Գագիկ Մակարյանը կարծում է, որ եթե բանկերին կաշկանդում ես,
նա իրական տնտեսական վիճակին չի կարողանում արձագանքել
Անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով իջեցրեց:
Սա իր դրական անդրադարձը պետք է ունենար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների առումով: Այսինքն` առեւտրային բանկերը կարող էին շուկային ավելի էժան վարկավորում անել: Մոտ հինգ ամիս անց, սակայն, կարող ենք փաստել, որ էժան վարկերի առումով որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել: Կան բանկեր, որ որոշ վարկատեսակներով տոկոսադրույքի չնչին իջեցում արել են, սակայն ընդհանուր առմամբ շուկայում գործում են նույն վարկային տոկոսները, ինչ մինչ ԿԲ որոշումն էր:
«Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, սակայն, կարծում է, որ ոչ թե տոկոսները չեն իջել, այլ պարզապես տոկոսադրույքի իջեցումը համընկավ տնտեսության համար պասիվ ժամանակաշրջանի` ձմռան հետ, երբ բիզնեսի տեսանկյունից վատ ժամանակ է, եւ ճանապարհներ չեն կառուցվում, հանքեր չեն շահագործվում, շինարարությունն էլ կանգնած է:
«Երբ տնտեսությունը սկսի շունչ քաշել, պետք է վարկերի կարիք ունենա, այսինքն` վարկերի պահանջարկը նոր է սկսվելու, եւ պատճառն այդ է, որ առայժմ աշխուժություն շատ չկա»,- ասաց պարոն Մակարյանը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը մեկ այլ՝ կարեւոր խնդիր էլ բարձրացրեց, որն, ըստ նրա, խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի բանկերն ավելի անկաշկանդ գործեն:
Պարոն Մակարյանի խոսքով՝ Կենտրոնական բանկը պետք է բանկերի հանդեպ իր լծակները թուլացնի. «Հարցը միայն տոկոսադրույքը նվազեցնելը չի, այլ նաեւ այն, թե բանկերը, որոնք վարկեր են վերցնում, վարկեր են տրամադրում, ուզում են վերաձեւակերպումներ կատարել, իրենց կորուստները գնահատեն, դուրս բերեն` դրանք կապակցված են: Կենտրոնական բանկն իր ապրանքներով, որոշումներով բանկերին շատ կաշկանդել է, այսինքն` այդ կաշկանդանքի կապանքները պետք է թուլացնի, որպեսզի բանկերն ավելի ազատ աշխատեն: Վերջին հաշվով, բանկը տնտեսվարող սուբյեկտ է, ինքը պետք է շուկային համահունչ վերաբերմունք ունենա: Բայց եթե բանկերին կաշկանդում ես, նա իրական տնտեսական վիճակին չի կարողանում արձագանքել, որովհետեւ ինքը կաշկանդված է մնում»:
Գագիկ Մակարյանի տվյալներով՝ այսօր բանկերում մոտ 700 միլիոն դոլարի անշարժ գույք կա` «մեռած վիճակում», որն, ըստ պարոն Մակարյանի, չեն կարողանում իրացնել. «Այսինքն` բանկերը շատ ռիսկային վիճակում են հայտնվել, բայց պատճառը Կենտրոնական բանկի ոչ ճկուն քաղաքականությունն է»:
Մեր հարցին, թե ԿԲ-ն ինչո՞ւ է այդքան շատ ձգել բանկերի, այսպես ասած, փողկապը, մտավախություն ունի, որ դրանցով փողերի լվացո՞ւմ տեղի կունենա, եւ իր այդ քայլով ավելի վերահսկելի՞ է դարձնում ոլորտը, պարոն Մակարյանը պատասխանեց. «Այո, նաեւ վերահսկելի դարձնելու համար»:
Մեր զրուցակիցը չի կիսում այն տեսակետը, թե բանկային համակարգը մեր երկրում ամենակայունն է. «Դա սխալ կարծիք է, բանկային համակարգն այսօր լուրջ հիվանդ է, եւ այդ հիվանդությունը մի օր իրեն կխորտակի: Որովհետեւ այդ անշարժ գույքի թիվը կհասնի մեկ միլիարդ դոլարի, եւ բանկերը պարզապես չեն դիմանա»:
