Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը կուսակցությունների առաջնորդներին հրապարակային քննարկման է կանչում՝ ԼՂՀ հարցով

Փետրվար 25,2017 16:56

«Մենք երեքով ժողովրդավարներ ենք մեր էությամբ, կրողներն ենք ժողովրդավարական արժեքների»,- այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովում խոսելով իր, Սեյրան Օհանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին՝ հայտարարեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը տեսաուղերձով հանդես եկավ: Նա հաջողություն մաղթեց եւ վստահեցրեց, որ ապրիլի 2-ին իրենք վերջապես հաղթելու են:

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ հիմա շրջադարձային պահ է, կամ կգիտակցենք մեր առջեւ ծառացած մարտահրավերների խորությունը, իրավիճակի լրջությունը եւ համատեղ ջանքերով կփոխենք առկա համակարգը՝ ապահովելով մեր անվտանգությունն ու զարգացումը, կամ կկանգնենք իրական աղետի առաջ: Օհանյանը վստահեցրեց, որ ինքը պաշտոնակռիվ չի անում. «Ինձ անձամբ առաջարկվել են տարբեր պաշտոններ, որոնցից ես հրաժարվել եմ: Իմ կյանքի ամենաբարձր եւ ամենապատվաբեր պաշտոնը դեռեւս 25 տարի առաջ առաջին գծում մարտնչելն էր»:

Նա ասաց, որ հետագայում էլ իր դաշտային զինվորական համազգեստը այլ պաշտոններ զբաղեցնելիս չի հանել, միշտ կանգնած է եղել զինվորի, սպայի, գյուղացու կողքին: Նա խոստացավ, որ սպային վայել արժանապատիվ կեցվածքով կշարունակի ծառայել ՀՀ-ի բարօրությանը, Արցախին:

Սեյրան Օհանյանը խոսեց իր եւ իշխանության հարաբերությունների մասին՝ ասելով. «Գործող իշխանության կազմում ներգրաված որեւէ գործչի հետ, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, դիրքից, որեւէ անձնական խնդիր չունեմ…ես ճանապարհ եմ անցել նրանց հետ, ոմանց հետ նաեւ տարաձայնություններ ենք ունեցել մեր գործունեության մեջ, ինչը ես բնական եմ համարում: Սակայն այսօր ես ինձ չեմ տեսնում գործող իշխանական համակարգում, քանի որ առկա մարտահրավերներին դիմակայելու մեր մոտեցումները տարբեր են: Մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական վերնախավ, նոր մտածելակերպ, նոր արտաքին, ներքին, տնտեսական քաղաքականություն, նոր մթնոլորտ մեր ժողովրդի մեջ»:

Նա ասաց, որ կառավարման ոլորտում իր եւ իր գործընկերների գիտելիքները շատ օգտակար կարող են լինել այսօրվա խնդիրների լուծման համար:

Օհանյանն անդրադարձավ նաեւ «Հայկական վերածննդի» այն խոստմանը, որ 18 տարեկաններին պետք է հեռու պահել առաջնագծից: Սեյրան Օհանյանի խոսքերով՝ պոպուլիստական հայտարարություններով դա չես կարող անել. «Ես գիտեմ ինչպես եւ ինչ ժամկետում դա կարող ենք անել»: Սեյրան Օհանյանն ասաց, թե բանակի հարցում իրենք ինչ են առաջարկում՝ խոստանալով, որ առաջիկա երեք տարիներին պայմանագրային զինծառայողների թիվը պետք է ավելացնեն՝ միջին աշխատավարձը հասցնելով 240 հազար դրամի. «Բացի դրանից, նաեւ սպայական կազմի` առանց հավելումների միջին աշխատավարձը հասցնելու ենք 480 հազար դրամի: Այս ամենը 50 մլրդ դրամ կնստի բյուջեի վրա, որի միջոցով կարեւոր խնդիրներ կլուծենք»:

Նա ասաց, որ բազմիցս ԱԺ-ին է ներկայացրել զինծառայողների, հատկապես՝ պահեստայիններին բնակարանով ապահովելու խնդիրը՝ հատուկ կարեւորելով զոհված եւ հաշմանդամ դարձած մարտական ընկերների դրամական փոխհատուցումների հարցը: Այդ հարցը չի լուծվել: Ես այսօր հայտարարում եմ՝ կարճ ժամանակահատվածում լուծում ենք տալու այդ հարցին»:

ԼՂՀ խնդրի մասին Սեյրան Օհանյանն ասաց, որ բոլոր կուսակցությունների առաջնորդներին հրապարակային քննարկման կոչ է անում: Նա ասաց, որ բոլորը գիտեն՝ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները ապրել եւ ապրելու են կողք կողքի, նրանք խաղաղություն են ուզում, բայց մեր տարածաշրջանում այդ խաղաղությունը եւ հանդուրժողականության խնդիրը լուծելու համար պետք է  Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ պահպանել անվտանգության բալանսը, երկու ժողովուրդների միջեւ խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը, փոխվստահության մթնոլորտ ձեւավորել, դրա բացակայությունը խաթարում է բանակցային գործընթացը, ինչը ցույց տվեց ապրիլյան պատերազմը. «Խնդրի կարգավորման արդյունքում չպետք է լինեն հաղթողներ եւ պարտվողներ կամ միակողմանի լուծումներ: Նման լուծման արդյունքում երկարատեւ խաղաղություն չենք կարող հաստատել»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ կարգավորման հարցում կարեւոր դեր ունեն Մոսկվան Վաշինգտոնն ու Փարիզը, բայց վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը: Արցախն արդեն ինքնորոշված է: Խնդրի լուծման հիմքում պետք է լինի Արցախի ինքնորոշման 25-ամյա իրողությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728