանի ներկայացուցիչներ և վարորդներ:

Լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ սա մի կինոթատրոն էր, որ բերել են իրենց գլխին, և  արվել է այն պատճառով, որ ծանուցման գործողությունները թերի են, քաղաքացիները ուշ են ստանում ծանուցումները կամ բացարձակ չեն ստանում:

Վարորդները ասուլիսին եկել էին մի քանի պահանջներով և բարձրաձայնեցին դրանք.

1.Կիսով չափ նվազեցնել բոլոր ակտերը,

2.  Ուղևորափոխադրող վարորդների համաներումը տրամադրել մայր գումարի հետ միասին,

3. Պետական տուրքը հանել վճարումներից,  ինչու պետք է 5.000 վճարելուց մի հատ էլ 300 դրամ տալ պետությանը,

4. Թող հայցադիմումները գրեն և քննարկվեն մեկ  դատավորի մոտ. «Երբ մարդկանց վրա գալիս են դատական ակտեր մի քանի հատ, օրինակ՝ վեց, վեց տարբեր դատավորների մոտ հայցադիմում ես ուղարկում, նախ՝ այդ մարդիկ այդքան իրավական գիտակցություն չունեն, որ էդքան հայցադիմում գրեն, թող լինի մեկ դատավոր»,- ասաց  Տ. Հովհաննիսյանը:

Անհատ վարորդների իրավունքի պաշտպան Մխիթար Օհանյանի խոսքով՝ նրանք դիմել են թե նախկին վարչապետին, թե ներկայիս վարչապետին. «Մենք բազմիցս նամակներ ենք գրել թե նախկին վարչապետին,  թե ներկայիս վարչապետին` խնդրանքով, որ համաներում տրվի բոլոր գրված ակտերին, բայց չգիտես ինչու, մեզ` խնդիրը բարձրացնողներին անտեսելով, մեզ հուզող հարցերը քննարկում են ուրիշ կազմակերպությունների հետ: Ես անգամ խնդրել եմ վարչապետին մեզ ընդունել և քննարկել այս հարցը, բայց ոչ մի արձագանք չեղավ, նույնիսկ մենք նամակի պատասխան չստացանք»:

Հարցին, թե արդյոք նրանք հավանություն են տալիս նրան, որ տույժերը նվազելու են՝ «Ավտովարորդների լիգայի» անդամ Արտյոմ Սարգսյանը պատասխանեց, որ որոշումը ապագայի համար ողջունելի է. «Ասենք, եթե վարորդը ստացել է տուգանք , անկախ վճարելու ժամկետից տոկոս չի գալու, տույժը չի ավելանալու, բայց այստեղ հարցը անցյալի մասին է, որ նույն վարորդը անցյալում ունի տուգանքներ, մայր գումարը հիմա օրինակ 100.000 –ի փոխարեն դարձել է 1.000.000. դրա մասին պետք է մտածել»:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի»   նախագահ Տ. Հովհաննիսյանի խոսքով՝ նրանք պատրաստվում ենք քարոզարշավի ժամանակ այս խնդիրներ բարձրաձայնել  և ներկայացնել  Սերժ Սարգսյանին, իսկ բողոքի ակցիաները շատանալու և ուժեղանալու են:

Aravot. am-ն այս մասին զրուցեց նաև մի քանի քաղաքացիների և այլ  վարորդների հետ, որոնց հիմնական դժգոհությունը այն էր, որ տուգանքները բարձր են  և մինիմալ գինը գոնե պետք է լինի 1.000 դրամ, այլ ոչ թե 5.000: Մի քաղաքացի էլ ասաց, որ ձյան պատճառով կարմիր գծերը, հոծ գծերը փակվել են և շատ վարորդներ դրա պատճառով են տուգանվել, բայց ողջունելի է կատարվելիք փոփոխությունը, և լավ կլինի, եթե այն իրականացվի:

Մենք այս մասին զրուցեցինք նաև ճանապարհային ոստիկանների հետ, որոնք հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին և խնդրեցին դիմել ՀՀ ոստիկանության լրատվության բաժին: Տեղեկացնում ենք, որ Aravot.am-ը հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն: Պատասխանը ստանալուն պես այն կհրապարակվի:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728