Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է գտնվում Ադրբեջանի կողմից հետախուզվող եվրոպացի պատգամավորը

Փետրվար 25,2017 16:00

Ֆրանկ Էնգելն անելու է ամեն ինչ, որպեսզի խզվեն պաշտոնական Բաքվի հետ դիվանագիտական հարաբերությունները

Եվրախորհրդարանի այն պատգամավորները, որոնք այցելել էին Արցախ` հանրաքվեի դիտորդական առաքելությամբ, այժմ գտնվում են ազատության մեջ: «Առավոտի» հետ զրույցում նրանցից մեկը` Ֆրանկ Էնգելը, հայտնեց, որ ինքը գտնվում է Բրյուսելում` իր աշխատանքն է կատարում Եվրախորհրդարանում:

Մինչդեռ հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, թե իբր այդ անձինք կալանավորված են. «Նշված անձանց` Լյուքսեմբուրգի քաղաքացի Ֆրանկ Էնգելի, Կիպրոսի քաղաքացի Էլենի Տեոխարուսի եւ Չեխիայի քաղաքացի Յարոմիր Շտետինայի նկատմամբ, որոնք մեղադրվում են Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, համապատասխան հայց է ուղարկվել Ինտերպոլին՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու խնդրանքով»:

Ադրբեջանն այս քայլին դիմել է միայն այն պատճառով, որ այս անձինք որպես դիտորդ ներկա են գտնվել Արցախում անցկացվող սահմանադրական հանրաքվեին եւ ԶԼՄ-ների հետ զրույցներում Լեռնային Ղարաբաղը հայտարարել են որպես անկախ պետություն:
Մեզ հետ զրույցում պարոն Էնգելը վստահեցրեց, որ Ադրբեջանը նման գործեր հարուցելու իրավունք չունի. «Ադրբեջանը չունի նաեւ միջազգային հետախուզում հայտարարելու իրավունք: Դա կարող են անել միայն միջազգային մարմինները, սակայն ակնհայտ է, որ այս պարագայում նրանք դրա ցանկությունը չունեն: Եթե Ադրբեջանը ցանկանում է ինձ ազատազրկել, շատ լավ, սա ցույց է տալիս այն, որ եթե նախկինում Ադրբեջանը մարդկանց ներառում էր սեւ ցուցակում, ապա հիմա միայն դրանով չի բավարարվում, ցանկանում է ձերբակալել որոշ անձանց, որոնց շարքը գլխավորում են խորհրդարանականները: Բաքվի ավազակապետական ռեժիմը եւս մեկ անգամ ապացուցում է, որ եթե նրանք չեն կարողանում մեկին կաշառել, սկսում են սպառնալիքներ կիրառել»: Խորհրդարանականը հայտնեց, որ իրենք այս պահին գնահատում են իրավիճակն ու առաջիկայում անպայման կարձագանքեն:

Մեր այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ միջազգային հետախուզման տակ գտնվելն իր գործունեության վրա, պարոն Էնգելը պատասխանեց. «Չկա միջազգային հետախուզում: Ես հեռու կմնամ այնպիսի երկրներից, ինչպիսին Բելառուսն է, որպեսզի Լապշինի ճակատագրին չարժանանամ, եւ կփորձեմ հասկանալ ու պարզել այն երկրները, որոնք ցանկանում են սպասարկել Ադրբեջանին ինձ եւ ինձ նմաններին լռեցնելու հարցում»: Մեր այն հստակեցումներին, թե այժմ Ֆրանկ Էնգելն ինչով է զբաղված եւ որտեղ է գտնվում, պատգամավորը պատասխանեց. «Ես Բրյուսելում եմ եւ իմ աշխատանքն եմ կատարում Եվրախորհրդարանում: Իհարկե, ես այժմ կալանավորված չեմ: Ո՞վ կարող է Ադրբեջանից բացի՝ ինձ կալանավորել»:

Հարցին` ի՞նչ քայլեր են ձեռնարկելու պաշտոնական Բաքվի նման պահվածքից եւ հայտարարություններից հետո, Եվրախորհրդարանի պատգամավորը պատասխանեց. «Մենք կգտնենք ճանապարհներ Բաքվի այս անիմաստ, հիմար պահվածքին հակազդելու համար»: Եվրախորհրդարանի պատգամավորը հակված է անգամ սուր քայլերի դիմել. «Ես ինքս անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները խզվեն եւ պատժամիջոցներ կիրառվեն: Ադրբեջանը հասել է Հյուսիսային Կորեայի մակարդակի, եւ այդ երկրի հետ պետք է վարվել այնպես, ինչպես Հյուսիսային Կորեայի հետ, այլ ոչ թե դիտարկել որպես գործընկեր երկիր»:
Զրույցի ավարտին հետաքրքրվեցինք` համամի՞տ է այն դիտարկումներին, թե Ադրբեջանը նման քայլերի է դիմում, որպեսզի ստեղծի այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ խուսափեն եւ վախենան Արցախ այցելել, Ֆրանկ Էնգելը պատասխանեց. «Անշուշտ, Ադրբեջանն այսպիսով փորձում է լռեցնել Արցախին, եւ այս գործողությունները մարդկանց` Արցախ այցելելուց հետ պահելու մի միջոց են: Այդ մեթոդը չի աշխատի. ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ վերադառնալու Արցախ»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

24,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728