Նա նաեւ մտահոգվում է, որ հայաստանյան բանկերը, որոնց մի մասը նաեւ ոչ հայկական ծագում ունեն, ԿԲ-ի սահմանած «կապանքների» պատճառով չեն կարողանում միջազգային ասպարեզ դուրս գալ. «Իրավիճակն այնպիսին է դարձել, որ իրենք իրենց այդ միջազգային իրավունքը, կապերը կամ հնարավորությունները չեն կարողանում օգտագործել: Կենտրոնական բանկի որոշ կաշկանդվածության պատճառով»:
Մեկ այլ խնդիր էլ Գագիկ Մակարյանը ԿԲ-ի դրամ-դոլար-եվրո արժեւորման կամ արժեզրկման գործընթացներով է պայմանավորում, որն, ըստ նրա, ոչ միշտ է տրամաբանորեն տեղի ունենում. «Իմ կարծիքով՝ որոշակի շահերի բախման տակ են դա անում: Կարող է դրանով որոշակի եկամուտներ են ձեռք բերում, կամ այնպիսի ժամանակներում են, որը բխում է խոշոր ներդրողի շահերից: Այսինքն` կուրսն արհեստականորեն իջեցնում են, որ նա առնի, հետո նորից թանկացնում են եւ այլն: Իսկ դրանք ոչ հաճելի «սյուրպրիզներ» են նաեւ բանկերի համար, որովհետեւ Կենտրոնական բանկը ինքը կարող է բանակցել, մտնել այդ շահերի բախման գործարքի մեջ, եւ մյուս բանկերը հնազանդ այդ ռիթմը կատարում են»:
Այդ ճանապարհով եկամուտներ ապահովելով, Գագիկ Մակարյանի խոսքով, ԿԲ-ն որոշեց հսկայական շենք-շինություններով Դիլիջանի կենտրոնը կառուցել, որի համար մոտ 250-300 միլիոն դոլար ծախսեց: Սակայն նախկին ԿԲ ղեկավար, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի երազանքը` տարածաշրջանում ֆինանսական կենտրոն դառնալու, այդպես էլ չիրականացավ. «Այդ գումարով կարելի էր նվազագույնը մի 400 ձեռնարկություն ստեղծել, որն այսօր Հայաստանի տնտեսությունը երկու անգամ կարող էր զարգացնել: Նույն կերպ ՊԵԿ-ը վարվեց. իր եկամուտներից ստեղծեց մի կառույց` Դիլիջանի ուսումնական կենտրոնը, որն էլի մի քանի տասնյակ միլիոն դոլար արժեր: Այսինքն` մենք ծախսեր ենք կատարել, որը տնտեսությանը համահունչ չէր: Օրինակ՝ ԿԲ-ն, տեսնելով, որ տնտեսությունն այդքան կաղող վիճակում է, եթե նույնիսկ ինքն այդ ռեսուրսն ուներ, թող պարտքով այդ փողը տար կառավարությանը կամ բանկերին, որպեսզի տնտեսությունը վարկավորեին, այլ ոչ թե հաճախ այսպիսի քայլերի շնորհիվ իրենք եկամուտներ են աշխատում, հետո ասում են` սա մեր փողն է, եւ այդ փողով գնում են Դիլիջանում ապարանք կառուցում կամ քաղաք սարքում»:
Ըստ Գագիկ Մակարյանի՝ այն տարիներին, երբ ՊԵԿ-ը կառուցեց Դիլիջանի ուսումնական կենտրոնը, համակարգը խիստ կոռումպացված էր, եւ կադրերին ոչ թե պետք է թրեյնինգով փոխեին, այլ ուղղակի ազատելով. «Հետեւաբար նման կենտրոն կառուցելու նպատակը ո՞րն էր: Այսինքն` դու ստեղծել ես մի բան, որը ոչ թե հիմիկվա համար է, այլ կարող է 100 տարի հետո պետք գալ՝ երբ դու ունենաս այնպիսի ցիվիլ, ազատական, դեմոկրատական տնտեսական միջավայր, այդպիսի արժեքավոր կադրերի համար արժեքավոր կենտրոն ունենաս, որ նրանց պատրաստես»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ Կենտրոնական բանկին պետությունն իր ենթակառուցվածքներով` Ազգային ժողովով, կառավարությունով, պետք է նաեւ հետեւի. «Եթե ինչ-որ պետական մարմիններ իրենց տարբեր ուղիներով կարողանում են եկամուտներ հայթայթել, դա չի նշանակում, որ այդ բոլոր եկամուտների տերը նրանք պետք է լինեն եւ կատարեն այնպիսի ծախսեր, որոնք միայն «վուլգար» են հնչում մեր իրավիճակի համար»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
24,02.2017